«Ինձ համար արտասովոր է, երբ անձը հարցաքննվում է, ու քննիչը հարցնում է՝ կուսակցակա՞ն ես, կամ անձի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվում ու գրվում է՝ ՀՅԴ անդամ, այն պայմաններում, երբ նա ՀՅԴ անդամ չէ»,- ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում «ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Վահե Եփրիկյանը։
Նա իր պաշտպանյալների գործերից մի օրինակ բերեց․ «Ձերբակալման արձանագրության մեջ գրված է, որ անձը ձերբակալվել է հանցանքը կատարելու պահին։ Ընդ որում, ենթադրյալ հանցանքը 40-50 հոգու նյութապես շահագրգռելու, հավաքի տանելու համար է։ Ասում եմ քննիչին՝ բացատրի՝ առավոտ՝ ժամը 07։50-ին, իրենց տանն իր անկողնու տակ քնած վիճակում ո՞նց է հիսուն հոգի մարդ պահում, ո՞նց է նրանց նյութապես շահագրգռում․ գդալով մե՞ղր է տալիս, որ հատ-հատ ուտեն։ Սա կլիներ շատ ծիծաղելու, բայց իրականում լացելու է։ Արարատի, Վայոց ձորի մարզային վարչության, մինչև այդ Երևանում, տարբեր շրջաններում՝ Դաշնակցության նկատմամբ իրականացված բռնաճնշումներից ակնհայտորեն երևում է միայն այն հանգամանքը՝ պայմանավորված։ Կարելի է ցանկացած հանցակազմի երկրորդ մասը որակյալ հանցակազմ սարքել, եթե դաշնակցական ես։ Եթե գողություն ես արել, նորմալ է, բայց եթե Դաշնակցական ես, գողությունը ծանրացնող հանգամանքով է ուրեմն։ Իրականում այսօր կալանքների, տնային կալանքների մեծ մասը երկու պարագայում է՝ եթե կամ դաշնակցական ես, կամ արցախցի։ Այս մարդիկ պրոբլեմ ունեն արցախցիների ու Դաշնակցականների հետ։ Սարսափում եմ պատկերացնել, եթե արցախցի Դաշնակցական է, այդ մարդուն ի՞նչ են անելու։ Այդ միջնորդություններն առհասարակ դատարան չպետք է բերվեին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ