«Բացարձակ անգրագետ հանգամանք էր փաստվել, նշվել, որ Գերասիմ Վարդանյանը և ԳՄ անդամները ԳՄ ժողով են անցկացրել Վայոց ձորում։ Սա աբսուրդ է, ծիծաղ առաջացրեց, երբ ես ասում եմ՝ դուք կառույցի վերաբերյալ պատկերացում չունեք, ուղղակի հրատապ ինչ պետք է՝ ներառել են մեղադրանքում ու հետագայում միջնորդության մեջ»,- ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում «ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։
Նա նշեց, որ հիմնվում են մի ձայնագրության վրա, որը վերցված է ՆյուԱրմենիայի բլոգից․ «Բոլորի համար հասկանալի է՝ վարչապետի հսկողության տակ գտնվող բլոգ է։ Այդ բլոգում ձայնագրությանը հղում է արվում, որ իբր հունիսի 12-ին պետք է գրոհեին ԱԺ շենքի վրա։ Հարց եմ տալիս՝ այդ ձայնագրության երեք պաշտպանյալներիս մասով սկզբից մինչև վերջ լսել եմ․ նման բան չկա։ Հարցրի՝ ինչո՞ւ են ներառել, քննիչն ընդունեց, որ նման բան չկա։ Դատարանին խնդրեցի արձանագրել, որ շինծու փաստ է արձանագրվել։
Նաև երկրորդը, որ գրել էին՝ գնում էին անկարգություններ իրականացնելու, այդ հանգամանքը նույնպես արձանագրվեց, որ չկա ձայնագրության մեջ։
Իմ պաշտպանյալներից մեկի միջնորդությունն են նշում, որում նշում է մեկ այլ անձի անուն ազգանունը։ Ասացին՝ տեխնիկական սխալ է։ Կարդում եմ շարունակությունը՝ 236-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում։ Ասում եմ՝ հարգելիս, դուք կարդացե՞լ եք հոդվածը՝ 2-5 տարի՞ է, թե 3 տարի։ Ասում են՝ տեխնիկական սխալ է։
Կարդացեք նաև
Անձի անուն եք գրում, որ իբր ենթադրյալ հանցավոր արարքն է կատարել, չի պատկանում իմ պաշտպանյալներին, նրա տվյալները չեն, պատժի չափը տեխնիկական սխալ է, գրոհելու պահով տեխնիկական սխալ է, գոյություն չունի, անկարգությունները գոյություն չունեն, միգուցե ձեր միջնորդությունը կազմել եք այս՝ գոյություն չունեցող փաստերի վրա՞։ Վերանայեք խնդրում եմ։
Իհարկե, պարզեցի, որ իրականում միջնորդությունը քննիչը չէր գրել, գրել էր մեկ ուրիշը՝ հանձին քննչական խմբի ղեկավարի։
Դատարանում վիճարկել եմ մեղադրանքի իրավական հիմքը, որ գրում էին, որ հավաքի մասնակիցները ցանկացել են մտնել պետական նշանակություն ունեցող շենք ու նկարագրում հանգամանքներ իրենց հորինած փաստարկի, հարց բարձրացրի, որ ամսի 12-ին հավաքի մասնակիցները պետք է ԱԺ-ի վրա գրոհեին, ԱԺ-ն Բաղրամյանի վրա, մուտքն է այնտեղից, եթե ուզենային գրոհել, ի՞նչ խնդիր կար, կգրոհեին՝ ոստիկանության մի շարք էր կանգնած՝ ի տարբերություն Դեմիրճյան փողոցի, որտեղ հռոմեական լեգեոներների՝ շթերով զինված չորս-հինգ շարք էին կազմել՝ հետևը սև ու կարմիր բերետավորները։
Միանշանակ է այն հանգամանքը, որ ոչ թե խոսքը ԱԺ -ն գրոհելու ենթադրյալ նպատակի մասին էր, այլ իրենց կողմից կատարվել են ակնհայտ ապօրինի գործողություններ, նույնիսկ հանցակազմ պարունակող՝ հանձին ոստիկանության։ Դեմիրճյան փողոցն իրավունք չունեին նրանք փակել, չկար կարևոր պետական միջոցառում, որի մասով ունեին հրաման, հավաքի մասնակիցները տեղեկացված էին, բայց ակնհայտ կերպով խախտել են Սահմանադրությունը և Հավաքների մասին օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասի վերջին պարբերությունը, որտեղ ասվում է՝ ոստիկանության աշխատակիցները պարտավոր են ապահովել հավաքի անցկացման անվտանգությունը։ Իրենք իրենց գործողություններով նպաստում են անկարգությունների։ Հավաքների մասին օրենքն ասում է՝ իրավունք չունեն հավաքն ուղղորդել մեկ այլ վայր իրականացնելու, քանի որ դրանով կարող է նշանակությունը կորցվել»։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե իբր Դաշնակցությունը «փող է բաժանել», փաստաբանն ասաց․ «Ձայնագրությունների մեջ, մի տեղ արձանագրության մեջ իրենք էլ նշել են, որ 60 հոգուն 150 հազար դրամ, բայց նաև ամրապնդել են այն հանգամանքը, որ յուրաքանչյուրին 10-12 հազար փող են տվել։ Ասացի՝ բոլորս երրորդ դասարանում սովորել ենք բազմապատկման աղյուսակը, եթե յուրաքանչյուրին տվել են 10-12 հազար, ու 60 հոգուն 150 հազար են բաժանել, ինչ որ բան այն չէ․ 10 հազար անգամ 60 հոգի անում է 600,000 պետք է բաժանած լինեին, բա ինչո՞ւ են 150,000 բաժանել։
Աբսուրդի է հասնում նաև այն հանգամանքը, որ Դաշնակցական կառույցը ժողով է անում, որոշում՝ կառույցի այն անդամները, որոնք ի վիճակի չեն գալ, որ ապահովեն մեքենաներով՝ կլինի կուսակցական, թե ոչ։ 10-12 հազարը մեքենայի լիցքավորման համար էր, որ մարդիկ գնան։ Կուսակցական ընկերները, որ գնացել են, համարել են՝ նրանց նյութապես շահագրգռելը։ Եթե բերեք ապացույց, որ դա բաժանվել է հինգ հոգու միջև, մեքենան չի լիցքավորվել մեքենան, ես կընդունեմ, որ անձանց շահագրգռել են։ Դա աբսուրդի թատրոն է»։
Մկրտիչ Դավթյանը նաև նշեց, որ 40 րոպե Քննչական կոմիտեում թույլ չեն տվել իրեն բարձրանալ վերև՝ իր պաշտպանյալների մոտ։ Սկզբում ասել են, թե նրանք պահվում են ձերբակալվածների պահման վայրում, հետո պատգամավորները գնացել են, տեսել, որ այնտեղ չեն, հետո եկել է քննիչը, ասել, որ երբ կսկսվեն քննչական գործողությունները՝ այն ժամանակ իրեն թույլ կտան, մինչդեռ իրեն թույլ չեն տվել բարձրանալ վերև ու այդ ընթացքում իր պաշտպանյալին հարցաքննել են․ «Պաշտպանյալներիցս մեկին, որի մասով ներգրավվել եմ՝ որպես պաշտպան, նրան արդեն հարցաքննում էին։ Քննչականի պետին ասում են՝ իրավունք չունեք։ Ինձ ասում է, երբ դու տվյալները փոխանցեցիր, նրան արդեն հարցաքննում էին, հո չէի՞ կոտրի դուռը։ Պարզեցի, որ պաշտպանյալս, որին հարցաքննել են, փաստաբան է պահանջել, նրան ասել են՝ առաջին հարցաքննության ժամանակ փաստաբան պետք չէ։
Ակնհայտ համոզմունք է ձևավորվել, որ քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարել, ոստիկանությունն ավելի հեռու է գնացել։ Այն պայմաններում, երբ իմ պաշտպանյալը գտնվել է ձերբակալման վայրում, նրան ասել են, թե այդ պաշտպանիցդ, որը դաշնակցական է հրաժարվի, քեզ բաց կթողնենք։ Ես դաշնակցական չեմ։ Կարդալով արձանագրությունը քրեական գործով՝ համոզմունք է ձևավորվում, որ նպատակը կուսակցության դեմ է ուղղված և ասել եմ՝ Լևոն-Տեր-Պետրոսյան-2 գործառույթն են իրականացնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, իսկ վերջինս 1994-ի դեկտեմբերի 28-ին վերնաշապիկի թևերը քշտելով` գիտենք` ինչ հայտարարություն արեց»։
Ըստ փաստաբանի՝ հարցը իրավական դաշտում լուծելը կսաստի իշխանություններին հետագայում նման գործողություններ կատարելու հարցում։ Նա նաև օրինակ բերեց իր պաշտպանյալներից մի կնոջ վերաբերյալ, որը երկու անչափահաս երեխա ունի, թե ինչպես են նրան էլ համոզել, որ փաստաբանից հրաժարվի․ «Տեսեք՝ ինչ հոգեբանական ճնշում են գործադրել՝ մի կողմից երեխաներն են, ասում են՝ հրաժարվի պաշտպանից, որ քեզ բաց թողնենք, գնաս տուն, այլապես տանում ենք դատարան։ Նա ընտրել է դատարանը։ Մյուս պաշտպանյալիս մասով գրել էին՝ դաշնակցական։ Իրենց մոտ այն տպավորությունն է, որ եթե մարդը գնում է հավաքի, ուրեմն դաշնակցական է։
Պաշտպանյալս դատական նիստին ասում է, որ գործատուին, երբ ասել է, որ աշխատանքի չի գնալու, քանի որ հավաքի է գնալու, նա ասել է՝ ընտրի կամ գործդ, կամ հայրենիքդ։ Պաշտպանյալս ասել է՝ հայրենիքս։ Այսօր նա կալանավորված է։ Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, որ իշխանությունը հասել է նրան, որ մարդկանց մոտ ներդրել է նպատակ, որ հայրենիք գոյություն չունի․ առաջնայինը սնունդը, բիզնեսն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ