«Սիրելի հայրենակիցներ, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Դաշնակցության այսօրվա ղեկավար կազմից որեւէ անձ չի խանգարում հայրենիքը փրկելու ձեր ձգտումներին ու քայլերին։ Կեղծ են բոլոր այն նարատիվները, թե իբր՝ եթե շարժմանը չաջակցեն այս մարդիկ, ապա Նիկոլը չի մնա։ «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» առաջնորդում է Բագրատ սրբազանը, նրա կողքին հավաքված ղեկավար կազմում դուք տեսնո՞ւմ եք որեւէ նախկին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ նախկինների մասին այդ կեղծ թեզը չի կարելի առաջ տանել։ «Նույնիսկ այդ դեպքում ՔՊ-ականները վերցրեցին ու սկսեցին թիրախավորել Եկեղեցին, կաթողիկոսին, Բագրատ սրբազանին։ Ձեզ այս ամենը չի հուշո՞ւմ, որ այս մարդկանց բացարձակ իրենց աթոռն է հետաքրքիր։ Ով լինի այնտեղ, կուզեք Հիսուս Քրիստոսն իջնի երկնքից, կասեն՝ տեսեք, մատները ծակ են, հետեւաբար, ինքը նախկին է։ Եվ այս տրամաբանությամբ անընդհատ դուք եւ այն մարդիկ, ովքեր մտածում են այդ մասին, օգնում եք Նիկոլի իշխանության հավերժացմանը։ Եվ Նիկոլն օգտվում է դրանից, շատ փայլուն է օգտվում, որովհետեւ իր համար այդ աթոռը ամենամեծ երազանքն է։ Ինքը կարող է մոլորեցնել իր աջակիցներին, քաղաքացիների մեծամասնությանը, ինչպես հիմա է մոլորեցնում։ Գնում, փաստաթուղթը ստորագրում ու հանձնում է, ասում է՝ դա դուք հանձնեցիք»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե հունիսի 12-ին շարժումը մտադիր էր հարձակվել ԱԺ շենքի վրա եւ թիրախավորել նաեւ վարչապետին։ «Այդ կեղծ միտքը եւ ամեն մեկի փչացվածության աստիճանը փորձում են պարտադրել, տարածել։ Աբսուրդ է դա, դրանով իրենք արդարացնում են իրենց հանցագործ վարքագիծը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ