Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականն ու քառասուն կովի առեղծվածը

Հունիս 19,2024 12:30

Հատված որդուս հիշատակին նվիրված վիպակից

…Վահրամը զորակոչվել էր Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորամաս եւ արդեն ավագի կոչում էր ստացել։ Հետո նրան տեղափոխել էին Երվանդաշատի սահմանապահ ուղեկալ։

…2009 թ. հոկտեմբերի վերջերին, ինչպես միշտ՝ ուշ երեկոյան, զանգահարեցի Վահրամին։ Այդ ժամերին էր հարմար, քանի որ զինվորները քնելու հրաման ստանալուց հետո էին կարողանում կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, իհարկե՝ գաղտնի։ Այս անգամ Վահրամի պատասխանը խիստ անհանգստացնող էր.

-Հիմա հարմար չի, պապ, գետի մեջ եմ, հետո ինքս կզանգեմ,- ասաց ու անջատեց հետախոսը։

Երկար ժամանակ մտորումների մեջ ընկա։

Հաջորդ օրը կեսօրին մոտ վերջապես զանգահարեց.

-Պապ ջան, ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Հեռախոսով հարմար չի գիշերվա գործողություններս պատմեմ։ Դեկտեմբերի յոթին երեւի սպիտակցիներիս մեկ կամ երկու օրով տուն կթողնեն։ Կգամ ամեն ինչ կպատմեմ։ Առայժմ։

Նրա զանգից հետո խաղաղվեցի, սակայն պատահածի մասին տեղեկություն ստանալու լուրը հանգիստ չէր տալիս ինձ։

Շաբաթ կամ կիրակի օրերին զորամասում զինվորների հետ տեսակցություն էր թույլատրված։ Վահրամի ծառայակից ընկերներից տեղեկանալով, որ առաջիկա շաբաթ օրը տեսակցություն է թույլատրված, արագորեն պատրաստեցի անհրաժեշտ սննդամթերքը, հարազատներիս տեղեկացրեցի այցիս մասին, որպեսզի ցանկացողներն էլ միանան մեզ։ Անկեղծ ասած, հարազատներիս նաեւ «օգտագործում էի որպես վահան՝ Վահրամից պաշտպանվելու համար», քանի որ նա կտրականապես արգելում էր իրեն այցելել։

Շաբաթ օրը, վաղ առավոտյան, մենք արդեն Երվանդաշատում էինք։ Ուղեկալում զինվորներին տեսակցության համար հատուկ սենյակներ կային՝ կահավորված սեղան-նստարաններով։ Սակայն Վահրամը միշտ գերադասում էր «աղ ու հացը» ճաշակել բնության գրկում։ Նա ծառայակից ընկերոջ՝ Լեւոնի հետ, մեզ ուղեկցեց ուղեկալին հարակից տարածքի, ինչպես իրենք էին ասում՝ «ծիրաննոց»՝ տեղի բնակիչներին պատկանող ծիրանենիների ծառաշատ այգի։ Ես միշտ զգացել եմ, որ բնությունը Վահրամի տարերքն է…

Վահրամը գետնին փռած ծածկոցի վրա վարպետորեն սեղան բացեց։ Այո՛, վարպետորեն։ Նա յուրաքանչյուր նման պահերի «վարպետորեն սեղան բացողն էր»։ Մենք շարվեցինք «սեղանի» շուրջը, սկսեցինք զրուցելով ճաշակել ուտելիքը։ Բայց ինձ հանգիստ չէր տալիս հոկտեմբերի վերջին տեղի ունեցածը։ Իմ հարցին հանգիստ պատասխանեց.

-Պապ, ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Ուղղակի…

-Ես կպատմեմ, Վահրամ։ Ծնողներդ անպայման պիտի իմանան,- Վահրամին ընդհատեց ծառայակիցն ու սկսեց պատմել։

-Այստեղի համար հոկտեմբերի մի ցուրտ գիշեր, Վահրամի հետ հերթափոխի էինք։ Կեսգիշերին հանկարծ, տագնապահար մեզ մոտեցավ այստեղի բնակիչներից մեկը եւ Վահրամին գրկեց ու.

-Ախպեր, ցավդ տանեմ, մեր կովերը տարան…

-Ո՞վ, ե՞րբ, ո՞ւր տարան։ Հանգստացիր, որ հասկանամ։

-Թուրքիայից գետն անցան մեր կողմն ու տարան։ Մոտ քառասուն կով…

-Ո՞ր կողմում էր,- հարցրեց Վահրամն ու ինքնաձիգն արագորեն մեջքին անց կացնելով, մտավ գետի այն մասից, որտեղից տարել էին կովերը։

-Վահրամ, սպասի՛ր, մենակ մի գնա, սպասիր միասի՛ն գնանք,- առաջարկում էի ես։ Բայց Վահրամը լսել անգամ չէր ուզում։

-Մեզանից մեկն այստե՛ղ պիտի մնա, լսո՞ւմ ես,- որպես պահակակետի ավագի՝ կարգադրեց ու սկսեց անցնել գետը։

-Ես մոլորված կանգնել էի, մի փոքր էլ հուսահատ ու տագնապած։ Ախր մենակ ինչպե՞ս է ողջ նախիրը խլելու բաշիբոզուկներից։ Հանկարծ վատ բան չպատահի Վահրամի հետ։ Ես միայն նրա մասին էի մտահոգ, նախիրը՝ գրողի ծոցը… Մի պահ մտածեցի տագնապի ազդանշան արձակեմ, որպեսզի օգնության համար ջոկատներ գան։ Սակայն գերադասեցի մի քիչ էլ սպասել։ Սպասումի տագնապալի րոպեները դարի չափ երկար էին թվում։ Ոտքերս կարծես ինքնաբերաբար կտրվում էին գետնից, տեղում կանգնած անհանգիստ վեր ու վար էի անում։ Կորցրել էի ժամանակի զգացողությունս։ Հանկարծ կովերի բառաչ լսեցի։ Կողքս կանգնած մարդն սկսեց ուրախ-ուրախ գոչել. «Կովե՛րը, կովերը բերում է  Վահրամը»։

-Մի գոռա, ուղեկալում կլսեն ու մեզ համար խնդիրներ կառաջանան,- սաստեցի նրան։

Կովերը խմբերով գալիս էին։ Վահրամը գետի մեջ այս ու այն կողմ էր վազում, կովերին քշում դեպի մեզ։ Վերջապես նա դուրս եկավ գետից։ Մինչ մենք սկսեցինք զրուցել, գյուղացին նորից ահազանգեց.

-Վահրամ ջան, երեք հատ կով պակասում է, ցավդ տանեմ։ Բայց էլ մի գնա։ Հոգ չէ, գրողի ծոցը կովն էլ, թուրքն էլ,- ասաց գյուղացին։

-Լա՞վ ես հաշվել,- հարցրեց Վահրամն ու առանց պատասխանի սպասելու նորից մտավ գետը։ Այս անգամ երկար չսպասեցինք Վահրամին։ Քիչ անց նա երեւաց մթության մեջ՝ երեք կովին քշելով ու միաժամանակ նախատելով.

-Հիմարները գետի մեջտեղը կանգնել, մնացել էին…

-Հիմա լրի՞վ են,- դիմեց գյուղացուն։ Վերջինս չգիտեր ինչպես հայտներ իր գոհունակությունը։ Գրկել էր Վահրամին, անվերջ համբուրում էր՝ ամենաջերմ խոսքերն ասելով նրան։ Մենք խնդրեցինք գյուղացուն ոչ մեկին չպատմել գիշերվա միջադեպի մասին՝ մեր իսկ «անվտանգության նկատառումներով»։ Սակայն հաջորդ օրը գյուղը թնդում էր «քառասուն կովերին թուրքերի ճանկերից» խլելու հզոր գործողության լուրից։ Մի քանի օր անց, գյուղացիները գառ էին մորթել եւ հրամանատարության հետ համաձայնեցնելով բերել էին ուղեկալ, իհարկե, թաքցնելով իրական պատճառը։

-Երբ գյուղացին կովերին դեպի գյուղ քշեց եւ Վահրամը փոքր-ինչ խաղաղվեց, հարցրեցի նրան.

-Վահրամ, ինչպե՞ս հետ բերեցիր կովերն այդ բաշիբոզուկներից։

-Դե բերեցի, էլի,- ժպտալով փորձեց թաքցնել ինձանից իր «հերոսական գործողությունները»։ Ես պնդեցի հարցադրումս, որից հետո.

-Ախպերս (Վահրամի մշտական դիմելաձեւն էր մոտիկ ընկերներին), գետի մյուս կողմը չհասած տեսա, որ կովերի մեծ մասը դեռ գետի մեջ են։ Ես սկսեցի արագորեն հետ քշել։ Երեք սրիկաներից երկուսն, ինձ տեսնելով, փախան, իսկ մեկը, դանակը ձեռքին, ցանկացավ հարձակվել ինձ վրա։ Ես ինքնաձիգս լիցքավորեցի։ Նա չոքեց ու ձեռքերը դեպի երկինք մեկնած սկսեց ինչ-որ բան մրմնջալ։ Ես նշան տվեցի, որ նա էլ հեռանա, ինքնաձիգով ցույց տալով ուղղությունը։ Փախավ նաեւ այդ ստահակը։ Որքան հասկացա՝ քրդեր էին…

-Ես ուշադրությամբ նայում էի Վահրամին,- շարունակում էր իր պատմությունը Լեւոնը։

-Ոտքից գլուխ զայրույթ էր։ Ոչ վախ կար, ոչ անհանգստություն։ Զգում էի, որ կատարած «փրկարարական աշխատանքից» շատ բավարարված է, սակայն փոքր-ինչ մտահոգ։ Հասկանում էի, որ մտահոգությունը կապված էր ուղեկալում գիշերվա մեր գործողություններն իմանալու դեպքում վատ արձագանքների հետ։ Իսկ զայրույթը մեր պետության թուլության, ինքն իրեն պաշտպանելու անկարողության համար էր։

Մոտ կես ժամ հետո, երբ Վահրամն արդեն հանդարտվել էր, սկսեց դողալ։ Նա ոտքից գլուխ թրջվել էր։ Ես հանեցի բաճկոնս եւ ստիպեցի նրան հագնել։ Թեեւ դժվարությամբ, այնուամենայնիվ, ինձ հաջողվեց հագցնել։

Արդեն լույսը բացվում էր։ Հերթափոխն ավարտին հասնելուն պես, եկան մեզ փոխարինող սահմանապահները։ Մենք հանձնեցինք պահակակետը, վերադարձանք ուղեկալ։ Այնտեղ գիշերվա իրադարձություններից անտեղյակ էին։ Ամեն ինչ սովորականի պես խաղաղ էր…

Լեւոնն ավարտեց խոսքը։ Նրա պատմության ողջ ընթացքում մենք զարմանք կտրած լսում էինք՝ ներքուստ հպարտության զգացումով, որ ունենք նման հզոր զավակ, ով կարողացել է հայ շինականի արդար քրտինքով պահած, աճեցրած անասունները հետ բերել գող ու ավազակ խուժանի անարդար մագիլներից։

Շարունակելի

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

Արձակագիր

«Առավոտ» օրաթերթ,
18.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930