Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք նույնիսկ համոզված լինեինք, որ տարազով հագնվելու դեպքում հայ ազգը կլիներ հաղթական ու կունենար հայրենիք, վստահ եղեք, ես այսօրվանից տարազով ու տրեխներով կսկսեի ման գալ»

Հունիս 18,2024 17:47

«Ես չգիտեի, որ երկրների նախագահները, վարչապետները կամ այլ պաշտոնյաները զբաղվում են հարեւանների բամբասանքներով, թե ո՞ր շորն ի՞նչ գույնի է հագել կամ պիտի հագնի՞, թե՝ չհագնի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը։

Այդ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ պետք ամեն ինչ անել, որ մարզերում կյանքն ավելի ազատ և հետաքրքիր լինի։

Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր իր կարծիքը, թե ինչո՞ւ երիտասարդները գյուղ չեն վերադառնում՝ մայրաքաղաքում ուսանելուց հետո․ «Շատ երիտասարդներ կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում մարզեր՝ բնակվելու, այդ թվում՝ այն պատճառով, որ համայնքի ճնշումը մեծ է, ինչքան համայնքը փոքր է, ճնշումն ավելի մեծ է։ Մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ գույնի շոր հագնի, որովհետև գյուղական, մարզային համայնքներում կարող են ասել․ «Վա՜յ, էս ինչ շոր ես հագել, մազդ խի՞ ես սենց կտրել, ամոթա, էտ կոշիկդ մի հագի»։ Մարդն ուզում ա ազատ ապրի, հագնի էն շորը, որն ուզում է, բայց կան ավանդույթներ, համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ։ Բայց էսօրվա երիտասարդն էն չի, որ ասի թաղի մեծերն ասեն, ես էլ տրեխները հագնեմ, գնամ փողոց, ոչ մեկ չի ուզում»։

 

Միհրդատ Մադաթյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից 6 տարի անց, մենք արդեն պետք է հասկացած լինեինք, որ նրա ուղիղ նպատակն է՝ մետամարդակային խնդիրներից իջնել ամենաստորին մակարդակի խնդիրներին․ «Այսինքն, անվտանգային, պետական, կրթական, էկոլոգիական՝ Սեւանի մակարդակի իջեցման, Ամուլսարի, խնդիրներից իջնել այն մակարդակի, որ գյուղում մարդը պետք է որոշի՝ ինչ հագնի․․․»։

Միհրդատ Մադաթյան

Թե ինչո՞ւ մարդիկ չեն ցանկանում գյուղ վերադառնալ՝ համատեքստում, մեր զրուցակիցը նկատում է․ «Օրինակ, Ջերմուկի գյուղերում․ մարդիկ կան, որ ուզում են վերադառնալ, բայց ադրբեջանցիները որ գրավել են այդ տարածքները, թույլ չեն տալիս, որովհետեւ անվտանգ չի։ Նույնը Գեղարքունիքի մարզում․ մարդիկ կան, որ կուզեն վերադառնալ իրենց գյուղ, բայց իրենց գյուղն այլեւս անվտանգ չի եւ իրենք կորցրել են իրենց հարազատներին՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ մեղավորությամբ ու պատճառով։ Ուստի, ամեն ապուշության, որն ասվել է այսօրվա կառավարության գլխի կողմից, ուզում եմ, որ ուշադրություն չդարձնենք։ Այստեղ խնդիրը նույնիսկ տարազով հագնվելը չի։ Եթե մենք նույնիսկ համոզված լինեինք, որ տարազով հագնվելու դեպքում հայ ազգը կլիներ հաղթական ու կունենար հայրենիք, վստահ եղեք, ես այսօրվանից տարազով ու տրեխներով կսկսեի ման գալ։ Դա ասվում է այն համատեքստում, որ վաղը հայտարարվի՝ Սիսիանի գյուղերում, օրինակ, լավաշը լավ չեն թխում, եկեք այդ գյուղերը տանք թուրքերին։

Խնդիրը առաջին հերթին սա է․ մարդիկ գյուղ չեն վերադառնում, որովհետեւ այդ գյուղերն անվտանգ չեն, իսկ Հայաստանը փոքր երկիր է եւ մենք շատ քիչ գյուղեր ունենք, որոնք սահմանամերձ չեն։ Երկրորդ հերթին՝ մարդիկ գյուղ չեն վերադառնում, որովհետեւ անգրագետ, անկիրթ արարածն այսօր կառավարության գլուխ է եւ կրթությունը ոչ մի կերպ չի խրախուսում՝ ոչ Երեւանում, ոչ գյուղերում, քանդվում է ամբողջ կրթական համակարգը»։

Մեր զրուցակիցն առաջարկում է խնդրին ավելի համընդհանուր նայել․ «Մարդիկ ոչ միայն գյուղ չեն վերադառնում, այլեւ հայաստանցին, հայը, փորձում է ապրել աշխարհի կամայական ուրիշ երկրում, բացի Հայաստանից՝ Կոնգոյում, Մադագասկարում, բայց ոչ Հայաստանում ու սրա ուղիղ մեղավորն այսօրվա կառավարության գլուխն է։ Այս հարցերի պատասխանը թող տա, ոչ թե առավոտյան 5-ին մի հինգ հոգի հավաքի՝ հեծանիվ քշի, անվտանգության աշխատակիցներով շրջափակված՝ գնա Սյունիք պտտվելու եւ իմ մուծած հարկերի հաշվին կարմիր բերետավորներին հետը քարշ տա, այնտեղ նրանց համար հյուրանոց պատվիրի, որպեսզի ինքն իրեն անվտանգ զգա ու փորձի ներկայացնել, թե ինքը դեմոկրատ ղեկավար է։

Ես իր համար ուզում եմ իր բառերը կրկնել՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կտրված է իրականությունից։ Եթե մեկ անգամ, առանց այդ տասնյակներով անվտանգության աշխատակիցների դուրս գա փողոց՝ կենդանի ետ չի վերադառնա ու դա կլինի ժողովրդի կողմից՝ զոհվածի մի ծնողի կամ հայրենիքը կորցնելուց պարանոյայի մեջ մտած ինչ-որ մեկի։

Համոզված եմ, որ ոգեւորություն չի լինելու ժողովրդի կողմից, հակառակը, իր սերմանած ատելությունն է լինելու, իսկ մնացած ներկայացումները՝ տասը երիտասարդ, որ նստեցնում է, հազար կարմիր բերետավորներ էլ կողքները, որ հանկարծ ավելորդ հարցեր չտան ու ինքը ինչ-ինչ բաներ է խոսում, դրանից իրականությունը չի փոխվում։ Իրականությունը նա է, որ այսօր Փաշինյան հայհոյելը թրենդ է՝ տաքսու վարորդների շրջանում»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930