«Բոլոր նրանք, ովքեր հաշտվեցին նրա հետ, որ Լեւոն Երանոսյանը, որի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, դատախազությունը համարել էր, որ բավարար հիմքեր կան մեղադրանք առաջադրելու, բայց գործը փակեցին, այդ բոլոր մարդիկ ընդհանրապես որեւէ բարոյական իրավունք չունեն խոսելու. ո՞վ ուզում է լինի, որտեղից ուզում է լինի: Լեւոն Երանոսյանի գործը փակելով՝ կանաչ ճանապարհ բացվեց, որպեսզի ոստիկանության գեներալները նույնանման գործողություններ իրականացնեն: 2018 թվականի ցույցերի ժամանակ, Գրողների միության մոտ Լեւոն Երանոսյանի գործողությունները եւ 2024 թվականի հունիսի 12-ին ոստիկանության գործողությունները շատ իրար նման են. պատգամավորների խումբն ուզում է անցնել ոստիկանական պատնեշը, թույլ չեն տալիս, փորձում են խոչընդոտել: Այնտեղ կրակեցին 5 հատ, այստեղ՝ 20-ից ավել, այնտեղ ունեինք մի քանի վիրավորներ, այստեղ՝ վիրավորների թիվը 100-ն անցնում էր: Ինչպե՞ս կարելի է՝ նույնանման իրավիճակներում, մի դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների գործողություններն արդարացի համարել, մյուս դեպքում՝ անարդարացի համարել եւ ապօրինի: Երկու դեպքից մեկում, իրենք ուղղակի ստել են: Հիմա թող դուրս գան եւ հանրությանն ասեն՝ ո՞ր դեպքում են իրենք ստել կամ անազնիվ են եղել իրենց գնահատականների մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, փաստաբան Նինա Կարապետյանցը:
Հայաստանում իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցույցի կազմակերպիչները՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներն իբրեւ ԱԺ շենքի վրա գրոհելու կոչեր են արել, ինչն աննախադեպ որակեց: Հիշեցնենք, որ ԱԺ շենքի վրա գրոհելու դեպք մենք ունեցել ենք՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին: ԱԺ շենքի վրա գրոհելու կոչ արել է արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ բոլոր ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ այգում հավաքված մարդիկ, գրոհել են ԱԺ շենքի վրա:
«Բոլոր այն մարդիկ, անկախ իրենց կուսակցական կամ ինչ-որ խմբի պատկանելիությունից, ովքեր չեն դատապարտել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին դեպքերը՝ ԱԺ տարածք, փակ տարածք, այդ նույն տարածքը, որտեղ այդ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, այսօր բարոյական իրավունք չունեն դրա մասին խոսելու»,- հայտարարում է Նինա Կարապետյանցը:
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Զեկույցում հղում կա ՀՀ առողջապահության նախարարի՝ 25․04․2012 թ․, N 09-Ն հրամանին, որը սահմանում է ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման կարգը: Ըստ այդմ, կիրառված «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառման չափանիշներն են՝ «գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա, անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա-2»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա»:
Հելսինկյան ասոցիացիան միացել էր ավելի վաղ, այլ հկ-ների՝ այդ դեպքերի առիթով տարածած հայտարարությանը:
«Մենք էլ ենք համարում, որ խախտվել են հատուկ միջոցները կիրառելու կանոնները. մեգաֆոնով հայտարարությունը բավարար չէ, այդքան բազմության համար: Օգտագործման կարգը հատուկ պայմաններ է նախատեսում՝ մարդկանց չվնասելու համար: Պիտի որ քրեական գործեր հարուցվեին, պիտի որ պատասխանատվության ենթարկելու հարց լիներ, բայց, քանի որ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը փակվեց, ապա, հույս չունեմ, որ հնարավոր կլինի վերադառնալ այդ տրամաբանությանը»,- ասաց Նինա Կարապետյանցը:
«Տեսագրություններում երևում է, որ «կարմիր բերետներին» հանգստացնելու փորձեր էին անում այլ ոստիկաններ և պաշտոնյաներ, օրինակ՝ Արարատի ոստիկանության գնդապետ Մ․ Ա․ Հակոբյանը, որը փորձում էր թույլ չտալ բերման ենթարկել մասնակիցներից մեկին, գնդապետ Գ․ Ազիզյանը, որը միջամտում էր «կարմիր բերետների» գործողություններին երկու այլ ցուցարարների նկատմամբ, որոնցից մեկին բերետավորը քաշում էր մազերից ։ Իրավիճակը կայունացնելու ջանքեր էին գործադրում նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կ․ Ցուցուլյանը, ոստիկանության պետի տեղակալ Ա․ Խուդինյանը՝ ետ կանչելով բերետավորներին։
«Կարմիր բերետների» ստորաբաժանման հրամանատար Ա․ Ղազարյանը նույնպես հետ էր քաշում ենթականերին ցուցարարներից։ Ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանը տվյալ պահին գտնվում էր այգում և, ենթադրաբար, համակարգում էր գործողությունները»,- ամրագրված է հրապարակված հատուկ զեկույցում։ Նաեւ ասվում է՝ ԱԺ նստավայրի ճաղավանդակների մոտ տեղակայված են Սյունիքի մարզի ոստիկանության ծառայողները, որոնք ոստիկանին անձնապես նույնականացնող տարբերանշաններ չեն կրում։
Նինա Կարապետյանցն ասաց, որ ինքն այդքան դետալային զննության չի ենթարկել նյութերը, որպեսզի առավել հստակ գնահատականներ հնչեցնի, բայց. «Ակնհայտ է, որ այնտեղ կան, շատ մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածքով մարդիկ, ուսադիր կրողներ, որոնք ակնհայտորեն եւ սադրում էին, եւ անհամաչափ բռնություն էին կատարում: Այնտեղ, որտեղ կարելի էր սահմանափակվել, օրինակ, մարդուն բերման ենթարկելով, չէր ավարտվում. ոստիկանական մեքենայում հետեւում էին հայհոյանքներ, բռնություններ եւ դա ապացուցված է, իրականություն է»:
Զեկույցում դիտողություն կա նաեւ ցույցի կազմակերպիչներին ուղղված. «Ինչ վերաբերում է հավաքի վայրում կազմակերպիչների պահանջները չկատարող անձանց, հարկ է նշել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարները, մեկ ամսից ավելի ժամանակահատվածում հավաքներ, քաղաքացիական անհնազանդության գործողություններ կազմակերպելու ընթացքում, որևէ անգամ չեն օգտվել հավաքի կարգադրիչներ ունենալու հնարավորությունից, ինչի իրավունքն ունեն օրենքով։ Հարկ է նշել, որ կարգադրիչները տարբերվում են հավաքի մասնակիցների առանձին խմբերի փաստացի ղեկավարում իրականացնող անձանցից և պետք է կրեն օրենքով սահմանված սպիտակ տարբերանշան։ Այդ պարագայում հավաքի մասնակիցները օրենքով պարտավորվում են կատարել կարգադրիչների՝ կարգ ու կանոն պահպանելու վերաբերյալ ցուցումները»:
Նինա Կարապետյանցը նորմալ պրակտիկա է համարում, երբ ոստիկանությունը եւ հավաքի կազմակերպիչները համատեղ աշխատում են, ինչը նաեւ պարտադիր է, օրենքի պահանջ եւ առաջին քայլը ոստիկանությունը պետք է աներ. «Եթե ոստիկանությունը նկատել էր, որ կազմակերպիչները կարգադրիչներ չունեն, որ անհրաժեշտության դեպքում մարդկանց հրահանգներ տան, այդ հարցը պետք էր լուծել՝ մինչեւ ծեծելը: Այսօր բոլորի ձեռքում հեռախոսներ կան, ոստիկանությունն իր ամեն գործողություն նկարահանում է, նկարահանեիք՝ ո՞նց եք մոտենում, ինչպե՞ս եք օրենքի պահանջը ներկայացրել, որպեսզի հնարավոր լինի նաեւ կոնտակտի մեջ մտնել ցուցարարների հետ: Այդ հարցն այնքան հեշտ լուծվող է. սա ոչ առաջին հանրահավաքն է Հայաստանում, հույս ունեմ, ոչ էլ վերջինն է լինելու: Մեր ոստիկանությունը մեծ փորձ ունի եւ այսօր, հետին թվով ասել, որ այսպիսի բաներ չեն եղել. չեն եղել, թող կարգավորեիք, ինչ խնդիր: Թող ձեզ մերժեին, ասեին՝ կարիքը չունենք միջանկյալ օղակների, մենք էլ կասեինք՝ խախտում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ