Արդեն 4 օր է անցել բախումներից, իրավապահները հայտնում են, որ տուժողի կարգավիճակ ունեցողներ չկան: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը այս առնչությամբ ասաց. «Հայտնեմ ձեզ, որ այս քանի օրը այցելել եմ հիվանդանոցները, մեր վիրավորներին այցելել եմ, տարբեր չափի վնասվածքներ: Մինչեւ երեկ գիշեր դատական բժիշկ չէր այցելել իրենց: Քննիչներ են միայն այցելել: Պատգամավորները պետք է միջնորդեին, որ դատական բժիշկ գար: Սա ինչի՞մասին է խոսում: Իրենք փորձում են ամեն կերպ խուսափել: Պարտավոր են թարմ վիճակով այցելեն, քննեն, հասկանան ինչ է, երեկ գիշերվա դրությամբ ոչ մի դատական բժիշկ չի այցելել: Փոխարենը կան կալանավորված մարդիկ, որոնց մի մասին արձակեցին՝ մեղադրանք չլինելու պատճառով. Այս ընթացքում 27 հոգու մասին է խոսքը: Թեպետ կան 100 եւ ավելի վնասվածքներ ստացածներ: Մենք իրավական գործընթաց սկսելու ենք, դատական գործեր են հարուցվելու, բոլոր դեմքերը իդենտիֆիկացված են, հաղորդում ենք ներկայացնելու: չորեքշաբթի մամուլի ասուլիս ունենք, կհայտնենք»:
Այն, որ ըստ իշխանականների, շարժման նախաձեռնողները կոչ են արել բախումների՝ սրբազանը հակադարձեց. «Ես ժողովրդին կոչ եմ արել հանդարտվելու, որովհետեւ լավ էի հասկանում, որ թիկունքում զինված մարտական գնդակներով զինված զորքեր էին կանգնած: Փաստված է, որ ժամկետանց նռնակներ են եղել, կիրառվել են միջոցներ, որոնք անթույլատրելի են եղել: Մեզ շենքերը հետաքրքիր չեն, շենքերում գործող մարդիկ պետք է գան ու պատասխան տան, մեր նպատակը եղել է, որ շրջափակեն ու չթողնեն, որ մարդիկ իրենց սեւ գործը կատարեն, ինչ կատարել են»:
Բագրատ սրբազանն ասաց, որ բիրտ գործողություներին զուգահեռ ոստիկանները նաեւ ամենավերջին հայհոյանքներն են տվել. «Հայհոյել են հայր, մայր, ամեն ինչ,ներառյալ նաեւ ինձ: Երբ տղաներից մեկն ասել է սրբազանի՞ն ինչի ես հայհոյում, ասել է՝ նա սրբազան էր, երբ ինձ պսակում էր, հիմա դառել ա տերտեր»:
Կարդացեք նաև
Հռփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ