Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետներս փոքրիկ երեխաներ կան, մեզ սննդի որեւէ առաջարկ չարեցին անգամ… Մեզ լքված էինք զգում եւ անօգնական». Լրացված

Հունիս 19,2024 10:44

Այսօր վաղ առավոտյան՝ Երեւանի ժամանակով 01:15-ին Wizz.air ավիաընկերության Միլանից Երեւան նախատեսվող թռիչքն արդեն գրեթե ութ ժամ է՝ հետաձգվում է: Մեր հայրենակիցներն ավելի քան տասը ժամ անցկացրել են Միլանի օդանավակայանում՝ առանց որեւէ պայմանների:

Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց ուղեւորներից Գոհար Հակոբյանը՝ «Թռիչքը նախատեսված էր 01:15-ին, արդեն ինքնաթիռի մեջ էինք, 15-20 րոպե մնալուց հետո հայտարարեցին, որ անձնակազմից մեկը վատ է զգում, սպասենք, եւս 15-20 րոպե անց մեզ իջեցրեցին, ասելով, որ անձնակազմի անդամին շտապօգնությամբ տարել են: Ենթադրում ենք, որ խոսքն օդաչուի մասին է»:

Ուղեւորներին հետ են տանում օդանավակայան, որից հետո նրանց կրկին մի քանի անգամ կանչում են «նստեցման», նորից հետո ուղարկում: Անգամ անձնագրային ստուգումն է կրկնակի եղել: Մի անգամ ասում են, թե մեկ այլ ինքնաթիռ պետք է նստեն, բայց դա էլ լիցքավորված չի լինում, հաջորդ անգամ էլի ինչ-որ մի պատճառաբանություն են բերում: Մի անգամ դեպի ինքնաթիռ ավտոբուսի մեջ են թողնում երկար ժամանակով՝ փակ եւ տոթ տարածքում: Ինքնաթիռի մոտ՝ դրսում են երկար ժամանակով թողնում: Եվ այս ամենը՝ առանց որեւէ փոխհատուցման:

«Ժամերով այս տոթին դրսում կանգնած, առանց ջրի, արդեն հոգնած, ջարդված, կեղտոտված… անմարդկային վերաբերմունք է: Հետներս փոքրիկ երեխաներ կան, մեզ սննդի որեւէ առաջարկ չարեցին անգամ: Երբ օդանավակայանում, հենց Wizz.air-ի աշխատակիցներից փորձում ենք ինչ-որ բան ճշտել, ասում են, թե՝ զանգեք այս ավիաընկերությանը, գրեք նրանց էջին…»,- ներկայացնում էր ուղեւորը, շարունակելով. «Wizz.air-ի հեռախոսահամարը չէր պատասխանում: Պարբերաբար փորձում էինք նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպանատան, հյուպատոսարանի հետ կապվել: Ոչ մի պատասխան: Մեզ լքված էինք զգում եւ անօգնական: Սակայն ամենավիրավորականը օդանավակայանի աշխատակիցների անտարբեր, արհամարհական վերաբերմունքն էր, ոչ մի հարցի չէին ուզում պատասխանել, բողոքներին ու դժգոհություններին բանի տեղ չէին դնում, իրենք էին վրդովվում: Կարծես 3-րդ սորտի մարդիկ լինեինք»:

Այս պահին նրանք արդեն հինգերորդ անգամ են ինքնաթիռի մեջ՝ հույսով, որ այս անգամ կթռնեն տուն:

Ի դեպ, այդ նույն ինքնաթիռով, որը 05:25 պիտի հասներ Երեւան, հետո, ժամը 6:00-ին պիտի Միլան մեկներ մեր հայրենակիցների մեկ այլ խումբ, որոնք էլ գիշերը ժամը 3-4-ին հասել են «Զվարթնոց», ապա այնտեղ իմացել են, որ թռիչքը հետաձգվում է: Նրանց, բարեբախտաբար, չեն թողել օդանավակայանում, տարել են «Իբիս» հյուրանոց, որտեղ նախաճաշ են առաջարկել, եւ ժամը 10-ին կրկին հետ են բերել Զվարթնոց, սպասում են թռիչքին, որն էլ, օդանավակայան հասնելուն պես, պարզվեց, որ ժամը 14-ին է լինելու:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԼՐԱՑՈՒՄ. Ավելի ուշ Գոհար Հակոբյանը փոխանցեց. «Ավելի քան 9 ժամյա տանջանքից հետո հասանք Երեւան: Ինձ հետ կապվել էր Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը եւ ասել, որ թռիչքի եւս մեկ հետաձգման դեպքում պատրաստ կլինեն օգնել ՀՀ քաղաքացիներին: Բարեբախտաբար 5-րդ փորձից թռանք: Ավելի վաղ 2 անգամ անձնագրային ստուգում էինք անցել, 4 անգամ «նստեցման» էին տարել: Ժամը 14-ին ինքնաթիռը վերջապես իջավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930