Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվել է արդեն կիրառված նռնակից վիրավորում ստացած ու գետին ընկած քաղաքացիների և նրանց օգնության հասնողների ուղղությամբ. հայտարարություն

Հունիս 19,2024 17:00

Հայտարարություն 2024 թ հունիսի 12-ի դեպքերի մասին

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս խորը անհանգստություն ենք հայտնում 2024 թ. հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարար քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման առթիվ, որի արդյունքում շուրջ 100 հոգի ստացան մարմնական վնասվածքներ:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, վերլուծելով բախմանը նախորդած ժամանակահատվածում ցույցերը կազմակերպած գործիչների հռետորաբանությունը, գործողությունները, ելույթները և կոչերը, ինչպես նաև բախման տեսագրություններն ու առկա օբյեկտիվ այլ տվյալները, արձանագրում ենք՝

  • Ոստիկանությունը, ընդհանուր առմամբ կատարելով իր օրինական գործառույթները, մի շարք դրվագներում պատշաճ մասնագիտական հմտություն չի դրսևորել: Մասնավորաբար, Ազգային ժողովի շենքի պաշտպանության համար կենդանի պատնեշ կամ շղթա չի կազմել Սիրահարների այգու թևում, ինչը թույլ է տվել ցուցարարների մի մասին այգի մուտք գործել և խարխլել ոստիկանական պաշտպանությունը, որին հետևել է ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառումը: Նման սցենարից խուսափելու համար ոստիկանությունը կարող էր ուժեղացնել պասիվ պաշտպանությունը Սիրահարների այգու թևում (այդ թվում՝ փշալարերով):
  • Ստեղծված իրավիճակում հիմնավոր և անհրաժեշտ են եղել Սիրահարների այգում առաջին երեք նռնակների և Դեմիրճյան փողոցում մի քանի լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնցից հետո ցուցարարների ագրեսիան կտրուկ նվազել է: Դրանից հետո առանձին ագրեսիվ ցուցարարներին կարելի էր մեկուսացնել՝ առանց լայն խոցում ապահովող հատուկ միջոցների կիրառման, այնինչ ոստիկանությունը շարունակել է կիրառել լուսաձայնային նռնակներ:
  • Մյուս շուրջ 20 նռնակները փաստացի կիրառվել են գերակշռապես նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: Արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվել է արդեն կիրառված նռնակից վիրավորում ստացած ու գետին ընկած քաղաքացիների և նրանց օգնության հասնողների ուղղությամբ:
  • Լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել կիրառելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ: Հետևապես, ցուցարարների նման խտության պարագայում ձեռքի բեկորային լուսաձայնային նռնակի ընտրությունը՝ որպես հատուկ միջոց, լուրջ ռիսկեր է պարունակել հավաքի մասնակիցների առողջության և կյանքի համար:
  • Դաստակի էական վիրավորում ստացած քաղաքացին այն ստացել է իր ոտքերի տակ ընկած (դեռևս չպայթած) նռնակը անհասկանալի նպատակով վերցնելու հետևանքով: Անկախ քաղաքացու մտադրությունից, այդ իրավիճակը չէր ստեղծվի, եթե ոստիկանությունը հետևեր նախորդ կետում նկարագրված կարգին:
  • Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառել է անհամաչափ ֆիզիկական ուժ՝ բռնություն և ահաբեկիչ խոսք, այդ թվում՝ ոստիկանական մեքենաների մեջ դիմադրություն ցույց չտվող քաղաքացիների նկատմամբ: Այդ դրվագներում ոստիկանության առանձին աշխատակիցներ անցել են իրենց օրինական լիազորությունների սահմանները:
  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարները և խորհրդարանական ընդդիմության այլ ներկայացուցիչները իրենց ելույթներում մոտավորապես 3 ամիս զարգացնում էին ծայրահեղացող, ապա նաև բռնի գործողությունների դրդող հռետորաբանություն:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բախումներից շատ ժամանակ չանցած, գնահատականներ տվեց տեղի ունեցողի վերաբերյալ՝ համարելով ոստիկանության գործողություններն իրավաչափ, համաչափ և պրոֆեսիոնալ: Այսպիսի կանխակալ դիրքորոշումն ակնհայտորեն կարող է կաշկանդել վերոհիշյալ դեպքերի և իրադարձությունների անկողմնակալ, լիարժեք, համապարփակ և մանրակրկիտ քննությունը:
  • ՆԳՆ-ում նախաձեռնվել է մոտ 40 ծառայողական վարույթ ոստիկանության ծառայողների գործողությունների կապակցությամբ, այդուհանդերձ չկան տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք քննվում են ցուցարարների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման և քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: Երկու կողմերի գործողություններին էլ իրավական գնահատական տալը կարևոր է իրավունքի գերակայության և հնարավոր քաղաքական շահարկումներից խուսափելու համար։

Ամփոփելով՝ արձանագրում ենք, որ ոստիկանությունը չի ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար, իսկ բախումից հետո ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները, որի հետևանքով խախտվել են մի քանի տասնյակ անձանց հիմնարար իրավունքներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը.

  • ՀՀ իշխանություններից պահանջում ենք իրականացնել դեպքերի լիարժեք և առավելագույնս թափանցիկ քննություն: Մասնավորաբար՝ քննության առնել և իրավական գնահատական տալ ոստիկանության ծառայողների և ցույցի մասնակիցների գործողություններին, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների ընտրության հիմնավորվածությանը, կիրառված հատուկ միջոցների քանակի հիմնավորվածությանը, բերման ենթարկված չդիմադրող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման դեպքերին և այլ խախտումներին:
  • Կոչ ենք անում ՀՀ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին և վարչապետ Փաշինյանին ընդդիմադիրների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողություններին իրավական գնահատական չտալ և չխոչընդոտել ցուցարարների ու ոստիկանների գործողությունների օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:
  • Պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ոստիկանական ու դատաիրավական այնպիսի բարեփոխումներ, որոնք կավելացնեն զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական միջամտությունների արդյունավետությունը, հնարավոր վնասը կհասցնեն նվազագույնի և իրավապահ համակարգում հնարավորություն կստեղծեն իրականացնել օբյեկտիվ քննություններ՝ անկախ իշխանության համար քաղաքական նպատակահարմարություններից ու ցանկություններից:
  • Դատապարտում ենք ցուցարարների հարձակմանն ի պատասխան ոստիկանության կողմից համաչափության սահմանազանցումը, ինչպես նաև դատապարտում ենք ցույցերի ղեկավարների կողմից ծայրահեղացող և ագրեսիվ հռետորաբանությունը ու բախումների դրդումն ու ցուցարարների կողմից խաղաղ հավաքի ձևաչափից դուրս գալը:
  • Կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին և շարժումներին պատասխանատվություն ցուցաբերել իրենց հռետորաբանության և գործողությունների մեջ՝ բացառելով ատելության խոսքն ու բռնության կոչերը, որոնք հրահրում են հասարակական անկարգություններ և բախումներ իրավապահների հետ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930