Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք բռնենք գաղթի ճանապարհը եւ դուրս գանք Հայաստանից, երկրորդ անգամ կվտանգենք Արցախի հարցը»․ Վրթանես սրբազանը հանդիպեց արցախցիներին

Հունիս 19,2024 16:22

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այսօր հանդիպեց Արցախից բռնի տեղահանված անձանց հետ։ Նա ասաց, որ արցախցիները պետք է կարողանան իրենց վերադարձի հարցը լսելի դարձնել խուլ ականջներին։

«Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Արցախի թեմը չի լուծարվել, այլ ընդհակառակը, նոր ձեւաչափով իր ծառայությունն է մատուցելու արցախահայությանը՝ մեր վերադարձի, պատմամշակութային ժառանգության պահպանման, նաեւ սոցիալական հարցերի շուրջ։ Համապատասխան միջազգային կառույցներին դիմելով՝ մեր ժողովրդի ինքնության պահպանման, նրանց իրավունքների հարցերն իրավական դաշտ բերելու ուղղությամբ ինչքան կկարողանանք ու ունենք հնարավորություն, այդ հնարավորությունները պետք է օգտագործենք»,- դիմելով արցախցիներին՝ ասաց Վրթանես սրբազանը։

Նա արցախցիներին կոչ արեց չարտագաղթել Հայաստանից, որքան էլ սոցիալական խնդիրները շատ են։ «Որպեսզի մենք մշտապես մեր սրտի մեջ ունենանք Արցախը եւ ունենանք վերադարձի հույսը, պետք է լինենք իրար կողքի, համախմբված։ Եվ այդ համախմբվածությունն իրենից ներկայացնում է բավականաչափ ուժ։ Եթե ցրված լինեք, տարբեր տեղերում լինեք, կրավորական դիրք բռնեք, անտարբեր լինեք եւ զբաղվեք միայն ձեր անձնական հարցերով, Արցախի հարցը դուրս կմնա։ Ես չեմ ասում՝ վաղը բոլորով դուրս եկեք միտինգի։ Ես ասում եմ, որ ձեր մտածումները, ցանկությունները, պահանջատիրությունը եթե դնեք դատարանի ու դատավորի առաջ, եթե կա այդպիսի մի դատավոր, ինքը կտեսնի ու կհասկանա, որ արդարացի լուծումն է միայն այն լուծումը, որը դրված է այդ թղթապանակի մեջ։

Ուստի, մենք բոլորս մեկ նպատակ պետք է ունենանք՝ պահելու եւ պահպանելու արցախցու ինքնությունը։ Եվ որպեսզի արցախցու ինքնությունը պահենք եւ պահպանենք, միակ տեղը, որտեղ արցախցին դա կարող է պահել, այս ժամանակահատվածում Հայաստանն է, որպեսզի մենք երկրորդ անգամ Արցախը չկորցնենք։ Եթե մենք բռնենք գաղթի ճանապարհը եւ դուրս գանք Հայաստանից, երկրորդ անգամ կվտանգենք Արցախի հարցը»,- ասաց նա։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշեց, որ պետք է գործի դնել պայքարի բոլոր ձեւերը՝ Արցախ վերադառնալու նպատակին հասնելու համար։ «Փառք Աստծո, Արցախի պետական ինստիտուտները կան։ Անշուշտ, այն ձեւաչափով չեն աշխատում, որով մենք կցանկանայինք, բայց համապատասխան կառույցները կան, Մարդու իրավունքների պաշտպանը կա, կան ՀԿ-ներ, ովքեր մշտապես ուզում են վեր բարձրացնել նշածս հարցերը։ Եվ եթե մենք գտնվենք այդ մարդկանց կողքին եւ մեր պահանջատիրության հարցերը բարձրաձայնենք, կնշանակի, որ մենք մշտապես արթուն ենք պահում Արցախի հարցը։ Մեզանից է կախված դա՝ չկա Արցախից, չկա Արցախի հարց»,- հավելեց նա։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը՝ Վրթանես սրբազանն ասաց․ «Դա թուրքի ձեռագիրն է, պիտի քանդի։ Մենք մեր ամբողջ կյանքում կառուցել ենք, նրանք ավերել են։ Մենք մեր ամբողջ կյանքում օրհնել ենք, իրենք անիծել են, պղծել են։ Այն, ինչ կապված է քարի, հողի հետ, մենք նորից կկարողանանք վերականգնել, կառուցել։ Անգամ մեր եկեղեցիները, որոնք քանդում են, մենք նորից կկառուցենք։ Հողն է կարեւոր, որ այդ հողում պետք է ապրենք մենք։ Իրենք հողը չեն կարող վերցնել տանել այլ տեղ։ Այդ հողը մերն է, մերն է եղել դարեր շարունակ, մեր նախնիններն են ապրել այնտեղ, մենք նորից պետք է վերադառնանք, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Մենք հավատացել ենք արդարությանը, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, հավատացել ենք ազգերի ինքնորոշմանը, ժողովրդավարությանը, հազար ու խոստումների։ Արդյունքում՝ պարզվել է, որ այդ լոզունգները զուտ թղթի վրա են, գործի ժամանակ դրանք իրականության հետ աղերս չունեն»։

«Չամաչեք ձեր բարբառից, չամաչեք ասել, որ դու արցախցի ես, խուսափեք ասպարեզ հանված բոլոր տեսակի լարվածությունից, վեճերից, բախումներից, ցույց տվեք ձեր բարձր լինելու հանգամանքը, դա նույնպես մշակույթ է»,- այս պատգամը նա հղեց արցախցիներին։

Հանդիպման ժամանակ արցախցիներին բաժանվեցին հարցաթերթիկներ, որոնք մարդիկ կլրացնեն, եւ, ըստ Վրթանես սրբազանի, տեղեկատվությունը կփոխանցվի պատկան մարմիններին ու միջազգային կառույցներին։

Վրթանես սրբազանը տեղեկացրեց, որ հուլիս ամսից կունենան գրասենյակ, որի դռները բաց կլինեն արցախցիների համար, մարդիկ տարբեր հարցերով կարող են դիմել իրենց։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930