Այս տարվա ապրիլին ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը։ Փոխվել է նաեւ օրենքի վերնագիրը, կոչվում է՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք։
«Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենսդրական փոփոխությունները մի շարք կարեւոր դրույթներ են սահմանել։
Գեւորգյանի խոսքով՝ 2017-ին օրենքն ընդունելուց հետո որեւէ փոփոխության չէր ենթարկվել։ «Կանանց աջակցման կենտրոնը» գործնականում առերեսվելով խնդիրների հետ 2020-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթը․ «Ցավոք, այդ գործընթացը շատ երկար տեւեց, ինչի հետեւանքով առաջանում էին բազմաթիվ խնդիրներ ընտանեկան բռնության հետեւանքով տուժած անձանց պաշտպանության հարցում»։ Կենտրոնի առաջարկությունների հիմնական մասը ներառվել է օրենքում։
Քրեական օրենսգրքում էլ ներառվել են դրույթներ եւ ծանրացնող հանգամանքը ավելացվել է մի շարք հոդվածներում, օրինակ՝ ինքնասպանության դրդումը, սեռի հիմքով ֆիզիկական բռնությունը եւ այլն։
Կարդացեք նաև
Օրենքից հանվել է «հաշտեցում» եզրույթը։ Գեւորգյանի ներկայացմամբ՝ միջազգային փորձով՝ ընտանեկան բռնությունն ու հաշտեցումն իրար հետ որեւէ աղերս չունեն․ «Մենք ասում ենք՝ անձերը իրավունք ունեն իրենք իրենց կամքով հաշտության գնալու, բայց պետությունը իրավունք չունի միջամտելու»։
Օրենքում ներառվել է զուգընկեր տերմինը, որը նախագծի հենց սկզբից էլ բազմաթիվ քննարկումների, շահարկումների ու տարակարծիքների առիթ է եղել։
Այսօր, երբ օրենքի համահեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը շահագրգիռ կողմերին ներկայացնում էր օրենսդրական փոփոխությունները, իրավապահների մոտ կրկին զուգընկեր եզրույթի հետ կապված հարցեր առաջացան, թե հրատապ որոշում կայացնելիս իրավապահ համակարգը, ոստիկանը ինչպես պետք է որակավորի, որ տվյալ անձինք զուգընկերներ են, քանի որ մի կողմը կարող է հերքել, թե զուգընկեր են։
«Մենք պայքարում էինք զուգընկեր տերմինի համար, որովհետեւ շատ զուգընկերային հարաբերությունների դեպքում հասնում էինք մինչեւ քրեական գործ հարուցելը, գնում էինք դատարան, բայց գործը չէր որակվում որպես ընտանեկան բռնություն։ Պրակտիկայում ոստիկանը գալիս էր, գործը լսում էր, փոխանցում էր քննիչին, բայց ոստիկանն ասում էր՝ չեմ կարող որեւէ միջոց կիրառել, որովհետեւ ինքը օրենքով չի համարվում ընտանեկան բռնություն։ Շատ դեպքերում գործը տուժել է, քանի որ չի եղել զուգընկեր բառը»։
Ի վերջո, օրենքի համահեղինակները գտնում են, որ այնքան էլ բարդ չէ պարզել՝ զուգընկեր է, թե՝ ոչ, պետք է ուսումնասիրել հեռախոսազանգերը, հաղորդագրությունները, ծանոթների կողմից վկայությունները եւ այլն։
Ըստ նշված փոփոխությունների, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը վերանայվել են, օրինակ եթե բռնությունը կատարվել է սեռով պայմանավորված հիմքով, եթե արարքը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Օրենսդրական փոփոխությամբ՝ արարքը զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից արարքը իրականացրած լինելու հանգամանքը լրացվել է քրեական օրենսգրքի 18 հոդվածներում, օրինակ՝ սպանություն, ինքնասպանության հասցնելը, ինքնասպանության հակելը, ինքնասպանության նպաստելը, առողջությանը ծանր վնաս պատճառելը, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, մարդուն առեւանգելը, հոգեկան ֆիզիկական ներգործությունը, շորթումը, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը եւ այլն։
«Մինչ այս փոփոխությունները, օրինակ՝ եթե սպանությունն իրականացվել է զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից, դա չէ դիտարկվում որպես ծանրացնող հանգամանք, այլ քննությունը վարվում էր սովորական ընթացակարգով, ինչպես անծանոթի կողմից մարդը սպանված կլիներ»,-ասաց Զարուհի Բաթոյանը։
Օրենսդրական փոփոխությամբ ներմուծվել է նաեւ մերձավոր ազգական եզրույթը՝ արարքը մերձավոր ազգականի կողմից կատարված լինելու հանգամանքը լրացվել է 8 հոդվածներում»։
Օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով։ Այս դրույթը կաշխատի 2025 թվականից, քանի որ պետական բյուջեով ծախսեր են նախատեսվելու։
Ինչպես նաեւ, ըստ օրենսդրական փոփոխության, որպես բռնության ենթարկված անձ, դիտարկվում է երեխան, ով ականատես է եղել բռնության կիրառմանը եւ/կամ կրել է այդ բռնության բացասական հետեւանքներն իր վրա։
Քրեական օրենսգրքում նոր կարգավորում է սահմանվել հետամտման համար եւ սահմանվել, թե որն է համարվում անձին հետամտելը։
«Հետամտելը՝ անձին հետեւելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար եւ անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել»։
Իսկ թե ինչու է սա համարվում քրեական հանցանք, Բաթոյանն ասաց՝ սա բռնություն է եւ բռնությունը չի կարող վարչական իրավախախտում դիտարկվել։
Այս հանցագործության դեպքում, օրենքով նախատեսվում է՝ անձը պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ երկու հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Եթե արարքը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ արարքի կատարման հետ, հղի կնոջ նկատմամբ, անչափահասի նկատմամբ կամ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ երեք տարի ժամկետով։
Բացի ներկայացված այս փոփոխություններից եւ լրացումներից, մի շարք կարեւոր փոփոխություններ եւս կատարվել են։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները գտնում են, որ այն կպաստի ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կանանց աջակցման կենտրոնը» 2023 թվականին ընտանեկան բռնության դեպքերով աջակցություն է տրամադրել 1085 կանանց եւ երեխաներին, կենտրոնի թեժ գծին է ահազանգել 3851 անձ, ապաստարանով ապահովել է 265 կնոջ եւ երեխայի, 713 անձի իրավական խորհրդատվություն է տրամադրել։ Կենտրոնի տվյալներով՝ 2023-ին ընտանեկան բռնության դեպքերով 160 դատական նիստեր եւ քննչական գործողություններ են իրականացվել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ