Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պատվիրակությունը ԳԴՀ բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

Հունիս 19,2024 15:50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական և Բունդեսվեհրի համալսարաններ:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԳԴՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը քննարկել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունը:

Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի տնօրեն Ֆրեդերիկե Հեթթինգերի և «Էներգիայի հետազոտություն» ծրագրի ղեկավար Ռոբերտ Շմիդթի հետ հանդիպմանը քննարկվել է, մասնավորապես, համալսարանի կառուցվածքի և կառավարման մոդելի հիման վրա «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել Հայաստանի ոլորտային բուհերի հետ համատեղ վերապատրաստման և հետազոտական ծրագրերի, ինչպես նաև կարճատև և երկարատև միջբուհական համատեղ նախագծերի մշակման և իրականացման հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև շրջայց է ունեցել Մյունխենի տեխնոլոգիական համալսարանում, այցելել տեխնոլոգիական կենտրոն, ուսումնասիրել բիզնեսի հետ համագործակցության մյունխենյան փորձը, ինչպես նաև հանդիպել տեղի հայ ուսանողների հետ, ծանոթացել նրանց փորձառությանը: Քննարկվել է նաև վերջիններիս՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրում ներգրավելու հնարավորությունը՝ ՀՀ բուհերի սովորողների հետ փորձի փոխանակման նպատակով:

Բունդեսվեհրի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Կառլ Հայնց Ռենների հետ հանդիպմանը հայկական կողմը քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի սպայական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են Բունդեսվեհրի համալսարանի կրթական ծրագրերն ու առանձնահատկությունները, որից հետո կազմակերպվել է շրջայց կամպուսում:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սպայական և քաղաքացիական կրթության համադրման այս օրինակն ու փորձը ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման համատեքստում կարող են ուսանելի լինել: Կողմերը քննարկել են նաև կադրերի պատրաստման, վերապատրաստման,  Հայաստան-Գերմանիա համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930