Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ոչ պրոֆեսիոնալ»․ Արաքս Մելքոնյան

Հունիս 19,2024 18:06

«Գտնում եմ, որ բոլոր նռնակները ոչ իրավաչափ են կիրառվել, քանի որ դրանք անհամաչափ են կիրառվել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության գործողություններին։

Նա փաստեց՝ լուսաձայնային նռնակների կիրառումն առաջացնում է լսողության, տեսողության խնդիրներ, պայթյունը կարող է վնասել ցանցաթաղանթը, այն առաջ է բերում վնասվածքներ և այրվածքներ․ «Ունեմ վստահորդներ, որոնք Սարի թաղում ստացել են վերը նշված բոլոր վնասվածքները, և դրա համար է նաև, որ միջազգային չափանիշներն արգելում են լուսաձայնային նռնակների ուղիղ կիրառումը մարդկանց վրա։ Խաղաղ է հավաքը, թե՝ ոչ, խիտ հավաքի նկատմամբ նման նռնակների կիրառումն անհամաչափ է և հետևաբար ոչ իրավաչափ»։

Արաքս Մելքոնյանը վստահեցրեց՝ տարածքում է եղել․ հավաքն ի սկզբանե խաղաղ էր․ «Հետո հրմշտոց տեղի ունեցավ․ պետք է պարզել՝ ինչ հանգամանքներում եղավ պարիսպների կոտրելը, շշեր շպրտելը և ոստիկանության և հակառակ ուղղությամբ։ Արդար, լավ քննության շրջանակում գնահատական պիտի տրվի»։

Ըստ Արաքս Մելքոնյանի՝ ոստիկանությունը պետք է հիմնավորի իր գործադրած ուժը․ «Բայց չի հիմնավորում։ Լուսաձայնային նռնակներ կիրառել մարդկանց հոծ բազմության մեջ ուղիղ նրանց նկատմամբ անհամաչափ է և հետևաբար ոչ իրավաչափ»։

ԱԺ ամբիոնից հնչած հայտարարությունների մասին, որոնցով հոկտեմբերի 27-ի հետ էին համեմատում իրավիճակը, Արաքս Մելքոնյանն ասաց․ «Պետք է ելակետային տվյալները համապատասխանեին․ խոսողները նման փաստարկ չեն ներկայացրել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությանը՝ Արաքս Մելքոնյանն ասաց․ «Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, որ ոչ պրոֆեսիոնալ։ Ոստիկանության ցայտնոտի հետևանք էր, քանի որ կառավարել հավաքը պետք է կարողանալ։ Մեր դիտարկմամբ՝ վերջին բոլոր տարիներին ոստիկանությունը չի կարողանում պատշաճ հաղորդակցություն տանել հավաքի մասնակիցների հետ։ Եվ ասել, որ իրավաչափ էր առաջին հինգ, վերջին հինգ նռնակները, մնացածը, ես սա խնդրահարույց եմ գնահատում։ Սա նաև ոստիկանության նկատմամբ վերահսկողության հարց է։ Պետք է ոստիկանությունից, ով ունի իրավասություն ուժի գործադրման հնարավորություն, չպետք է չարաշահի ոստիկանության կողմից այդ իրավասությունը։ Նրանք պետք է հիմնավորեն, որ այս իրավիճակում անփոխարինելի էր հատուկ միջոցի կիրառումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930