ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ոստիկանների կողմից ցուցարարների ուղղությամբ հատուկ միջոցների կիրառման հարցին։
Լրագրողները հարցրին՝ ոստիկանության գործողություններն օրինաչափ համարո՞ւմ է։ «Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ այն բանը, երբ ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա, այն բանը, որ ջարդուխուրդ են արել Սիրահարների այգին, բավարար առիթ չէ, որ ոստիկանությունը կարգի հրավիրի այդ մարդկա՞նց։ Ոստիկանությո՞ւնն է հարձակվել ժողովրդի վրա, որոնք կանգնած են այնտեղ։ Նեղսրտո՞ւմ եք, որ նռնակներ են նետել, բայց ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա։ Պատգամավորների կոչով եւ Բագրատ Գալստանյանի հրահրմամբ դա տեղի ունեցավ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Բագրատ սրբազանը ժողովրդին դրդեց հարձակման ոստիկանության վրա։ «Ի՞նչն է այստեղ անհասկանալի։ Այդ մարդուն երկու բան ունեմ ասելու, ինքն արդեն տեւական ժամանակ ձեւ էր ման գալիս իրավիճակից դուրս գալ։ Իրավիճակից դուրս գալու մի քանի ձեւ կա։ Կամ ինքն ամեն ինչ պետք է աներ, որ իրեն ձերբակալեին, կամ մարդկանց տաներ բախման։ Ինքը երկուսն էլ արեց, որի համար ամոթ իրեն, որ մարդկանց տարավ բախման եւ հարձակում իրականացրեց»,- ասաց նա։
Հարցին՝ ուզում էին հարձակվե՞լ ԱԺ վրա, թիրախն ո՞վ պետք է լիներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բոլորը, նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, ոստիկանությունը դա թույլ չտվեց, այդքան բան»։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչի՞ց է ենթադրել, որ շարժման մասնակիցներն ուզում էին հարձակվել ԱԺ շենքի վրա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենց հայտարարություններից»։
«Քաղաքական առումով ես կարծում եմ, որ Բագրատ Գալստանյանը պետք է շատ երկար մնա փողոցում, ինքը պիտի մաշվի փողոցում։ Ինքը մնալու է փողոցում, եւ այն ուժերը, ովքեր իրեն սատարում են, նույնպես մնալու են փողոցում։ Մասնավորապես, կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ մնացած ուժերը՝ քոչարյանական, Դաշնակցությունը։ Իրենք մնալու են փողոցում եւ մաշվելու են հին կոշիկի պես»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ