Այսօր Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը ելույթ ունեցավ եւ խոսեց անազատության մեջ գտնվող շարժման աջակիցների մասին. «27 տղաները այստեղ են, ովքեր ազատվել են: Ունենք միակողմանի արդարադատություն: Ամսի 12-ին անհամաչափ, դաժան, բռնի ուժ կիրառվեց, կիրառեցին նաեւ հատուկ միջոցներ: Կադրեր կան, ինչպես են հատուկ միջոց կիրառում այնտեղ, որտեղ կանայք կան, երեխաներ, առաջիկայում համապատասխան քրեական պատասխանատվության կենթարկվեն այդ անձինք: Մտահոգիչ է, որ որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Կադրեր ենք տեսել, թե ինչպիսի դաժանություն են գործադրում ոստիկանները, ոստիկաններից մեկը անասելի դաժանություն էր անում, երիտասարդներից մեկի մազերից քաշում: Ողջունում եմ գնդապետ Ազիզյանին, որը կանխեց դա: Մենք չենք կարող չընդունել, որ ոստիկանների մեջ կան անձինք, որոնք պատվով կրում են իրենց ուսադիրները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ