Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները. ՄԻՊ-ը շարունակում է բողոքներ ստանալ ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարության վերաբերյալ

Հունիս 19,2024 13:53

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանն անընդունելի է համարում աղմուկի միջազգային չափանիշներին չհամապատասխանող անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները, իսկ այս ոլորտում անձանց հիմնարար, այդ թվում հանգստի, առողջության պահպանման և այլ իրավունքների երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:

Միջազգային չափանիշներին չհամապատասխանող պայմաններում առկա մշտական կամ պարբերական բնույթ կրող աղմուկը բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա, խաթարում է նրանց հանգստի համար անհրաժեշտ միջավայրը։

Հարկ է նկատի ունենալ, որ մեր շրջապատում կան առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց մարդիկ, երեխաներ, ինչպես նաև բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին, լռությունը պահպանելն ունի կենսական նշանակություն:

Պաշտպանը վերոնշյալ խնդրի վրա հրավիրում է պետական իրավասու մարմինների ուշադրությունը և կոչ անում այլ պետությունների հաջողված փորձի հաշվառմամբ մշակել կառուցակարգեր, որոնք կապահովեն բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմանները և այլ հիմնարար իրավունքները: Այդ կառուցակարգերը կարող են վերաբերել նաև անհրաժեշտ օրենսդրական և այլ փոփոխությունների իրականացմանը։

Հաշվի առնելով այն, որ աղմուկի թույլատրելի մակարդակի գերազանցման հետ կապված հարցերը հիմնականում վերաբերում են մասնավոր ոլորտին, իսկ Պաշտպանը մասնավոր կազմակերպությունների դեմ բողոքներ քննարկելու իրավասություն չունի, ՄԻՊ աշխատակազմ ստացվող գրավոր բողոքներն ուսումնասիրվում և բողոք ներկայացրած անձանց գրավոր համաձայնությամբ փոխանցվում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվում է հետագա հետևողական աշխատանք։

Նկատի ունենալով բողոքների մեծաքանակությունը` Պաշտպանը հետևողական է լինելու նաև խնդրի համակարգային լուծումների մշակման հարցում։

Բանավոր բողոքների դեպքում անձանց տրամադրվում է իրավախորհրդատվություն՝ իրենց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ։

Պաշտպանի իրավասության տիրույթում գտնվող դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում նախաձեռնվում են քննարկման ընթացակարգեր և պարզաբանումներ են պահանջվում իրավասու պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930