«Ես այն մարդը չեմ, որ մարտի 1-ին քաղաքական գնահատական տամ։ Դատարան կա»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Լրագրողը հետաքրքրվեց՝ հունիսի 12-ը համեմատել եք Մարտի 1-ի հետ, այդ դեպքում ինչո՞ւ Մարտի 1-ի գնահատականը չեք տվել 2008-ին եւ այս շարժումը սկսելու ժամանակ, ձեր շարժման քաղաքական հենարաններից են համարվում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերը, որոնք այդ օրը իշխանության էին, եթե մարտի 1-ը դատապարտելի է, ինչո՞ւ եք նրանց հետ գնացել համագործակցության։
Ի պատասխան այս հարցի, սրբազանն ասաց՝ նախ Մարտի 1-ի համեմատությունը զուտ անձի պատճառով է տեղի ունեցել, փողոցում իրականացվող գործողությունների․ «Այդ մարդը փողոցում այն ժամանակ ասում էր՝ հոգիս փառավորվում է, քաղաքացիներին հրավիրում էր ոստիկաններին ջարդել, երկաթներ վերցնել, ինքնապաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագը այս դրվագի հետ։ Իրենք վերագրում են՝ սպանության փորձ, մահափորձ, շենքեր գրոհելու, գրավելու, եւ նույնիսկ այդ պահին մենք որեւէ կոչ, որեւէ բան․․․ հակառակը, հանդարտեցնելու կոչ ենք արել։ Համեմատությունը՝ մենք ինչ ենք արել, այդ մարդն ինչ է արել։ Այն, ինչ վերագրում են մեզ, ուղղակիորեն ժողովրդին կտանեիք այլ աղետի եւ այլ ողբերգության։ Այս իմաստով է իմ գնահատականը»։
Սրբազանի խոսքով՝ ես այն մարդը չեմ, որ Մարտի 1-ի քաղաքական գնահատականը տամ․ «Դատարան կա, վեց տարի դատարանն իրենց ձեռքում է, բոլոր հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է։ Թող բացահայտեն։ Երբ բացահայտեն մանրակրկիտ կերպով եւ իրավական գնահատականը կտան, ես ինձ իրավունք կտամ գնահատական տալու»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քաղաքական հենարանին, ապա սրբազանն ասաց՝ շարժումը քաղաքական հենարան չունի․ «Բոլոր փորձերը կապելու այսպես կոչված նախկիների հետ, սին են եւ դատարկ։ Այս շարժման գեղեցկությունը դա է, որ քաղաքական դաշտի հնարավոր բոլոր ուժերը ներգրավված են»։
Սրբազանն ասաց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնած քննարկմանը մասնակցելուց հետո աղմուկ են բարձրացրեց, թե՝ ահա, տեսաք, բացահայտվեց ռուսական․․․. «Է ամերիկյանից թող հրավիրեն, ամերիկյանին գնամ, Մադագասկար հրավիրեն, Մադագասկար գնամ, հիմարություն»։
«Իրենց հայտարարություններում չեն զլացել, գնացել են մինչեւ առաջին նախագահ։ ՀԱԿ-ը դետալային պատասխան է տվել։ Ես մտերմություն ունեմ 1-ին նախագահի ընտանիքի հետ, Կոնգրեսի տարբեր անձանց հետ։ Այս թեմայով էլ խոսել եմ իրենց հետ։ Մտերմություն ունեմ 2-րդ նախագահի շրջանակներ ի հետ՝ ձեր աչքի առջեւ, 3-րդ նախագահի բոլոր շերտերի հետ մտերմություն ունեմ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ