Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական կոմիտեն Աշոտ Սիմոնյանին ճանաչել է՝ որպես տուժող և ծանուցագիր է ուղարկել նրան, դեպքից տասն օր հետո․ սա ծաղր է»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 17,2024 22:33

«Աշոտ Սիմոնյանը՝ ըստ որոշ հայտարարությունների ճանաչված է՝ որպես տուժող, բայց այն անհրաժեշտ, հրատապ գործողությունները, որոնք պահանջվում էին՝ թե′ դատաբժշկական փորձաքննություն, թե′ տեղազննություն, թե′ անձանց նկատմամբ, որոնք բացահայտ են, քրեական  հետապնդում հարուցելու, նրանց՝ որպես մեղադրյալներ ներգրավելու ուղղությամբ ոչինչ արված չէր»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ծեծի ենթարկված ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանը տուժող ճանաչվե՞լ է, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը

Հիշեցնենք՝ մայիսի 27-ին ՀՅԴ գրասենյակի մոտ կարմիր բերետավորները հարձակվել, ծեծել, այնուհետև բերման են ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։

Արծվիկ Մինասյանն ասաց՝ հաղորդումը հանցագործության մասին ներկայացրել էր Արամ Վարդևանյանը, նաև նման հայտարարությամբ հանդես էին եկել մի շարք ՀԿ-ներ և անձինք․ «Որևէ պաշտոնական տեղեկատվություն, որ քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության համազգեստով այն բորենիների նկատմամբ, որոնք բացահայտ կատարում են հանցագործություն, դրանցից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»։

Արծվիկ Մինասյանն ասաց՝ հերթական ծածկադմփոցն է․ «Ընդամենը մեկ կարգապահական պատասխանատվության մասին է։ Իբր ոստիկանության աշխատակիցներից մեկին աշխատանքից հեռացրել են, բայց այդ նույնը անձը կարող է ներգրավվել նորից ծառայության մեջ։ Տեսնում ենք ոչ թե մեկ, այլ երեք տասնյակից ավելի անձանց, որոնք բացահայտ հանցագործություն են կատարել, ու նրանցից որևէ մեկը ներգրավված չէ՝ որպես մեղադրյալ։ Աշոտ Սիմոնյանի հետ առերես հարցաքննության փուլում նույնիսկ ներգրավված չէ։ Ուզում եմ ասել, որ մենք գործ ունենք ՔՊ-ական իշխանության ժամանակահատվածում հերթական ծածկադմփոցի, կեղծ հայտարարությունների, բացառապես իշխանություններին պահող վարքագիծ ցուցաբերող քննչական մարմնի հետ»։

Հստակեցմանը՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասացիք, որ ըստ որոշ հայտարարությունների՝ Աշոտ Սիմոնյանը ճանաչված է՝ որպես տուժող, Արծվիկ Մինասյանը պարզաբանեց․ «Դա նշանակում է, որ իբր թե Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, որի շրջանակներում առերևույթ այդ տվյալների հիման վրա Աշոտ Սիմոնյանին ճանաչել է՝ որպես տուժող և ծանուցագիր է ուղարկել նրան, եթե չեմ սխալվում դեպքից տասն օր հետո՝ հրավիրելով քննչական մարմին բացատրություններ կամ հարցաքննություն կազմակերպելու համար։

Սա ծաղր է։ Որքան գիտեմ ԱԺ-ում նիստերի ժամանակահատվածն էր եղել, և Աշոտ Սիմոնյանը տեղեկացրել էր, որ այս դեպքում անգամ հրատապություն չկա, որովհետև, եթե դուք պիտի հրավիրեիք, որպեսզի նաև դատաբժշկական փորձաքննության ուղեգիր տայիք, տվյալները ստանայիք, որը ցույց կտար, թե ինչպիսի մարմնական վնասվածքներ է ստացել Աշոտ Սիմոնյանը, դրանք արված չեն, փոխարենը Քննչական կոմիտեն ակտիվորեն հարյուրավոր անձանց մարմնական տարբեր աստիճանի՝ ի դեպ ծանր աստիճանի վնասվածք պատճառով իրավապահ մարմինների աշխատակիցներին թողնում է հանգիստ, բայց քրեական հետապնդումներ է հարուցում տասնյակ քաղաքացիների նկատմամբ, որոնք իրացրել են իրենց սահմանադրական իրավունքն՝ ազատ, առանց զենքի խաղաղ հավաքների անցկացման մասով, որոնք վնասվածքներ  են ստացել ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով։

Ավելին, 30-ի հասնող անձանց ձերբակալում են, 72 ժամ զրկում ազատությունից, հետո, որ մարդիկ դուրս են գալիս այնտեղից, քանի որ նրանց արարքներում չկա մի բան, որը կարող էր թեթև անգամ մատնանշել նրանց կողմից հանցագործություն կատարելու մասին, նույնիսկ այս մարդկանց սեփականություն հանդիսացող գույքը՝ դրամապանակները, հեռախոսները, առգրավել են․ մինչև այսօր չեն տալիս։ Սա հափշտակություն էլ չէ, սա մանր ժուլիկություն ու գողություն է։ Այդ ամեն ինչով այսօր հանդես է գալիս ՀՀ-ի իրավապահ համակարգը՝  քավորությամբ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ամբիոնից արդարացնում է ոստիկանական վայրագությունները։ Եվ հաճույք է ստանում, որ ինչպես իրեն են ժամանակին առանձին ոստիկաններ բռնության ենթարկել, այնպես էլ ինքը նույն հաջողությամբ ու հաճելի զգացողությամբ հիմա դիտում է, թե ինչպես են քաղաքացիներին խոշտանգման ենթարկում։ Մենք գործ ունենք այսպիսի իշխանության հետ։ Ու այդպիսի իշխանությունից կարո՞ղ ենք ակնկալել արդարադատություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930