Հղիությունը տասներկու շաբաթականից հետո արհեստական ճանապարհով ընդհատելու համար օրենքում, բացի բժշկական ցուցումներից՝ ամրագրված են նաև սոցիալական ցուցումներ, որոնցից են՝ ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու ազատազրկումը, ամուսնալուծությունը։ Բոլոր այս նշված դեպքերում կինը կարող է ընդհատել մինչև 22 շաբաթական հղիությունը:
Հոգեբանների պնդմամբ` սոցիալական ցուցում անվան տակ ներկայացվող այս իրավիճակներում կինը ենթարկվում է սթրեսի, իսկ հղի կինն առավել զգայուն է, հետևաբար իրեն անելանելի վիճակում զգալու ու աբորտի դիմելու հավանականությունը շատ մեծ է, որն էլ կարող է հանգեցնել ինչպես առողջական, այնպես էլ հոգեբանական խնդիրների: Եվ փոխարենը պետությունն աջակցի ծանր իրավիճակում հայտնված հղի կնոջը` օրենքով տալիս է հնարավորություն, նույնիսկ կարելի է ասել՝ ուղղորդում է ազատվել երեխայից:
Հոգեբան Լաուրա Պետրոսյանը սխալ քայլ է դիտարկում վերոնշյալ ցուցումներն օրենքով ամրագրելը. «Ամուսնալուծությունը հղիությունն ընդհատելու պատճառ չի կարող լինել, երեխան արդեն մոր արգանդում գոյություն ունի, և ունի` և հայր, և մայր: Այս սոցիալական ցուցումը հավասարազոր է նրան, որ ծնողների ամուսնալուծությունից հետո ասենք` ծնված երեխան չունի իրավունք գոյություն ունենալու»,-ասաց հոգեբանը։
Նշենք, որ ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի՝ հղի կինն ամուսնալուծությունից հետո նյութական բավարար միջոցներ ունեցող նախկին ամուսնուց դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունի։
Կարդացեք նաև
Հոգեբանի խոսքով ամուսնու մահը ևս չի կարող համարվել սոցիալական ցուցում. «Եթե ամուսինը մահացել է` չի նշանակում, որ երեխան էլ պետք է մահանա: Ամուսնու մահն արդեն իսկ սթրես է կնոջ համար, և եթե կինն ընդհատի հղիությունը` սթրեսը կրկնապատկվելու է, իսկ հետագայում պատվելու է մեղքի զգացումով: Հղիության ցանկացած ժամանակահատվածում կատարված արհեստական ընդհատումը` երեխայի սպանություն է, և որպեսզի դա տեղի ունենա, կինն առաջին հերթին իր մեջ` իր հոգում, իր մտքում է սպանում իր պատկերացումներում ձևավորված երեխային, ու հետո գնում նրա ֆիզիկական ոչնչացման քայլին:»:
Հոգեբանի կարծիքով` ամուսնու կամ կնոջ ազատազրկումը որպես սոցիալական ցուցում դիտարկելը ևս անընդունելի է. «Ես իմ գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ եմ ականատես եղել այնպիսի դեպքերի, երբ կանայք ազատազրկման մեջ են երեխա ունեցել ու պահել իրենց կողքին»,-ասաց Լաուրա Պետրոսյանն ու ընդգծեց, որ կանայք աբորտ անելու ցանկության դեպքում, կամ եթե արդեն իսկ գնացել են այդ քայլին` անպայման պետք է դիմեն հոգեբանի օգնությանը։
Նշենք, որ ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի` մինչև երեք տարեկան երեխա ունեցող կին դատապարտյալը կարող է իր երեխային տեղավորել քրեակատարողական հիմնարկի մանկան տանն ու աշխատանքից ազատ ժամերին առանց սահմանափակման շփվել նրա հետ: Իսկ երեխայի երեք տարեկան դառնալուց հետո, եթե դատապարտյալի պատժի ավարտին մնացել է երեք տարուց ոչ ավելի ժամանակ, ապա` երեխան կարող է մնալ մոր մոտ մինչև պատժի ավարտը:
Հոգեբանի դիտարկմամբ` հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումներ սահմանելու փոխարեն պետք է կանանց կրթել, որպեսզի կարողանան ծնող լինեն իրենց երեխայի համար. «Սակայն, եթե ծնողն, այնուամենայնիվ, ի վիճակի չէ երեխայի մասին հոգ տանել, ու երեխան ավելի վատ վիճակում է հայտնվելու, այստեղ պետությունը պետք է պատասխանատու լինի: Անհրաժեշտ է մանկատների գործունեությունը բարելավել, ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերը զարգացնել»,-հավելեց Լաուրա Պետրոսյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տեղեկատվության՝ 2023թ. շուրջ 41 երեխայի նկատմամբ ծնողական իրավունքից հրաժարվել են ծնողները։ Նախորդ տարիներին այդ թիվը կազմել է` 2022թ.` 47, 2021թ.` 36, 2020թ.` 58: Այս երեխաների մեծ մասն ունեն կամ առողջական խնդիրներ, կամ հաշմանդամություն:
Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումների շարքում է նաև բռնաբարությունը: Հոգեբանը, թեպետ հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելը երեխայի սպանություն է դիտարկում, բայց այս հարցին որոշակի վերապահումով մոտեցավ. «Բռնաբարությունը, միգուցե վերապահումով, բայց կարող եմ դիտարկել սոցիալական ցուցում` հաշվի առնելով, որ կնոջ կամքին դեմ գործողություն է եղել: Սակայն դա ևս վիճահարույց հարց է, որովհետև դա կախված է նրանից, թե կինն ինչպես է ընկալում այդ երեխային: Կան կանայք, որոնք չծնված երեխային ընկալում են առանձին էակ, այսինքն` գտնում են, որ կյանքի իրավունքն այդ երեխայինն է` անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմաներում է եղել բեղմնավորումը և կյանք են տալիս նրան: Հետևաբար սա խիստ անհատական հարց է»:
Հոգեբանն անդրադառնալով անչափահասների հղիության հարցին, ընդգծեց, որ անչափահասը ինքն ունի մայրական խնամքի կարիք, հետևաբար իր երեխայի համար նրա մայր լինելը սահմանափակվելու է միայն երեխային կյանք տալով, մինչդեռ երեխային խնամք ու դաստիարակություն է պետք. «Այստեղ անհրաժեշտ է պատասխանատու անձ, որը կապահովվի և անչափահասի, և նրա ծնած երեխայի խնամքը: Այս հարցում գուցե կարելի է դիտարկել բռնաբարությունը որպես սոցիալական ցուցում, բայց էլի վերապահումով եմ մոտենում: Որ կողմից էլ մոտենանք հարցին` երեխան, եթե գոյություն ունի կնոջ արգանդում, արդեն իսկ ունի կյանքի իրավունք:»:
Հոգեբան Աննա Գալստյանը ևս այն համոզմունքին է, որ հղիության արհեստական ընդհատումը մարդու սպանություն է, այսինքն` գիտակցաբար որևէ մեկին կյանքից զրկում: Նա գտնում է, որ բժիշկները պետք է դադարեն աբորտ կատարել։
Աննա Գալստյանի խոսքով` նույնիսկ հղիության վաղ ժամանակահատվածում կատարված աբորտը հանգեցնում է մի շարք խնդիրների, այդ թվում ամուսինների միջև սառնության առաջացմանը, ընդհուպ մինչև բաժանման և իրար հանդեպ բռնության ու ագրեսիվ վարքագծի։
Հոգեբանի դիտարկմամբ` հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազեցնելու լավագույն քայլը` հասարակության իրազեկվածության բարձրացումն է. «Անցանկալի հղիությունից կարող են պաշտպանվել հակաբեղմնավորիչներ կիրառելով։ Հասարակությունը պետք է իրազեկված լինի, թե ինչպես պետք է պաշտպանվել, ինչպես նախապատրաստվել հղիությանը, ինչպես անցկացնել հղիության շրջանը և ծննդաբերել, որ առողջ հասարակություն ունենանք»:
Նարա Մարտիրոսյան