Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։
Սառա Մորգենթաուն վերահաստատել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում նոր տնտեսական հնարավորություններ դիտարկելու և համագործակցության շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը, ինչպես նաև իրենց աջակցությունն է հայտնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման հարցում։
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական համագործակցությունը, ՀՀ արտահանման դիվերսիֆիկացմանը և այդ համատեքստում որպես արտահանման նոր շուկա Ամերիկյան մայրցամաքի դիտարկմանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ արտահանման ռազմավարության մշակմանը, որն այժմ ակտիվ քննարկումների փուլում է։
Անդրադարձ է կատարվել 2024 թվականի աշնանը կայանալիք «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հերթական միջոցառման Հայաստանի Հանրապետությունում անցկացմանը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում ցուցադրելու Հայաստանի տնտեսական ներուժը և խթանելու նոր գործարար կապեր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հետ։
Կարդացեք նաև
Գևորգ Պապոյանը պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններն ու դրա սկզբունքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն