Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։
Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։
«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», – ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։
Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Լուրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է այսօր հայտնել՝ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն որակելով։