ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա:
Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։