Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ուղերձ է բիզնեսին, որ դուք բոլորդ պրեսինգի տակ եք, որ պահին ինչ ուզենանք, կանենք»․ բիզնես միավորումների ղեկավարները՝ GG ընկերության դեմ իրականացրած գործողությունների մասին

Հունիս 18,2024 20:35

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի կարծիքով՝ GG առցանց տաքսի ծառայությունում քննչական գործողությունները բացասական ուղերձ էր՝ անկախ նրանից, թե ինչ հիմքերի վրա էր այդ ամենն արվել։

Վահրամ Միրաքյան

«Դա ուղերձ էր բիզնեսին, որ կամայական ինչ ասես կարելի է անել բիզնեսի հետ, անվստահության մթնոլորտ է ստեղծվում։ Բիզնեսն էլ սկսում է իրեն անվտանգ չզգալ, իսկ երբ բիզնեսն իրեն անվտանգ չի զգում, գնում է այնտեղ, որտեղ իրեն ավելի անվտանգ է զգում»,-Aravot․am-ի հետ զրույցում ասաց Միրաքյանը։

Հունիսի 15-ին իրավապահ մարմինները GG տաքսի ընկերությունում գործողություններ էին անում, առգրավել են բոլոր համակարգիչները։ Փաստաբանը պնդել է, որ իրավապահների այդ գործողությունն ապօրինի է, քանի որ դատարանի որոշմամբ մի քանի աշխատակիցների համակարգիչները պետք է առգրավեին, ինչպես նաեւ այդ մի քանի աշխատակիցների գործունեության հետ կապված խուզարկություններ անեին, այլ ոչ թե ընկերության բոլոր համակարգիչները տանեին։ Փաստաբանի դիտարկմամբ՝ ընկերության դեմ այս գործողությունները քաղաքական հետապնդում են։

Մինչ այս խուզարկությունը ընկերության հիմնադիրը հայտարարել էր, որ աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ընկերության դեմ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ անցած տարի մայիսին՝ հարկերից խուսափելու հատկանիշներով․ «Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։ Հայտարարությունները, թե «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է եւ ապօրինի, իրականությանը չի համապատասխանում»։

Վահրամ Միրաքյանի կարծիքով՝ քննչական այդ գործողությունները ուղերձ են բիզնեսին, միջազգային ընկերություններին, ՏՏ ոլորտի ընկերություններին, տարբեր տնտեսական միավորումներին․ «Այսինքն՝ դուք բոլորդ պրեսինգի տակ եք, որ պահին ինչ ուզենանք, կանենք։ Հետագայում, ամենայն հավանականությամբ, պարզվելու է, իհարկե անմեղության կանխավարկած կա, կարող է պարզվի, որ ոչ մի բան էլ չկա։ Նման դեպքեր եղել են։ Բայց կապ չունի, գալիս են խանգարում ընկերության գործունեությունը, եւ այլն։ Սա շատ վատ միտում է, եւ սա ցույց է տալիս, որ տնտեսության մեջ ժողովրդավարական գործընթացներ չեն գնում, ավելի շատ բռնատիրական մոտեցումներով են շարժվում։ Բիզնեսին հաճախ դիտարկում են որպես կթու կով, որի հետ տարբեր բաներ կարելի է անել տարբեր պահերին»։

Հակոբ Ավագյան

Մեզ հետ զրույցում ՓՄՁ ասոցիացիայի համահիմնադիր, Հանրային Ասամբլեա ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանն էլ նշեց, որ GG ընկերության վերաբերյալ խնդիրը մտահոգում է ասոցիացիային, խնդիրն ուսումնասիրելուց եւ ընկերության սեփականատիրոջ հետ խոսելուց հետո հայտարարություն կտարածեն։

Ավագյանի դիտարկմամբ՝ ասոցիացիան տարիներ շարունակ ասում է, որ պետք է բիզնես շահերի պաշտպանության ինստիտուտ ներդնել, 2018-ին ձեւավորված կառավարության ծրագրում էլ կար դրույթ բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ներդնելու մասին, նախորդ կառավարություններն էլ էին նման բան ներառել իրենց ծրագրերում, սակայն իրականություն չէր դառնում․ «Երբ այս կառավարության ժամանակ կառավարության ներկայացուցիչներին հարցրեցի՝ ի վերջո ներդնո՞ւմ եք բիզնես օմբուդսմենի ինստիտուտը, թե՞ ոչ, ասացին՝ ինչներիս է պետք, մեր երկրում օրինականություն է, էկոնոմիկայի նախարարությունն էլ հենց բիզնես օմբուդսմենն է»։

Ավագյանի կարծիքով՝ պետական այդ գերատեսչությունը չի կարող լինել բիզնես շահերի պաշտպանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ում, Վրաստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում վաղուց կա այդ ինստիտուտը ու հենց նման դեպքերի համար է»։

«Եթե զուգահեռներ տանենք պաշտպանի եւ բիզնես պաշտպանի միջեւ, ապա ես կասկածում եմ, որ եթե նույնիսկ լիներ, ապա ինչպես կգործեր։ Այսինքն, գալիս ենք այն նույն խնդրին, որ լուծումներն անձնավորված են։ Դրա համար ինստիտուտները չեն աշխատում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930