Սույն թվականի հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1986թ.: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011թ. ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015թ. ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ցանցային ադմինիստրատոր, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի պետի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020թ․ դեկտեմբերից Արմեն Սարգսյանը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենն է:
Արմեն Սարգսյանը ներկայացրեց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2024-2028թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը։ Կենտրոնի տեսլականն է դառնալ գիտական ստեղծարար ﬕջավայր ապահովող և նորարություններով առաջնորդվող հետազոտական համալսարան՝ խթանելով հետազոտահեն կրթության, գիտության, արտադրության ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությունը։
Կարդացեք նաև
Կենտրոնի նպատակներից է գիտության և կրթության շաղկապումը, հետազոտահենք կրթության իրականացումը։
Նախատեսվում է հետազոտահեն կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ﬕջավայրի և ենթակառուցվածքների շարունակական արդիականացում և կատարելագործում, մագիստրոսական ծրագրերի հետազոտական բաղադրիչի մասնաբաժնի ավելացում, մագիստրոսական թեզերի թեմաների շաղկապում կենտրոնում և ԳԱԱ համակարգի ինստիտուտներում իրականացվող գիտական թեմաներին, գիտական ծրագրերում ուսանողների, ասպիրանտների մասնակցության խթանում, աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ համագործակցային կապերի ընդլայնում և համատեղ ծրագրերի իրականացում։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին