Ավտորիտար ռեժիմի առանձնահատկությունները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակներով
Ի՞նչ է նշանակում «ավտոկրատիա»: Եթե կարճ, ապա՝ մեկ անձի իշխանություն, որը չունի որեւէ զսպում եւ հակակշիռ: Պարզ օրինակ. GG-ի սեփականատեր Խաչատուր Գրիգորյանը համարձակվեց կոչ անել՝ միանալու ընդդիմադիր շարժմանը: Այդ տեսագրությունը ենթադրաբար դիտում է Նիկոլ Փաշինյանը, ընկնում է բարկության հերթական նոպայի մեջ, վերցնում է հեռախոսը եւ հրահանգում է՝ «մի հատ սրա հերն անիծեք»: Իրավապահները ներխուժում են GG գրասենյակ, խուզարկություններ են անում, առգրավում են համակարգիչները եւ այլն: (Քննչական կոմիտեն ասում է, որ վարույթը հարուցված է վաղուց, բայց, ստացվում է, որ զարմանալի զուգադիպությամբ, ներխուժումը, խուզարկությունները եւ առգրավումները կատարվեցին հենց հանրահավաքից հետո): Նույնն անում էր Քոչարյանը՝ մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանի դեմ, երբ վերջինս 2008 թվականին միացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը:
Նման գործողություններից հետո պարզ է, որ ոչ մի գործարար այլեւս ծպտուն չի հանի, եթե իշխանության քաղաքականության մեջ նրան որեւէ բան դուր չի գա: Հակառակը՝ հնարավորինս կփորձի քծնել եւ ծառայել իշխանություններին:
Սա ավտոկրատիայի, ավտորիտար ռեժիմի դրսեւորումներից մեկն է: Ճիշտ նույն ձեւով գործում են Պուտինը, Լուկաշենկոն կամ Ալիեւը: Մասնավորապես, նրանք էլ, երբ վտանգ են զգում, հրահանգում են ջարդել ցուցարարների գլուխները կամ կրակել մարդկանց վրա: Հրահանգում են գործ սարքել այն բիզնեսմենների դեմ, որոնք հանդգնում են թեթեւակի դիմադրել իշխանությունների գործողություններին:
Կարդացեք նաև
Ամենաթարմ դեպքը՝ Ռուսաստանում: Պուտինը որոշել է «ազգայնացնել» որոշ խոշոր ձեռնարկություններ՝ իրականում խլել սեփականատերերից իրենց գույքը, փոխանցել պետությանը եւ հետո էժան գներով հանձնել այլ՝ ավելի «հարմար» սեփականատերերին: Եվ ահա, երբ Չելյաբինսկի էլեկտրամետալուրգիական կոմբինատի տնօրեն Պավել Խոդորկովսկին փորձեց բողոքել դրա դեմ, նրան մեղադրեցին… մանկապղծության մեջ:
Այսքանից հետո մեկը կփորձի՞ դժգոհել, երբ նրանից խլեն սեփականությունը: Ի դեպ, ժողովրդավարության հիմքերից մեկը, իմ կարծիքով, մասնավոր սեփականության նկատմամբ ակնածանքն է, այն «սրբություն» համարելը:
Բայդենը կամ Մակրոնը ճիշտ նույնպիսի մարդիկ են, ինչպիսիք՝ վերը նշված 4 ավտորիտար առաջնորդները: Նրանց ճիշտ նույն ձեւով դուր չի գալիս, երբ իրենց հասցեին քննադատական բառեր են հնչում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդավարական երկրներում առաջին դեմքերը ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ հրահանգելու իրավապահներին, որ վերջիններս կատարեն իրենց անձնական ցանկությունները:
Արդյոք Ռուսաստանում, Բելառուսում, Ադրբեջանում եւ Հայաստանում գոյություն ունեցող ռեժիմները նմա՞ն են ստալինիզմին եւ հիտլերիզմին: Որոշ չափով՝ անօրինականությունների ու կամայականությունների, առաջին դեմքին կուռք սարքելու առումով, այո, նման են:
Բայց ավելի շատ են տարբերությունները: Տոտալիտարիզմի ժամանակ բռնաճնշումները (ռեպրեսիաները) զանգվածային են, ուղղված են որոշակի խմբի դեմ ընդհանրապես (ասենք՝ կոմունիստներ, բժիշկներ, մտավորականներ): Ավտորիտար ռեժիմում բռնաճնշումները «կետային» են: Այսինքն՝ հետապնդվում են ոչ թե բոլոր գործարարները, այլ նրանք, ովքեր ձայն են հանել: Իսկ եթե քո անկյունում նստած ես, քո բաժին «ցորենն» ես կրծում, եւ երբ պետք է՝ մուծվում ես համապատասխան հիմնադրամներին, ապա խնդիր չունես՝ «մտքի մեջ» ում դեմ ուզում ես, եղիր:
Կա ավելի սկզբունքային տարբերություն: Բոլշեւիկների ԽՍՀՄ-ում եւ նացիստական Գերմանիայում կար գաղափարախոսություն՝ մարդկանց համոզում էին, որ նրանք տառապում են, ճնշվում են՝ ինչ-որ բան «կառուցելու», «պայծառ ապագայի» համար: Դիտարկվող 4 դեպքերում ոչ մի գաղափարախոսություն չկա: 2018-ին փորձ էր արվում ինչ-որ նոր «ծեսեր», ինչ-որ նոր «կրոն» ստեղծելու՝ Քաղաքացու օր, Հեղափոխության թանգարան, Քայլող մարդը: Բայց գաղափարախոսության բացակայության պայմաններում այդ փորձերը չէին կարող հաջողությամբ պսակվել:
Սրա մասնավոր հետեւանքն այն է, որ «իշխող կուսակցություն» հասկացողությունը նման ռեժիմներում խիստ պայմանական է: «Եդինայա Ռոսիան», «Ենի Ազերբայջանը» կամ ՔՊ-ն իրենց առաջնորդների հեռանալուց հետո հօդս կցնդեն, կտարրալուծվեն քաղաքական դաշտում:
…Անցումը ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն, իհարկե, առանձին թեմա է: Բայց ընդհանուր սկզբունքն, իհարկե, անձնիշխանության քայքայումն է: Դրա ճանապարհները տարբեր են՝ մի առիթով կթվարկեմ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2024