Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հանրային մեղադրողների խնդիրը մեզ փակելու հարցը լուծելն է, թե ոնց կստացվի դա, որքանով կանցնի իրավաբանության սահմանները, էական չէ. Նարեկ Սամսոնյան

Հունիս 18,2024 19:44

Երեւանի քրեական դատարանում «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստին այսօր հանրային մեղադրողները նիստը նախագահող դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրին: Ըստ դատախազների՝ նիստը նախագահող դատավոր Արման Հովհաննիսյանն այս գործով անկողմնակալ չէ:

Այս միջնորդությանը համակարծիք չէին Սաղաթելյանի եւ Սամսոնյանի պաշտպանները: Նրանք պնդեցին, որ որեւէ  կողմնակալություն չեն արձանագրել:

«Ինչպես այս ամբողջ ընթացքում էր, հանրային մեղադրողների խնդիրը մեզ փակելու հարցը լուծելն է,  թե ոնց կստացվի դա, որքանով կանցնի իրավաբանության սահմանները, էական չէ, բայց խնդիրը դա է։ Ու դա այնքան ակնհայտ է»,- մեղադրող դատախազների միջնորդությանն այսպես արձագանքեց Նարեկ Սամսոնյանը։ Ըստ նրա՝ ինքը շատ դատական նիստերի է  մասնակցել ու երբ դատավորն իսկապես կողմնակալություն է դրսեւորել, մեղադրող դատախազը չի առարկել, որովհետեւ իրենց օգտին է եղել: Նա նաեւ նկատեց, որ այնպես չէ, որ այս գործն իրենց օգտին է: Սամսոնյանը որպես կողմնակալության դրսեւորում ինչ-որ ձայնագրության օրինակ բերեց:

Վազգեն Սաղաթելյանն էլ արձագանքեց մեղադրող կողմի պնդումներին, թե հնարավոր է՝ իրենց կողմից իրավախախտում արվի: Նա ընդգծեց՝  այդ  պնդումները անհիմն են: Իրենք ազատության մեջ էլ հետեւում են նորմերին:

Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը:

Այսօրվա նիստին նիստը նախագահող դատավորը նաեւ հայտնեց, որ Պրոբացիոն ծառայության կողմից համապատասխան գրություններ են ստացել, որոնցում նշվել է, թե ինչու մեղադրյալների նկատմամբ նկատմամբ  չի կիրառվել էլեկտրոնային վերահսկողություն, քանի որ բացակայում է այլընտրանքային խափանման միջոցի կատարումը՝ էլեկտրոնային սարքավորումի միջոցով իրականացնելու պայմանները տեղաշարժի սահմանափակումները: Դատարանն էլ  բանավոր Պրոբացիոն ծառայությանն ասել է, որ էլեկտրոնային սարքավորումով վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Նիստի ավարտից հետո Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց, որ  այսօրվա նիստի կարեւոր հարցն այն էր, թե  «Մեր իրավաբանությունը ֆորմալիզմի՞ վրա է հիմնված, այսինքն՝ կարեւորը ձե՞ւն է, թե՞ բովանդակությունը: Իմ պատկերացմամբ՝ դատախազության մոտեցումները միտված էին նրան, որ ոչ թե օրենքն է մարդու համար, այլ մարդն է օրենքի համար: Ձեւական բաների մասին էին խոսում»:

Վերջում պարոն Մելիքյանը նկատեց, որ հատուկ վերաբերմունք կա այս դատավարության նկատմամբ. «Զգում եմ հատուկ վերաբերմունք կա Նարեկի ու Վազգենի մասով»:

Իսկ ինչով է պայմանավորված այդ հատուկ վերաբերմունքը հարցին, Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը պատասխանեց. «Այս գործը քաղաքական հետապնդման գործ է, երեւի դրա համար էլ հատուկ են վերաբերում: Բացարկի այդ միջնորդությունը  ոչ իրավաչափ էր, չասենք անհեթեթ, որ չվիրավորենք: Սա բողոքարկում էր առաջին խափանման միջոցի հետ կապված, երեւի դատախազները շատ ժամանակ ունեին»:

Հիշեցնենք, որ դատարանն ավելի վաղ փոխել էր Սաղաթելյանի եւ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը վարչական հսկողությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930