«Դեռ լավ չեմ զգում ինձ։ Ընդհանուր, գլխապտույտ, սրտխառնոց, թուլություն ունեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հունիսի 12-ին ոստիկանության կիրառած նռնակների հետևանքով տուժած ՍիվիլՆեթի օպերատոր Նարեկ Հայրյանը։
Հետաքրքրվեցինք՝ իրեն տուժող ճանաչե՞լ են, որևէ գործընթաց կա՞, նա պատասխանեց, որ ինչ-որ բան հատուկ իր մասով չի նախաձեռնվել ու պատմեց․ «Ես ինքս գնացել, մասնավոր կլինիկայում եմ ստուգվել, քանի որ պետական Արմենիա ԲԿ էի գնացել․ որևէ բան չախտորոշեցին։ Ասացին, որ նյարդաբանը պետք է հետազոտի, հենց նույն օրը գիշերն էր։ Նյարդաբանը հրաժարվեց, ասաց, որ իր մասով չէ՝ լսելով, որ քաղաքական ակցիայի ժամանակ է եղել։ Գնացի տուն, ուշ էր արդեն, ինքնազգացողությունս չէր կարգավորվել, հետո ինքնուրույն գնացի մասնավոր կլինիկայում ստուգվելու։ Նյարդաբանն ախտորոշեց, որ գլխուղեղի ցնցում է, նյարդային սպազմ է մոտս։ Դեղորայքներ են նշանակել, ասաց՝ հանգստի ռեժիմ է պետք։ Նաև հետազոտություն անցա ակնաբույժի մոտ»։
Հետաքրքրվեցինք՝ քննչական մարմիններից Ձեզ չեն զանգե՞լ, Նարեկ Հայրյանը պատասխանեց՝ չի հետաքրքրվել այդ հարցով․ «Շտապօգնության մեքենայով չեմ գնացել դեպքի վայրից, ինձ թվաց՝ շոկային բան է, գնամ տուն, վիճակս կկարգավորվի, հետո որ տեսա՝ ինքնազգացողությունս չի կարգավորվում, դիմեցի բժշկի»։
Հիշելով հունիսի 12-ին կատարվածը՝ օպերատորը պատմեց․ «Անմիջապես իմ կողքին մի քանի նռնակ պայթեց։ Բախտս բերեց, որ ինձ բեկորներ չէին կպել։ Հենց նկարահանման աշխատանքներ էի տանում այգու ներսում, որ մի պահ ոստիկանները ագրեսիվ վազեցին դեպի այգի, ինձ թվաց՝ մարդ են ծեծում, տեսա՝ քաշքշում են ժողովրդին, ոմանց հրում էին, ես էլ եմ ընկել այդ պահին։ Տեխնիկաս է շարքից դուրս եկել, ուղիղ եթերի նկարահանման սարքը, որ ես աշխատում էի, փչացել էր, ես չեմ կարողացել իմ աշխատանքն անել։ Այդ քաշքշուկի ժամանակ երեք տեղից ոտքից սալջարդ ստացա։ Գնացի ոստիկանության ուղղությամբ, հետո հիշում եմ՝ պայթյունից մեջքով շրջվեցի, որ գնամ դեպի ժողովրդի կողմը, մի քանի նռնակ, իրար հաջորդելով երեսուն վայրկյան տարբերությամբ, իմ կողքին պայթեց։ Իմ ինքնազգացողությունը վատացավ, շնչահեղձ եղա, աչքերիս առաջ սևացավ, ու երրորդ նռնակի պայթյունից արդեն ուշագնացության բան սկսվեց մոտս, գլուխս կախեցի, գիտակցությունս տեղն եկավ, մի քանի րոպե հետո նոր շարունակեցի գլխապտույտով մի քանի բան նկարել։ Վիրավորներին էի նկարում։ Հետո գործընկերս եկավ, Բաղրամյանի սկզբում ուշագնաց եղա, քաղաքացիները, պարեկները եկան օգնության։ Հետո ասում էին, որ գունատ եմ եղել, ոտքերս վերև էին բարձրացրել, որ գիտակցությունս չկորցնեմ։ Երբ ուշքի եկա, մի կերպ հասա տուն, հետո արդեն գնացի բժշկի»։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Նարեկ Հայրյանի ֆեյսբուքյան էջի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ