Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 3-4 հազար հետևորդներին կոչ ես անում շրջապատել ԱԺ շենքը, և դրա առաջ ոստիկանությունն է կանգնած, ակնհայտ է, որ դա լինելու է բախում»․ Դանիել Իոաննիսյան

Հունիս 19,2024 14:39

«Բախումներից որոշակի ժամանակ առաջ պարզ դարձավ, որ ցույցի առաջնորդները ինտենսիվորեն ցույցը տանում են բախման ճանապարհով։ Եթե 3-4 հազար հետևորդներին կոչ ես անում շրջապատել ԱԺ շենքը, և դրա առաջ ոստիկանությունն է կանգնած, ակնհայտ է, որ դա լինելու է բախում։ Պետք չի մեծ խելքի տեր լիներ հասկանալու համար, որ դա ուղղակի բախման տանելու հրահանգ է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ի բախումներին և ոստիկանության գործողություններին։

Նա հայտնեց, որ տեղում խմբեր ունեին և օդից էին հետևում իրավիճակին․ «Մեզ համար ոստիկանության ընտրած մարտավարությունը՝ մասնավորապես ոստիկանական պատնեշի՝ ձախ՝ Սիրահարների այգու պաշտպանությունը խնդրահարույց է համարվում։ Սա նշանակում է, որ ոստիկանությունը պլանավորման խնդիր ուներ և չկարողացավ կանխատեսել, որ Սիրահարների այգու պատնեշը կարող են ճեղքել։ Դա նաև դա հետագա զարգացումների վրա բացասաբար ազդեցություն ունեցավ։ Եթե ոստիկանության պետ Հովհաննիսյան Արամը ոչ թե առաջին շարքում՝ ոստիկան-ցուցարար շփման գծում չլիներ, այլ հրամանատարական կետում, միգուցե այդպես չլիներ։ Իր գործը կազմակերպելն էր հրամանատարություն իրականացնելը, ոչ թե առաջին գծում ցուցարարների հետ քաշքշուկին անմիջականորեն մասնակցելը։ Կասկածից վեր է, որ ինչ-որ պահի ցույցը խաղաղ բնույթից դուրս եկավ․ այն այլևս խաղաղ անվանել հնարավոր չէ, և ոստիկանությունը փորձում էր մեկուսացնել ցույցի ագրեսիվ մասնակիցներին։

Ըստ էության, ակնհայտ դարձավ նաև օդից կադրերում, որ ոստիկանությունն այլևս չէր կարողանում մեկուսացնել ագրեսիվ կադրերին և հատուկ միջոցների կիրառումն ամբողջությամբ իրավաչափ դարձավ։ Բայց ամբողջ հարցն այն է՝ հատուկ միջոցների ինչպիսի՞ կիրառումը, ինչպիսի՞ հատուկ միջոցների կիրառումը և ի՞նչ քանակով։ Ընտրված ձեռքի լուսաձայնային նռնակների կիրառման մասով կան մի շարք սահմանափակումներ՝ առողջապահության նախարարի որոշմամբ սահմանված, դրանք հենց նրա համար են, որ դրանց կիրառման արդյունքում բեկորային մարմնական վնասվածքներ անձինք չստանան, որովհետև լուսաձայնային նռնակների բեկորների խոցման հեռավորությունը հենց 2,5 մետր է այսինքն՝ ավելի մեծ հեռավորության վրա օդի դիմադրության շնորհիվ կորցնում են արագությունը և այլևս վտանգավոր չեն։ Եվ ոստիկանությունը, կարելի է ասել, ցուցարարների խտություն այնպիսին էր, որ չէին կարող 2,5 մետր պահել, բայց կան տարբեր այլ միջոցներ, որոնք ոստիկանությունը, եթե նախապատրաստվեր, լավ պլանավորվեր, կկարողանար կիրառել՝ այդ թվում կիրառելը, բայց դրա համար պետք էր նորմալ պատրաստվել, պլանավորել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կարող էր այնպես կիրառել, որ ավելի քիչ վնաս հասցներ։

Առաջին լուսաձայնային պայթյունից հետո Սիրահարների այգում ոստիկանական շարքերի վրա գրոհող ցուցարարներն այլևս նահանջում էին և նոր նռնակների կարիք չի լինում, բայց ոստիկանությունը շարունակում էր նույն պատկերը։ Տեսնում ենք Դեմիրճյան- Բաղրամյան երթևեկելի մասերի հատման հատվածում ոստիկանությունը շուրջ 30 լուսաձայնային նռնակ է կիրառում՝ այնինչ 5-6-րդ նռնակից հետո ժողովուրդը փախչում է։

Տեսնում ենք՝ լուսաձայնային նռնակների պայթյուններ, հարձակում քաղաքացիների նկատմամբ, տեսնում ենք պայթյուններ այնտեղ, որտեղ պայթյունի արդյունքում ընկել են գետնին և իրենց այլ քաղաքացիներ են մոտեցել ու օգնություն են ցուցաբերել։ Սրանք խնդրահարույց երևույթներ են։

Մյուս խնդրահարույց բանն այն է, որ ոստիկանության կողմից բերման ենթարկվող և դիմադրություն չցուցաբերող քաղաքացիների նկատմամբ՝ որպես վրեժի դրսևորում կիրառվում է ոստիկանական ավտոբուսների մեջ, կիրառվում է ֆիզիկական ուժ․ այլ կերպ ասած ծեծում են մարդկանց»։

Դանիել Իոաննիսյանն ասաց՝ մեզ համար նաև խնդրահարույցն այն է, որ այդ դեպքերի մասով թեև կա ծառայողական քննություն, բայց քրեական վարույթ նախաձեռնված չէ և նաև խիստ մտահոգիչ է, որ Փաշինյանը և իշխող քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ գնահատական են տվել այդ գործերին՝ չսպասելով քննությանը և այդ կերպ կանխել օբյեկտիվ քննության հնարավորությունը»։ ՀՀ-ում, ցավոք, համարյա թե չկա քննիչ կամ դատախազ, որն այնպիսի վարույթ կիրականացնի, որը կասի, որ վարչապետի հայտարարությունները սխալ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930