Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ապօրինի գաղտնալսումների հիման վրա չէին կարող կարել քրեական գործեր, դրա համար էլ այդ գաղտնալսումները իրենց ենթարկվող կայքերի միջոցով տարածվեցին ու դրանց հղում տալով՝ գործեր կարեցին»

Հունիս 19,2024 13:46

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հունիսի 12-ին քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժը համարում է իշխանությունների հայտարարած ժողովրդավարության բաստիոնի իրական պատկերը:

«Այսպես են իրենք պատկերացնում ժողովրդավարությունը: Ինչպես կարող է ժողովուրդը դուրս գալ խաղաղ ցույցի եւ որեւէ բան պահանջել իշխանություններից: Եթե պահանջում եք` կստանաք այսպիսի պատասխան »,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Կյուրեղյանը:

Հունիսի 12-ի դեպքերը, ըստ պատգամավորի, ԱԺ դահլիճից դուրս Փաշինյանի կողմից ուղղված հրահանգի արդյունք էր: Պատգամավորը հիշեց, որ այդ օրը ԱԺ եկած Փաշինյանը երկու անգամ դուրս եկավ դահլիճից, հետո հայտարարեց, որ ուղղակիորեն խոսել է ոստիկանապետի հետ, փորձել է ճշտել՝ ինչ է կատարվել. «Երբ նա խոսում էր, հայտարարեց, որ ինքը համոզված է, որ ոստիկանները գործում են օրենքի շրջանակներում ու ինքն ինչպես խրախուսել, այնպես շարունակելու է խրախուսել առավել սկզբունքային ոստիկաններին: Սրանից լավ նյութական շահագրգռությո՞ւն, սրանից լավ ուղղակի կո՞չ՝ արեք այն ամենն՝ ինչի կարիքը կա, միայն այս ցուցարարներին լռեցրեք, վախեցրեք, ես տեր եմ»:

Տիկին Կյուրեղյանը նաեւ անդրադարձավ ՀՅԴ-ականների ապօրինի գաղտնալսման գործին:

«Ինչ-որ կադրեր ու բառակապակցություններ ձեր ուզած մեկնաբանությամբ հանել ու հարձակվել եք ՀՅԴ գործիչների վրա: Նրանք այդ ապօրինի գաղտնալսումների հիման վրա չէին կարող կարել քրեական գործեր, դրա համար էլ այդ գաղտնալսումները իրենց ենթարկվող կայքերի միջոցով տարածվեցին ու դրանց հղում տալով՝ գործեր կարեցին: Այս պահի դրությամբ 5 անձ կալանավորվել է Վայոց ձորից երկու ամսով՝ տեսակցության արգելքով, ունենք 3 դաշնակցական ընկեր, որոնց նկատմամբ տնային կալանքն է կիրառվել որպես խափանման միջոց: Ընդ որում՝ նրանցից մեկը կին է՝ երեք անչափահաս երեխայի մայր: Ունենք մեկ անձ, որը գրավով է դուրս եկել եւ միայն այս ներկայացրած փաստերը Վայոց ձորի մարզային կոմիտեի անդամների հանդեպ: Ինչո՞ւ Վայոց Ձորի, ինչո՞ւ ՀՅԴ, լուրջ հարցեր են, չէ՞, առաջանում»,- նկատեց Կյուրեղյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930