ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար հաջողված նախագիծ է:
Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող վիշապքարը գտնվում է «Մեծամոր»-ի թանգարանի բակում: Այն հայտնաբերվել է Լճաշեն գյուղի տարածքում: Վիշապաքարի հայտնաբերման պատմությունը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը: Ըստ նրա՝ վիշապաքարը գտնվել է Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ․ ջրատար խողովակներ տեղափոխելիս, և հետազոտվելուց հետո բերվել է «Մեծամոր» թանգարան:
Կարդացեք նաև
Հայկական լեռնաշխարհին հատուկ են վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի. դրանք ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։ Վիշապաքարերը գտնվել են հիմնականում լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ: Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ։
Հնադարյան հուշակոթողների ծիսապաշտամունքային նշանակությունը, վիշապաքար բառի ստուգաբանությունը և տեսակները ներկաներին ծանոթացրել է հնագետ /պ․գ․դ.պ/ Աշոտ Փիլիպոսյանը։
Լճաշենի դամբարանի գտածոների, վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։
«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը Հայաստանում անցկացվել է հունիսի 14-16-ը ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլ տեղերում:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ