Լույս է տեսել ազատամարտիկ, Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից, պատմաբան, հրապարակագիր, «Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի պատասխանատու Արա Նախշքարյանի «Թղթե երկինք» հատընտիրը:
«Առավոտի» ընթերցողները լավագույնս գիտեն Արային, ով մեր թերթի էջերում ներկայացրել է «Լիզբոնի իմ ընկերները», «Սրբազան խաչելություն» պատմական ակնարկները գրքերից, հանդես է եկել հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներով:
Նրա մի շարք հոդվածներ տպագրվել են նաեւ Գյումրու «Կումայրի», «Շրջապատ», «Ասպարեզ», «Առաքելություն» շաբաթաթերթերում, Արցախի «Ապառաժ», Կանադայի «Արծիվ», Լիբանանի «Ազդակ», Պարսկաստանի «Ալիք» օրաթերթերում եւ ամսաթերթերում:
Գիրքը բաղկացած է մի քանի բաժիններից՝ «Մնա հոգուս մեջ», «Սիրո չուղարկված նամակներ», «Վրեժի կտակարան»՝ չափածո ստեղծագործւթյուններն են, բանաստեղծությունները, «Նամակներ Էրգրից» շարքը, նամակներ են Բաղեշից, Մուշից, Կարինից, Կարսից ու Շուշիից, «Համամարդկային ճեպանկար» բանաստեղծությունների վերջին շարքը, «Հրապարակագրական խճանկարներ», որից որոշ հուշապրումներ, խոհեր սոցիալական ցանցերում են տպագրվել:
Կարդացեք նաև
«Նամակներ Էրգրից» շարքում հեղինակը մի յուրօրինակ գեղարվեստական հնարքի է դիմում: Մեր հնադարյան քաղաքները նրան հիշեցնում են երբեմնի փառավոր անցյալի մասին, Մուշը հիշեցնում է Առաքելոց վանքի խաչի օծման մասին, Կարինը պահանջում է. «Պահանջում եմ պահանջիր, դու ես այս քաղաքի տերը, չմոռանաս ինձ, ես եմ քո տունը», Սանասարի եւ Բաղդասարի հիմնած Սասունը պահանջում է ազատագրել իրեն, դարձյալ. «Չմոռանաս ինձ, ես եմ քո Տունը»:
Ու գալիս է… Շուշին. «Վերջին երեսուն տարիների ընթացքում ապրել եմ իմ ամենաերանելի օրերը: Հասկանո՞ւմ ես, որդի, երբեք չէի պատկերացնում, որ կարող էի այսքան հեշտորեն հանձնվել…Միշտ մտածում էի, որ բարձր դիրքիս ու անառիկ ժայռերիս պատճառով ես դժվար հաղթահարելի ու անմատչելի եմ: Ես էլ արժանացա Անիի, Կարսի, Վանի, Կարինի…ճակատագրին: Կարծես, թե հենց այսպես պիտի լիներ:
Որդի, մյուս բնակավայրերի նման, ես էլ եմ քեզ գրում, բայց նրանց նման չեմ խնդրում, աղերսում, այլ պատգամում եմ, որ ԵԹԵ ՔՈ ԱՌՋԵՒ ՉՈՒՆԵՑԱՐ ՆՊԱՏԱԿ ԻՆՁ ՆՈՐԻՑ ՔՈՆԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՒՐԵՄՆ ՅՈԹՆԻՑՍ ԱՆԻԾՅԱԼ ԼԻՆԵՍ…»:
Շուշին պատգամում է. «Չմոռանաս ինձ, Ես եմ քո տունը…»:
Արա Նախշքարյանը Շուշին հիշում է նաեւ բանաստեղծություններում:
«Գիտե՞ս, հիշում եմ.
Լեռներում եղած քո հարսանիքը:
Ինչ նազանի հարս էիր ուրախ,
Ու ինչ հմայքով էիր քո պարը խաղում…»:
Իսկ հետո այդ նազանի հարսը…արդեն հիվանդ մայր է: Իր հրապարակախոսական հոդվածներից մեկում նա հայրենիքը նմանեցնում է մոր հետ, ով իր որդիներին ձայն է տալիս. «Մեկտեղվեք Հայեր, Ձեր հիվանդ մայրը ձեզ ձայն է տալիս…»:
Նա հիշում է նահատակված ընկերներին: Ահա Քրիստափոր Արթինին նվիրված տողերից. «Ներիր, ինձ ընկեր, Որ ապրել սովորեմ…»:
«Արդեն կարոտել եմ, թե Հաղթանակին, թե Խաղաղությանը, որը շուտով պիտի ճաշակենք ազգովի եւ ամեն օջախում պիտի գլխներիցս վեր պահենք ամենալավ գինու գավերն ու խմենք Զինվորիս կենացը՝ նահատակ, թե ապրող: Երանի նահատակներին, որոնք պարզ մահով չմեռան ու հենց այդ պատճառով էլ ԱՆՄԱՀԱՑԱՆ»,-գրում է Ա. Նախշքարյանը:
Պատերազմի ավարտից հետո նրան հանգիստ չեն տալիս հիշողությունները, իր ապրած կյանքը, իր սերտած դասերը, որն ամփոփում է «Մի գողտրիկ զրույց Հիշողության հետ» հոդվածում: Տրամաբանական կարող ենք համարել այս շարքից նաեւ «Քաղվածք կյանքից» պատումը, այն հիշեցնում է 2016 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ Ծիծեռնակաբերդից կամավորականները հասնում են տուն, ապա հեղինակը, երբ գնում է տուն, փոքրիկ դուստրը ասում է՝ «Մեր տուն զինվոր պապիկ է եկել», չճանաչելով կամավորական հորը: Ապա, երբ արտասվախառն հայր ու դուստր իրար ճանաչում են, երեխան հարցնում է. «Պապ, դու զինվո՞ր ես, կռիվը պրծա՞վ, թուքերին սպանեցի՞ր»…
Գիրքն ավարտվում է լավատեսական խոհերով. «Հրաշքները կատարվում են նրանց հետ, ովքեր չեն դադարում հավատալ հրաշքներին: Ովքեր դեռ իրենց հոգու մեջ փայփայում են լույսի շողը, եւ երբեք չեն ընկճվում, չեն ծնկում խավարի առաջ:
Պահպանեք լույսը ձեր մեջ, գուցե մի օր խավարի հորձանուտից այն ձեզ ափ դուրս բերի»:
Հատընտիրը տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում: Խմբագիրն է արձակագիր, ՀԳՄ անդամ Շնորհիկ Շահինյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
18.06.2024