Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանն ասում է՝ նույն գործընթացը պետք է լինի Սյունիքում, կասկած չի մնում, որ իրենք նաեւ Սյունիքից են տարածք տալու թուրքերին»․ Արթուր Խաչատրյան

Հունիս 18,2024 20:50

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ ասաց, որ Ճակատենում, Ներքին Հանդում, Ծավում, սահմանամերձ այլ համայնքներում մարդիկ իրեն հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ սահմանազատում կլինի»։ Ի՞նչ է կատարվում, Փաշինյանը հիմա էլ Սյունիքի ժողովրդի՞ն  է նախապատրաստում զիջումների։

-Ինձ թվում է՝ այս իշխանություններն իրենց ստերի մեջ մոլորվել են։ Հիշեցնեմ, որ այս իշխանությունները հայտարարում էին, որ Տավուշի մարզի Կիրանցի հատվածում ոչ թե սահմանազատում է տեղի ունեցել, այլ սահմանի վերարտադրություն։ Սահմանի վերարտադրությունն ի՞նչ է, ոչ գիտությանն է հայտնի, ոչ մարդկությանը։ Հայտնի է միայն ՔՊ կուսակցությանը եւ իրենց վերնախավին։ Եթե ասում են՝ Սյունիքում նույն է լինելու, ինչ Տավուշում, թող կողմնորոշվեն՝ սահմանի վերարտադրություն, թե՞ սահմանազատում։ Երկու հարեւան երկրների միջեւ սահմանը պետք է զատված ու գծված լինի, դա ակնհայտ է, բայց սահմանազատումն ու սահմանագծումը գործընթաց է, որը որոշակի տրամաբանություն ու պրոտոկոլ ունի, թե ինչպես կարելի է հանգել միջպետական սահմանի ամենաօպտիմալ տարբերակին։ Ի դեպ, դա նույնն էր, ինչը մենք պահանջում էինք, որ լիներ նաեւ Տավուշի մարզում։ Բայց իշխանությունները, քանի որ Ադրբեջանի ուղղակի պարտադրանքի տակ էին, Ադրբեջանի հրամանն էին կատարում, ափալ-թափալ տարածքներ տրվեցին Ադրբեջանին, որոնք բնիկ հայկական տարածքներ էին։ Վկան կադաստրի քարտեզներն էին։

Եթե հիմա Փաշինյանն ասում է՝ նույն գործընթացը պետք է լինի Սյունիքի մարզում, ինձ մոտ կասկած չի մնում, որ իրենք նաեւ Սյունիքից են տարածք տալու թուրքերին։ Մանավանդ, որ 2021 թվականի դեկտեմբերին Շուռնուխի հատվածից նրանք արդեն թուրքին տարածք են հանձնել, թեւ կային քարտեզներ, որ այս ճանապարհը Հայաստանի տարածքով էր անցնում, կար սովետական Հայաստանի կառավարության որոշումը, որով ճանապարհի կառուցման համար գումար էր հատկացվել։ Այնպես որ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չի եղել սահմանազատում, եղել է կապիտուլյացիա ադրբեջանական պահանջների առաջ, որն այս իշխանությունը ներկայացրել է որպես սահմանի վերարտադրություն։ Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Հայաստանի սահմանների մյուս հատվածներում, այս իշխանության օրոք որեւէ լավ բան չի լինելու։ Լինելու է այն, ինչ Ալիեւը կհրամայի Փաշինյանին։

Այս համատեքստում նա ժողովրդին նախապատրաստում է հանրաքվեի, ասաց, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ «Առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն, կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, 100 քառակուսի մետր մենք զիջենք, 100 քառակուսի մետր էլ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել է նա։ Ինչպե՞ս ե գնահատում այս հայտարարությունը։

-Այո, այդ գործընթացի ընթացքում կարող է 100 քկմ մի կողմը զիջի, 100 քկմ՝ մյուս կողմը։ Կամ մի կողմը զիջի 85 քկմ, մյուսը՝ 100 քկմ, բայց 85 քկմ-ն ավելի կարեւոր լինի, քան 100-ը։ Եվ դա հենց այն մոտեցումն է, որն առաջարկված է ԵԱՀԿ քարտուղարության մեթոդական ուղեցույցի մեջ, որի վրա մենք երեք տարին է՝ հղում ենք անել, որի մասին այս իշխանությունները չեն ուզում լսել։ Մհեր Գրիգորյանն էլ ասաց՝ այնտեղ մեզ համար ոչ նպաստավոր դրույթներ կան։

Ինչ վերաբերում է հանրաքվեին, հաշվի առնելով, որ այս 3-4 տարվա ընթացքում Փաշինյանը որեւէ հայամետ, ՀՀ շահերից բխող քայլ չի կատարել, որեւէ բանակցություն չի հաջողացրել, ինձ մոտ այն ողջամիտ կասկածն է առաջանում, որ Ալիեւը Փաշինյանից դարձյալ պահանջել է զիջումների գնալ, եւ Փաշինյանը, որպեսզի իր վրայից պատասխանատվությունը ցրի, որպեսզի պատասխանատվությունը դնի ժողովրդի ուսերին, կարող է անցկացնել այդ հանրաքվեն։ Եվ իր ցանկալի արդյունքները կորզելու համար դարձյալ կարող է մուրճը առնել ու ընկել մեր համայնքները, մարդկանց էլի մանիպուլացնել ու ասել՝ ես բերում եմ խաղաղություն։ Եթե հիմա չգնաք հանրաքվեի ու կողմ չքվեարկեք զիջմանը, վաղը կարող է պատերազմ լինել։ Հիշո՞ւմ եք՝ Ոսկեպարում ի՞նչ էր ասում, ասում էր՝ «խաղաղության» համար մի փոքր բան զիջենք։ Հիմա նույնը կարող է անել, ասել՝ ժողովուրդ, «խաղաղության» համար մի փոքր բան զիջեք, եւ դրանից հետո պատասխանատվությունը կգցի ժողովրդի վրա։ Իսկ թե ինչպես են իրենք անցկացրել ընտրությունները, վկան Հայաստանի ՏԻՄ ընտրություններն են, իրենց կողմից ԿԸՀ նախագահ նշանակելն է եւ վարչական ռեսուրսների անխնա օգտագործումը, ինչի մասին խոսում են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

-Նիկոլ Փաշինյանը հիմա էլ «պատերազմ» է հայտարարել խաչքարերի դեմ։ Նա Սյունիքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Ուր գնում ենք, ասում են՝ եկեք խաչքար դնենք։ Եկեք ամենքի վզին էլ մի հատ խաչքար դնենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ էս երեխեքի վզերից խաչքարերը կախե՞նք, հա՞։ Ոչ, զոհվել են, որ ազատ ապրեն, կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է այսօր տեղի ունենում Հայաստանում»։ Սա հայ ժողովրդի ինքնության ու պատմության դեմ Փաշինյանի արշավի հերթական դրվա՞գն է։

-Եվ Փաշինյանը, եւ Ալիեւը ատելություն ունեն հայ ժողովրդի հանդեպ։ Իր ներսում արդեն կա այդ բացասական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, հիշեք, թե ինչ ձեւակերպումներ է արել իր գրքում։ Դրան գումարվում է Ալիեւի պարտադրանքը՝ մոռանալ մեր հաղթանակները, դրա համար իրենք դպրոցներից ու զորամասերից հանում են Փառքի անկյունները։ Ասում են՝ մոռացեք մեր ինքնությունը, եկեղեցին եւ խաչքարները մեր ինքնության մի մասն են։ Ես չեմ զարմանա, որ մի օր Նիկոլ Փաշինյանը փոխի Արարատի մարզի եւ արտգործնախարարի անունները։ Սա նույն համատեքստում է՝ մոռացեք խաչքարերը, մոռացեք պատմությունը, դա հին Հայաստան է, ոչ իրական Հայաստան է, այլ աշխարհաքաղաքական ուժերի կողմից պարտադրված Հայաստան է։ Իրական Հայաստանը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի հրամաններին ծնկաչոք ենթարկվելն է։ Ինքը փորձում է ժողովրդի հիշողությունից հանել մեր ժողովրդի հաղթանակները, փորձում է աղճատել մեր երեխաների հոգեբանությունը եւ մտածելակերպը։ Դա նշանակում է, որ հնարավորինս շուտ Փաշինյանին պետք է ուղարկել տուն կամ Բաքու՝ Ալիեւի տուն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930