«Բաղրամյան պողոտայում ընդհանուր գծերով նման իրադրություն էր, երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր անցնել փշալարերի վրայով և գնալ ԱԺ, հայտարարում էր, որ գնում էր աշխատանքի և կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն իր առանձնասենյակում հանդիպելու»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի համեմատություն արեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին իրադարձություններին։
Նա նշեց՝ երբ հունիսի 12-ի դեպքերի ժամանակ բախումը, ընդհանուր լարվածությունը սկսվեց այն ժամանակ, երբ մի քանի ընդդիմադիր պատգամավոր նույն բանը անելով, գնացին ոստիկանական պատի մոտ և հայտարարեցին, որ խնդրում են թույլատրել միայն իրենց անցնել Դեմիրճյան փողոցով, որ գնան աշխատանքի, դա չթույլատրվեց։
Այնուհետև փաստաբանը պատմեց․ «Ես ժամը 17։30-ին, երբ առաջին հրմշտոցը սկսվեց, նկատել էի, որ կա թերի կազմակերպում ոստիկանության կողմից և հավաքի կազմակերպիչների կողմից։ Հավաքի կազմակերպիչներն այդպես էլ ականջալուր չեն լինում և հավաքում չեն ներդնում կարգադրիչների ինստիտուտը։ Մեր կարծիքով՝ բավականին արդյունավետ է դա․ նրանք կարող են կառավարել հավաքը, հայտնաբերել սադրիչներին և համագործակցել ոստիկանության հետ։ Այդ ժամանակ Արամ Հովհաննիսյանին խնդրել եմ, որ նա իր կողմից ոստիկանական զորքերին խնդրի մի պահ լարվածությունը թուլացնել․ մարդիկ հրմշտոցից փորձում էին հետ վազել։ Հանուն արդարության նշենք, որ Արամ Հովհաննիսյանն ականջալուր եղավ իմ խնդրանքին, խնդրեց, որ հավաքի կազմակերպիչները մասնակիցներին խնդրեն հետ գնալ, ու այդ լարվածությունը այդ գործողության շնորհիվ է նվազել։ Ոստիկանության պետի՝ այնտեղ գտնվելը արդյունավետ էր․ լավ էր, որ նա առաջնագծում էր»։
Վարազդատ Հարությունյանն ասաց՝ թեև նշվում է, որ քննություն պիտի լինի ու պարզվի, որ Սիրահարների այգում այդ բախումն ինչու տեղի ունեցավ, բայց բազմաթիվ նկարահանումներից և տեսաձայնագրություններից կարելի է եզրակացնել, որ Սիրահարների այգի ցուցարարների մուտքը և Դեմիրճյան փողոցի հատվածում Սիրահարների այգու դարպասները բացվելը, կարմիր բերետավորների ներխուժումը համընթաց է եղել․ «Անհայտ հանգամանքներում Սիրահարների այգու դարպասները բացվում են և այդ՝ լարվածություն առաջացնող ստորաբաժանումը՝ կարմիր բերետավորները, ներխուժում են այգի։ Կարմիր բերետավորների ներկայությունը, նրանց առկայությունը հավաքների վայրում ավելորդ, չհիմնավորված լարվածություն է ստեղծում։
Կարդացեք նաև
Տասնյակ կարմիր բերետավորներ Սիրահարների այգում մեկ հոգու ձեռքերով ու ոտքերով ծեծի էին ենթարկում։ Սա մեկն է բազմաթիվ դեպքերից։ Այս ֆոնին ոստիկանները հետ են գնում, դուրս են գալիս Սիրահարների այգուց, և միանգամից կիրառվում են լուսաձայնային նռնակները։ Դրա կիրառման բացարձակ անհրաժեշտություն չի եղել։ Դրանք կիրառելու, եթե մոտիվացիա լիներ, որ բաժանեին ցուցարարներին և ոստիկանությանը, ավելի նվազ հատուկ միջոց գոյություն ունի։ Ընդամենը պետք էր փշալարեր անցկացնել, ինչը, զարմանալի էր, թե ինչու չէր արվել, քանի որ անընդհատ ոստիկաններն ու ցուցարարները դեմք-դեմքի 20 սանտիմետրի վրա նայում էին իրար, և ինչ-որ պահի ինչ-որ մեկը ինչ-որ մեկին բան էր ասում, որի արդյունքում սկսվում էր հրմշտոցը։
Իրավապահների կողմից ուժի և հրազենի գործադրման հիմնական սկզբունքները՝ ՄԱԿ-ի կողմից մշակված վկայում են, որ նույնիսկ բռնի ամբոխի նկատմամբ անդադար և շատ կիրառվող հրազենը որևէ կերպ չի կարող լինել արդարացված՝ բռնի ամբոխին ցրելու տեսակետից։
Առաջին նռնակը պայթելուց հետո շանս չի տրվել այդ մարդկանց, որ գոնե հեռանան։ Միանգամից նույն վայրում մի քանի հատ են այդ նռնակներից պայթել։ Ունենք տեսաձայնագրություն, երբ շշեր են նետվում նաև ոստիկանության կողմից։ 101 վիրավոր կա՝ ոստիկանությունն էլ մեջը։ Այդ վիրավորված քաղաքացիներից չկա մեկը, որն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Այսինքն՝ չկա մեկը, որի վերաբերյալ կա իր կողմից կատարված բռնի գործողությունների փաստ․ տուժել են խաղաղ հավաքի մասնակիցները։ Ոստիկանությունն անմիջականորեն ծագած կասկածի հիմքով 28 քաղաքացու ձերբակալում է, ու պարզվում է, որ 28-ից զրոն է ինչ որ բան արել»։
Փաստաբանը նաև նշեց, որ չեն ապահովել համապատասխան թվով շտապօգնության մեքենաներ․ «Ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու առաջին հայտարարությունը եղել է ժամը 17։30-ին։ 2 տասնյակից ավել նռնակներ են կիրառում՝ հայտարարությունից երկու ժամ հետո ու չեն ապահովում շտապօգնության մեքենա։ Շտապօգնության մեքենան մեկն է եղել, բայց կիրառել են 20-ից ավել նռնակ՝ առանց ենթադրելու, որ մեկ շտապօգնության մեքենան բոլորին չի կարող սպասարկել։
Մարդկանց բախտը բերեց, որ բժշկական կրթություն ունեցող մարդիկ կային, որ ով ում կարողանում, բուժօգնություն էր ցուցաբերում, մինչև կգային շտապօգնության մեքենաները։
Կամ ոստիկանության աշխատողը վերցնում է բարձրախոսը, որը այդ պարագայում ցածրախոս էր, ուզում էր հայտարարել ինչ-որ բան, ու նույն ժամանակ կողքի կանգնած վահանավոր ոստիկանները սկսում են խփել վահաններին։ Ոստիկանության ո՞ր հանճարեղ հրամանատարի մտքով է անցել կազմակերպել ոստիկանության՝ այդպիսի կարևորության օպերացիան այդպիսի անշնորհք ձևով։ Այդ կադրերը կհրապարակեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի