Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞վ և որքա՞ն եք կարողանում աջակից լինել այս պայքարին… դա գոնե չնչին համեմատական կարո՞ղ է ունենալ խորհրդարանական ընդդիմության կատարած աշխատանքի հետ». Պատգամավորի արձագանքը մանդատները վայր դնելու կոչին

Հունիս 18,2024 11:24

Արծվիկ Մինասյանը, մանդատները վայր դնելու հետ կապված պարզաբանել էր«Ամենակարեւոր հարցը այն է, որ ընտրական հանձնաժողովներում, 8 անդամներից 4-ը նշանակում է ընդդիմությունը, եթե մանդատները դրվեն, այդ թափուր տեղերում նշանակումներ լինելու են ԿԸՀ-ի կողմից, որը իշխանության ձեռքում է»։

«Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները։ Ինչի՞ համար։ Սին խոստումների և անպտուղ ու անիրականանալի հույսերի համա՞ր։ Այն անկարողության և անօգնականության համար, որ դուք անընդհատ դրսևորու՞մ եք «անհարմար» իրավիճակներում»,- ֆեյսբուքյան գրառմամբ ընդդիմադիր պատգամավորներին այսպիսի հարց է տվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ երբ հայտնի դարձավ, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու օրենքի ուժով հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստին, ընդդիմադիր խմբակցություններին այսպիսի հարցեր տալու ցանկություն առաջացավ։

ՊԵԿ նախկին նախագահը նաև հարցնում է՝ չեք գիտակցու՞մ, որ Բագրատ Սրբազանի կողմից հունիսի 9-ին հայտարարված իմպիչմենթի իրականացման համար անհրաժեշտ ձեր՝ անբավարար ստորագրությունների և դրան հաջորդած «ուղերձային» անիմաստ ու անիրական գործողությունների պատճառով ծագած ճգնաժամը վկայում է ՁԵՐ «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև խորը անջրպետի մասին․ «Դու՛ք, դատարկ դահլիճում մենակ մնացած ընդդիմադիր պատգամավորնե՛րդ, այսօր վստահաբար հանդես եք գալու մեղադրանքներով, բողոքներով և պաթոսով լի ելույթներով՝ դիմելով ֆանտոմային լսարանին։ Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ի պատասխան արձագանքել է․ «Պարոն Անանյան, կարող եք ասել՝ դուք ինչո՞վ և որքա՞ն եք կարողանում աջակից լինել այս պայքարին (խոսքի, հայտարարությունների և անձնապես մեկ-մեկ մասնակից լինելուց զատ) և դա գոնե չնչին համեմատական կարո՞ղ է ունենալ խորհրդարանական ընդդիմության կատարած աշխատանքի հետ։ Խնդրում եմ Ձեզ, Նիկոլի օրակարգերին մի տեղիք տվեք և եթե հարցեր ունեք , առանց կեղտոտ ջրում ձուկ բռնելու մտադրությամբ, կարող եք դիմել խորհրդարանական ընդդիմությանը և ստանալ սպառիչ պատասխաններ մեր մարտավարության հետ կապված»։

Դավիթ Անանյանն արձագանքել է. «Պարոն Սահակյան, ոնց որ տեղ հասանք։ Թե ես ինչով եմ աջակցում Սրբազան շարժմանը, դա իմ գործն է, քանի որ ես անհատ անձ եմ և, ի տարբերություն Ձեզ՝ պատգամավորական հանրային պարտականություններով ծանրաբեռնված չեմ։ Ես Ձեզ իրավունք ունեմ հարցնելու, դատապարտելու, քննադատելու, որովհետև Դուք ընտրյալ եք, իսկ ես՝ ընտրող։ Սա մեկ։ Երկրորդը, կխնդրեմ պարզաբանեք, թե, որն է «պղտոր ջրում ձուկ բռնելու» իմ մտադրությունը, հակառակ պարագայում, պատիվ եմ պահանջելու»:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ մանդատները վայր դնելու հարցը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգում կա, բայց մանդատները վայր դնելը չի լինելու իշխանության ցանկությամբ։ Նաև պարզաբանել էր․ «Ամենակարեւոր հարցը այն է, որ ընտրական հանձնաժողովներում, 8 անդամներից 4-ը նշանակում է ընդդիմությունը, եթե մանդատները դրվեն, այդ թափուր տեղերում նշանակումներ լինելու են ԿԸՀ-ի կողմից, որը իշխանության ձեռքում է»։ Նման մեկնարկով արտահերթ ընտրությունների կազմակերպումը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ապահովելու է իշխանության լիակատար հաղթանակը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930