«Այսօր Ճակատենում, Ներքին Հանդում, Ծավում, սահմանամերձ համայնքներում ի՞նչ են ասում մարդիկ, ասում են՝ հույս կա՞, որ մեր մոտ էլ սահմանազատում կլինի։ Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանում մեծ աղմուկ է, սահմանազատման գործընթացը փորձ են անում ներկայացնել որպես մի աղետ։ Իսկ երբ Ոսկեպարի սահմանային ինժեներական պատնեշներն այդ մարդկանց ցույց տվեցի, դուք տեղում պետք է մարդկանց ոգեւորությունը տեսնեիք, ասում էին՝ մեր մոտ էլ պետք է այսպես լինի՞»,- Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ դպրոցականների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանին «Առավոտը» հարցրեց՝ Սյունիքում ոգեւորվա՞ծ են այն գործընթացից, որը տեղի ունեցավ Տավուշի մարզում։ «Իհարկե, ոչ։ Ի՞նչ սահմանազատում-սահմանագծում, սահմանազատումը գիտե՞ք որտեղ է, 150 կմ դեպի Քուր-Արաքս, սահմանազատումն այնտեղից պիտի լինի, ոչ թե Սյունիքի մարզից կամ մեր գյուղին կպած։ Բա մեր Արցախը տվել եք թշնամուն, եկել եք սահմանազատո՞ւմ եք անում։ Ո՞վ է ասել, որ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի, ինչ ուզում են, թող ասեն, օդում ասելով չէ։ Մենք պայքարում ենք, որ մեր Արցախն ազատագրենք, մեր հողերը հետ բերենք»,- ասաց Արգամ Հովսեփյանը։
Հարցին, թե Սյունիքում մարդիկ սատարո՞ւմ են Փաշինյանի այս ծրագրերին, Արգամ Հովսեփյանը պատասխանեց․ «Ես եւ իմ նման մարդիկ պատրաստվում ենք մեր հողերն ազատագրենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ