«Հասարակության կրքերն ամեն կերպ բորբոքելով, վրաերթի դեպքը սպանություն որակելով, կնոջ հղի լինելն ու այլ հանգամանքները շահարկելով՝ պարբերաբար փորձ է արվում գործը նախագահող դատավորի վրա ազդել»,- 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի դեպքով դատաքննության ժամանակ ասաց մեղադրյալի՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Նա նկատեց, որ իրենց մեջ խորացել են կասկածները, որ գործը քննող դատավոր Ֆարխոյանը կաշկանդված է ու արտաքին ուժերի միջամտությունն ուղղակիորեն ազդում է դատավարության վրա: Փաստաբանը կոչ արեց նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել. «Դուք պարտավոր եք հայտնել ինքնաբացարկ եւ գործը հանձնել այնպիսի դատավորի, որն ի զորու է իրականացնել արդար դատաքննություն»:
Վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը նկատեց, որ միջնորդության հեղինակների հնչերանգներից նույնիսկ անկողմնակալ դիտորդը տպավորություն կստանար, որ նիստը տեսաձայնագրվում է. «Այսինքն՝ այդ հոգեբանական զեղումները հասարակության համար են նախատեսված, բայց ոչ՝ իրավաբաններիս: Որպես դրա հիմնավորում բոլոր լրատվամիջոցների հետ կապված առարկություն են հայտնել»:
Կարդացեք նաև
Ասլանյանը շարունակեց Բալոյանի բերած փաստարկների հակափաստարկները ներկայացնել. «Առաջին փաստարկը, որ ներկայացրեց պաշտպանական կողմը, թե դատարանը 3 օրյա ժամկետում իրենց չի տրամադրել փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժելու մասին որոշումը: Արձանագրում են, թե ես առաջինն եմ հայտարարել, որ դատարանը որոշում կայացնելու նպատակահարմարություն չունի, պետք է անցնենք դատաքննություն, դատարանն էլ դրանից կաշկանդված է եղել: Հիշեցնեմ, որ սա Քրեական դատավարության օրենսգրքի ուղիղ պահանջն է, դատարանը պարտականություն չուներ գրավոր փաստաթղթի տեսքով որոշում ուղարկել պաշտպանական կողմին: Գրագիտությունից խոսվեց, տարրական անգրագիտության դրսեւորում է, երբ դատարանին ստիպում են որոշում տրամադրել այդ կապակցությամբ, երբ նման պարտավորություն չուներ»:
Ինչ վերաբերում է տուժող կողմի ճնշումներին՝ Ասլանյանը նկատեց, որ պաշտպանական կողմը պարտավոր է ներկայացնել փաստական տվյալներ այդ ճնշումների վերաբերյալ:
«Պաշտպանն ասաց, թե տուժող կողմը տարբեր հարցազրույցներով ներկայացրել է, իբրեւ թե նիստը նախագահող դատավորը դիմադրում է ինչ-որ ճնշման, ակնհայտ սուտ է, եթե նման բան են ասում, պարտավոր են ներկայացնել փաստական տվյալ: Ինչ վերաբերում է ճնշումներին՝ աբսուրդի ժանրից է: Պաշտպանության կողմը խոսում է մի պարագայում, երբ իր պաշտպանյալը, պետական ողջ ապարատի օժանդակության շնորհիվ` դեպքից 2,5 տարի անց գտնվում է ազատության մեջ, նույնիսկ պաշտոնավարումը կասեցված չէ: Ինչ վերաբերում է արարքը սպանություն որակելուն, սա եւս սուտ է: Իմ կողմից երբեւէ արարքը սպանություն չի որակվել, եթե նման բան են ասում, պարտավոր են ներկայացնել տվյալ հոդվածը լրատվամիջոցում ներկայացված: Տուժող կողմը երբեւէ դրա մասին չի խոսել: Ինձ համար առնվազն ծիծաղելի է, որ անընդհատ պետական հովանավորչությունից օգտվող պաշտպանական կողմը մեղադրում է տուժող կողմին դատարանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ: Վարչապետի ավտոշարասյան վարորդը վրաերթի է ենթարկում հղի կնոջը, դրանից հետո խափանման միջոց չի ընտրվում, մինչ օրս գտնվում է ազատության մեջ ու պարզվում է դեռ մեզ են մեղադրում ճնշումներ գործադրելու մեջ: Սա պարզ շանտաժ է մեզ համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ