Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, չմասնակցեց նիստին։ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Նիստը հրավիրվել էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը քննարկելու համար։
«Ինչո՞ւ պետք է մենք ուղերձ ընդունեինք, մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետին եւ գործող կառավարությանը մեծապես վստահում է, եւ նման հարց քննարկելու որեւիցե պատճառ մենք չենք ունեցել եւ չունենք։ ՀՀ քաղաքացիներն են որոշում, ՀՀ քաղաքացիները ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ կգան իրենց քվեարկությունը կանեն, դատավոր կհանդիսանան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջներին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ախր իրենք չեն որոշում՝ մենք շուտ գնանք, ուշ գնանք, ինչքան մնանք, դա որոշում է ՀՀ ժողովուրդը։ Իսկ ՀՀ ժողովուրդն իր որոշումը կայացրել է եւ իրենց չաջակցելով՝ եւս մեկ անգամ վերահաստատում է իր որոշումը»։
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Ընդդիմությունը ուղերձ է ներկայացրել, որովհետեւ իրենք էլ գիտակցում, որ չեն կարող ավելին ակնկալել։ Մենք վախենալու ոչ մի բան չունենք, ուղղակի ինչո՞ւ պիտի ժամավաճառությամբ զբաղվենք եւ սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքը փորձում է արդարացնել իր այստեղ գտնելը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ