Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել ինչպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված գործողություններին, այնպես էլ Ադրբեջանում տիրող բռնատիրական վարչաձևին՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ցուցանիշով 100 հնարավորից գնահատելով ընդամենը 7 և դասելով անազատ երկրների ցանկին։
Զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պայմաններում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի, որը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից, և նրա մեծ ընտանիքի ձեռքում: Կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները լայնածավալ ճնշումներ են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ բռնություններ կիրառելով քաղաքական ակտիվիստների, անկախ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ևս ենթարկվել են հետապնդումների։ Զուգահեռաբար օրենսդրական բարդություններ են հարուցվում քաղաքական նոր կուսակցությունների ձևավորման հարցում։
Զեկույցը զրոյական է գնահատում ներկայիս կառավարության ղեկավարի և ամբողջ կառավարության կազմի, ինչպես նաև օրենսդիր մարմնի ընտրությունը ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Բացի այդ նույնկերպ զրոյական է նաև ընտրական օրենքների և ընտրությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից դրանց անաչառ կիրառումը։ Զեկույցն անհնար է համարում ընդդիմության հնարավորությունը մեծացնելու իր աջակցությունը կամ ընտրությունների միջոցով իշխանություն ստանալը։ Հետևապես՝ Ադրբեջանում քաղաքական միջավայրը ոչ բազմակարծիք է, ոչ մրցակցային։
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի երկարատև շրջափակումից հանգեցրել էր հումանիտար ճգնաժամի և որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունից հետո տեղի ունեցած զարգացումները ստիպեցին գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությանը փախչել Հայաստան։
Կարդացեք նաև
Զեկույցը հարցադրում է կատարում «Արդյո՞ք կառավարությունը կամ իշխող ուժը միտումնավոր է փոխում երկրի կամ տարածքի էթնիկական կազմը, որպեսզի ոչնչացնի մշակույթը կամ թեքի քաղաքական հավասարակշռությունը մեկ այլ խմբի օգտին», որին ի պատասխան արձանագրվում է, որ «[Ադրբեջանի] Կառավարությունը մշակել է ծայրահեղ թշնամական քաղաքականություն էթնիկ հայերի նկատմամբ՝ կրթական, մշակութային, քաղաքական և ռազմական բաղադրիչներով՝ կապված 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ապահովելու իր ջանքերի հետ: 2022 թ․ դեկտեմբերին այս ջանքերը հանգեցրին Լաչինի միջանցքի շրջափակմանը, միակ ճանապարհի, որը Լեռնային Ղարաբաղը կապում էր Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Շրջափակումը նախաձեռնել են ադրբեջանցիները, ովքեր իբր բնապահպան ակտիվիստներ են, սակայն լայնորեն ենթադրվում էր, որ նրանք կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ: Դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով էթնիկ հայ բնակչությունը բախվեց սննդի և դեղորայքի խիստ պակասի, ինչպես նաև տարածքից դուրս նրանց տեղաշարժի սահմանափակումներին»:
Նման և այլ բազմաթիվ անօրինություններն ու սահմանափակումները, բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության տարածաշրջանային օջախի։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի Ադրբեջանի հարաբերություններ կառուցելիս։ Թեև կազմակերպությունը հստակորեն արձանագրում է այն բոլոր գործողությունները, որ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում, սակայն անհրաժեշտ է առավել առարկայական բնութագրել դրանք՝ որպես ցեղասպանական արարքներ՝ համապատասխան հետևանքներով և պատասխանատվության ամբողջական և ճկուն մեխանիզմներով։
«Գարդման–Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն