Լրահոս
Օրվա լրահոսը

«Կար ցուցակ, որով իրականացվում էին ձերբակալությունները»․ Արսեն Բաբայան

Հունիս 18,2024 15:21

«Ի սկզբանե պարզ է, որ իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ապօրինի եղանակով, պարզ է, որ ձերբակալության և հետագայում կալանքի տանելու միջնորդությունները պայմանավորված են եղել կոնկրետ անձանց կոնկրետ կուսակցական լինելու հանգամանքով՝ խոսքը Դաշնակցության մասին է՝ կախված այդ կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։ Կար ցուցակ, որտեղ գրված էին մարդիկ, անունը, կողքին, թե ինչ պաշտոն է զբաղեցնում կամ ինչ կարգավիճակ ունի ՀՅԴ գրասենյակում, ինչ կապեր ու հնարավորություններ ունի՝ ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը։ Ի սկզբանե ձերբակալությունները իրականացվում էին այդ ցուցակով»,- ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը։

Ըստ նրա երկրորդ հանգամանքն այն էր, որ ցանկանում էին ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ․ «Ամեն ինչ անում էին, որ որևէ մեկը հայտարարի, որ իրեն գումար է բաժանվել, և ոստիկանության մարզային վարչության բարձրաստիճան ղեկավարության կողմից մի քանի անձի նկատմամբ կոնկրետ փորձեր են արվել հենց ոստիկանության բաժիններում, թե տվեք ցուցմունք, և դուք անմիջապես ազատ կարձակվեք։ Ունենք նաև այդպիսի ցուցմունքներ։ Ում այդպիսի առաջարկ է արվել, հիմա բոլորը կալանավորված են։ Դա նշանակում է, որ չեն համաձայնել նման ցուցմունք տալ»։

Ըստ Արսեն Բաբայանի՝ դատարան էին ներկայացվել ոչ ամբողջական ապացույցներ, որոնք իրենց համար խոչընդոտ էին արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար․ «Ներկայացնում էին հարցաքննությունների արձանագրությունները առանց տեսաձայնագրման։ Մի ամբողջ գիշեր եղել ենք դատարանում, քանի որ կիսատ ու քիչ էին բերում նյութերը։ Մեզ ներկայացվել էր վեց ժամանոց տեսագրությունների խումբ և դրա համար հատկացվել էր երեսուն րոպե՝ ընդ որում, երեսուն րոպեում նույնիսկ մեզ չհատկացրին այդ տեսանյութերը, որ կարողանայինք տեխնիկական տարբեր միջոցներով բացել այդ տեսանյութերը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930