Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլի ասուլիս տվեց՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, եւ մի քանի ծրագրեր ներկայացրեց, որոնք պետք է կործանումից փրկեն Հայաստանի Հանրապետության ամենաանկումային ոլորտը՝ գյուղատնտեսությունը:
«Պլանավորում ենք նոր ներմուծված տոհմային ոչխարների եւ այծերի համար փոխհատուցել մինչեւ գնի 50 տոկոսը, ոչ ավելի, քան 450 հազար դրամ, մեր ցեղերի որակն ենք բարձրացնում»,- հայտարարեց նախարարը: Բարձրացվելու է խելացի անասնաշենքերի՝ գոմերի կառուցման կամ վերանորոգման համար տրվող փոխհատուցման շեմը: Արդյո՞ք սրանք են մեր անասնապահության առաջնահերթ պահանջները․ տպավորություն ունեմ, որ մեր ոչխարաբույծներն ու այծաբույծներն ավելի պարզ ծրագրերի կարիք ունեն, քան տոհմային անասունի ներմուծման խթանումն է:
Գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը կարծում է, որ ոչխարաբուծությունը Հայաստանում ունի լուրջ խնդիրներ, որոնք պետք է կոմպլեքս լուծվեն, իսկ միայն ներմուծումը խթանելը փողերի անիմաստ մսխում-վատնում է լինելու, որն առավելագույնը կարճաժամկետ էֆեկտ է տալու: «Իրենք սխալ ուղու վրա են: Ոչ թե ներմուծման համար պետք է արվի փոխհատուցում, այլ պետք է աշխատեն սելեկցիոն կայանների վրա, որ նորմալ սելեկցիա արվի, Հայաստանին հարմարեցված ստանան, թե չէ՝ դառը փորձ կա: Քանի տարի արտասահմանից բերեցին տարբեր կլիմաների չհարմարված անասուններ, որոնք սատկեցին, վերացան, ու էլի կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Սովետական շրջանում, մինչեւ 90 թիվը մենք ունեցել ենք 2 մլն 400 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն Հայաստանում՝ ոչխարներ ու այծեր: Սրա փոխարեն այսօր 500 հազար էլ չկան, գումարած՝ այնքան է դեգրադացվել ճյուղը, որ տարբեր խաչասերումների հետեւանքով անասունների որակը բավականին ընկել է: Միայն դորպեր ոչխարի նորմալ որձն արժե 3 հազար եվրո: Գյուղացին կյանքում չի տա այդքան, դորպեր գնա բերի»,- ասում է նա:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: