Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները երկկողմ Ռազմավարական երկխոսության կարգավիճակը բարձրացնում են Ռազմավարական գործընկերության մակարդակի
Վաշինգտոնի ուշադրությունը հայաստանյան թեմայի շուրջ ոչ միայն զգալի է, այլեւ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, էներգետիկ դիվերսիֆիկացայի եւ այլ հարցերում նկատելի ընդգծված է: Անցյալ շաբաթ Հայաստան ժամանեց ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, որ բազմիցս հանդես է եկել բավական հստակ դիրքորոշումներով եւ նրա գնահատականներն Ադրբեջանում ուղղակի ջղաձգությունների պոռթկումներ են առաջացրել:
Հունիսի 11-ին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկը ՀՀ ԱԳՆ-ում ուղիղ էր հեռարձակվում: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքում նախ շեշտեց, որ հանդիպումը ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւս մեկ արտահայտությունն է, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ զարգացող գործընկերությանը։ «…Մենք պետք է խորացնենք բազմաոլորտ եւ տարբեր ուղղություններ ընդգրկող համագործակցությունը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով տնտեսության եւ էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության, արդարադատության եւ օրենքի գերակայության ոլորտները: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել եւ ներառել Հայաստանի դիմակայունության եւ կայուն զարգացման համար կարեւոր ուղղություններ: …Մենք նաեւ կարծում ենք, որ ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանն ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատմանը»,- նշեց Միրզոյանը։
Անդրադառնալով հանդիպման օրակարգին՝ Միրզոյանը հայտնեց, որ քննարկելու են կոնկրետ քայլերի եւ ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչեւ պաշտպանական ոլորտում համագործակցություն եւ արդարադատության ոլորտի բարեփոխումներ: «Մենք արդյունավետորեն համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հովանու ներքո ստեղծված երեք աշխատանքային խմբերի շրջանակներում՝ համապատասխան հանդիպումներ անցկացնելով 2023թ. ընթացքում: Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովի մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»:
Կարդացեք նաև
Հայ-ամերիկյան բանակցությունների օրակարգում էին` աճող տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակներում եւ առեւտրի հետագա ազատականացման նպատակով, էներգետիկայի դիվերսիֆիկացիան, պաշտպանական համագործակցությունը:
Միրզոյանի եւ Օ՛Բրայենի առանձնազրույցին հաջորդել էր ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկել էին ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային թեմաներ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ ստորագրվեց «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի այցի կարեւոր բաղադրիչն իհարկե ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի համատեղ հայտարարությունն էր, որը խիստ ուշագրավ արձանագրումներով ազդարարեց ՀՀ-ԱՄՆ համագործակցության նոր փուլը:
Երեւանյան բանակցությունների արդյունքում արձանագրվեց, որ ամփոփիչ հանդիպման ընթացքում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին եւ ուրվագծել են գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձեւակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի. «Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։ Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին եւ ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը եւ նշել եվրատլանտյան կառույցների եւ Արեւմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները»։
Խիստ կարեւոր էր Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ դիմակայունության աջակցության թեման: Նշելով, որ 2020-ից ի վեր Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առեւտրային ու տնտեսական կապերը: «Քննարկումները կենտրոնացել են նաեւ Հայաստանի պարենային անվտանգության եւ էներգետիկ անկախության խթանման՝ ներառյալ ատոմային էներգիայի եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առեւտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատեւ խաղաղության միջոցով խրախուսելով եւ ամրապնդելով տարածաշրջանային առեւտուրն ու փոխկապակցվածությունը: Այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը եւ էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին», ասվում էր համատեղ հայտարարության մեջ:
Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծեցին ԱՄՆ աջակցության կարեւոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման եւ իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով: Պատվիրակություններն ընդգծել են նաեւ համագործակցության կարեւոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: ՀՀ ՊՆ-ն եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաեւ ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջեւ առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը եւ պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
Այսպիսով, տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչեւ պաշտպանական ոլորտում համագործակցության եւ արդարադատության ոլորտի բարեփոխումները հայ-ամերիկյան բանակցությունների օրակարգում էին: Պաշտոնական Երեւանն ի սկզբանե արձանագրեց, որ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ հույս ունեն, որ ռազմավարական երկխոսությունը կբարձրացվի նոր՝ Ռազմավարական Գործընկերության մակարդակի, որն էլ համատեղ հայտարարության մեջ արձանագրվեց:
Ըստ Վաշինգտոնի՝ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին ավելի են խորացել ու զարգացել. «Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունը»։ Օ՛Բրայենը վերահաստատեց, որ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման ջանքերին: «Մենք աշխատում ենք նաեւ տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով, եթե տեւական խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Եվ մենք ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել ջանքերին», – նշեց Օ՛Բրայենը։
Հայաստանի արտգործնախարարն իր հերթին շեշտեց՝ Միացյալ Նահանգները մեծ ներուժ ունի նպաստելու Հարավային Կովկասում կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատմանը. Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանազատմանը՝ Ալմա-Աթայի հռչակագրով։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու իրական ու պատմական հնարավորություն կա։ Նա, սակայն, չմանրամասնեց՝ ո՞րն է այդ համոզման հիմքը։ «Որպես խաղաղության օրակարգի եւ տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաեւ մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ», – նշեց Միրզոյանը:
ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի գործուղումը Հայաստան, հայ-ամերիկյան բանակցություններն ու դրանց արդյունքները, վստահաբար, ջղաձգումների նոր առիթ են դարձել Ադրբեջանի իշխանությունների համար: Դեռ անցյալ տարեվերջին Ալիեւի հրապարակային մի ելույթից արդեն կարելի էր եզրակացնել, թե ինչ լեզվով է նրա հետ խոսում պաշտոնական Վաշինգտոնը:
Արեւմուտքից ճնշումների ֆոնին դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը մի ծավալուն ելույթ էր ունեցել` «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ եւ դժվարություններ» խորագրով ֆորումում, որի ընթացքում նա շարունակ կրկնում էր. «մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում», «մենք դա արել ենք ռազմական ճանապարհով», «մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով»: Ալիեւի ակնարկներն ակնհայտորեն ուղղված էին ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Նա բավական հստակ ասել էր. «Նրանք սխալվեցին, Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել ուժի միջոցով…»:
Հիշեցնենք մի դրվագ Ալիեւի նշյալ ելույթից. «Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, հաջողության չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի»։
Նույն ելույթում, անդրադառնալով Վաշինգտոնի հետ որոշակիորեն լարված հարաբերություններին, Ալիեւը հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցչից կտեղեկանա, որ Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վերադառնում են նախկին մակարդակին։ Ալիեւը հրապարակավ արձանագրեց, որ առկա է Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ լարվածության առաջին դեպքը: «Վաշինգտոնում հանդիպում եղավ, բայց հիմա այս ուղղությունը մի կողմ է թողնվել, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը), որն այժմ Բաքվում է, հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններն այլեւս նախկինի պես չեն լինի եւ մեղադրել էր Ադրբեջանին։ Եթե նա նման հայտարարություն է արել, նշանակում է, որ հարաբերությունները նախկինի պես չեն լինելու բոլոր ուղղություններով։ Մենք դա այդպես հասկացանք։ Նա (Օ՛Բրայենը) հայտարարեց, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ սահմանափակումներ կկիրառվեն ԱՄՆ այցելելու դեպքում։
Սա ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների ողջ պատմության մեջ առաջին դեպքն էր։ Մեր երկրների միջեւ եղել է ռազմավարական հարաբերություն, եւ այս վարչակազմը դա զրոյացրել է։ Մենք չգիտենք, թե որն է պատճառը։ Մենք ասացինք՝ լավ, եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չկարողանան այցելել ԱՄՆ, ապա ինչպե՞ս է մեր արտգործնախարարը գնալու այնտեղ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է դա լինելու, եթե հանդիպում կազմակերպվի»,- ասել էր Ալիեւն անցյալ դեկտեմբերին։ Նա այնուհետեւ հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կվերականգնվեն, հակառակ դեպքում, ըստ նրա՝ բանակցային գործընթացում իրենց համար կմնան միայն բրյուսելյան եւ մոսկովյան հարթակները։
Ալիեւի նշյալ ելույթը Ջեյմս Օ՛Բրայենի` Ադրբեջան կատարած այցի համատեքստում, նախեւառաջ, պատասխան էր ԱՄՆ-ին, որտեղից Ադրբեջանի ուղղությամբ տեւական ժամանակ ճնշումներ են գործադրվել: Այդ ժամանակահատվածում, ադրբեջանցի վտարանդի փորձագետ Արիֆ Յունուսովն էլ կարծիք էր հայտնել, թե ամերիկացի պաշտոնյան Բաքվում Ալիեւից նաեւ պարզաբանումներ պետք է ստանար, թե`«ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանը սեպտեմբերի վերջին Ադրբեջանի համաձայնությամբ ուկրաինական ճակատ տեղափոխեց ղարաբաղցի հայերի կողմից հանձնված ողջ զինտեխնիկան եւ սպառազինությունը»:
Իսկ ամենաուշագրավը դեռ առջեւում էր… Ջեյմս Օ՛Բրայենի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո Ալիեւն անակնկալ կերպով փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր ստորագրեց։ Ինչո՞ւ «հաղթանակած» Ալիեւը որոշեց կրկին ապացուցել իր իշխանության «լեգիտիմությունը», պատերազմում տարած «հաղթանակի անբեկանելիությունը», եւ հատկապես ո՞ւմ էր նա փորձում դա ապացուցել, դժվար չի կռահել:
Շարունակությունը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 18.06.2024