Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ շարժման ընթացքում մարդկանց արգելել եմ գոռալու «թուրք Նիկոլ», «դավաճան Նիկոլ». Բագրատ սրբազան

Հունիս 19,2024 18:40

«Ժողովրդին ասելու են՝ այ էս գործընթացին որ համաձայնվեցիք, ազատ ելումուտ եք անելու վիզա եք ստանալու՝ Եվրոպա գնալ-գալու համար: Այսպես խաբելու են: Դրա քողի ներքո փորձելու են իրականացնել Սահմանադրության փոփոխություն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Հարցին՝ իշխանականներն ասում են, որ ՀՀ սահմանը 29.743 քկմ է, որքա՞ն է ըստ ձեզ ՀՀ սահմանը, Բագրատ սրբազանը պատասխանեց. «ՀՀ այս սահմանները ձեւավորվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ես այդ իրավական դաշտը չեմ մտնելու, գնալու եմ Մովսես Խորենացի, ասում է՝ քաջերի սահմանն այնտեղ է, որքան իրենց կարողությունն է: Դասական օրինակն է՝ այնտեղ է ՀՀ սահմանը, որտեղ հայ զինվորը կանգնած է: Որտե՞ղ էին սահմանները 2018-ին, 2020-ին, հիմա՞ որտեղ են, վաղը որտե՞ղ են լինելու»:

Civic.am-ի լրագրողը հետաքրքրվեց՝ դուք խոսում եք արժեքներից, ինչի՞ առաջինը ֆինանսական թափանցիկություն չեք ապահովում, բեմահարթակի գումարները որտեղի՞ց, նաեւ ձայնագրությունից պարզվեց, որ հանրահավաքների, ցույցերի մարդկանց բերում են՝ գումարներ բաժանելով, փողերը անհավասար են բաշխվում, այդ ո՞ր արժեքների մեջ է մտնում, բացի այդ, ատելության խոսք է տարածվում ձեր տելեգրամյան ալիքներից, ֆեյսբուքյան էջում, Դանիել Իոաննիսյանի նկարն է դրվել 30 արծաթով ու թուրքական դրոշով, լրագրողներ են թիրախավորել, դա՞ է հաշտության ձեր ճանապարհը:

Բագրատ սրբազանը պատասխանեց. «Ի՞մ էջում: Ֆինանսական մասով ասեմ՝ ես բացարձակ պատասխանատվություն չունեմ, ոչ էլ գիտեմ, յուրաքանչյուր մարդ, կազմակերպություն մասնակցում է իր գումարով, որեւէ մեկին չեմ կարող ասել՝ ինչքան ծախսեցիք: Բեմահարթակի մասով դիմեք համապատասխան մարդկանց, կասեն՝ որ կազմակերպությունն է, ինչքան է ծախսել: Ես չգիտեմ, մենք կենտրոնացված ֆինանսական մուտքեր չունենք: Դուք անմեղության կանխավարկած եք խախտում, ասում եք, փողերը անհավասար բաժանել եք: Էդ բոլոր ձայնագրությունները կստուգվեն դատական կարգով, մեղադրվողները կմեղադրվեն, էդ ձեր խնդիրը չի: Կպարզվի ինչ է եղել, կանխակալ կարծիք ունենալիս կխնդրեմ զգուշանալ»:

Ինչ վերաբերում է հաշտությանը, նա ասաց, որ դա չի բացառում արդարադատությունն ու արդարությունը. «Դուք տեսե՞լ եք էն ատելությունը, որ լցրել են մեր գլխին, հնարավոր ու անհնար ամեն ինչ ասել են, ընդհուպ մինչեւ իմ՝ երկու որդի ունենալը՝ բանակից ազատված լինելու հանգամանքով: Ամենաահռելի ու սարսափելի ատելությունը լցրել են մեր գլխին: Հասել ենք այնտեղ, որ իրենք պետք է խրատվեն, մարդը պետք է խրատվի, երբեմն ապտակ ստանա դրա համար՝ բարոյական իմաստով: Իր ասածներին մարդը պետք է պատասխանատու լինի: Դուք ընդամենը մեկ լրագրողի մասին ասեցիք, որը երեկ գիշեր եմ իմացել, մարդիկ ոչ թե լրագրողին են դատապարտում, այլ իր սուտը՝ քարոզչությունը: Իշխանական թեւից մեկը խոսե՞ց Աբրահամ Գասպարյանին ծեծուջարդ անելու համար: Հաշտությունը միշտ կա, հաշտությունը զղջումով է լինում՝ ապաշխարությամբ: Բացարձակ խնդիր չկա ինձ համար զղջալու, ապաշխարելու, ներողություն խնդրելու: Ես էս ամբողջ շարժման ընթացքում մարդկանց արգելել եմ գոռալու «թուրք Նիկոլ», «դավաճան  Նիկոլ»: Ինձնից նեղացել են մարդիկ, բայց ասել եմ՝ մերը չի դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930