«Ժողովրդի մեջ պանիկա է, թե Զանգեզուրը տալիս են, քեզ նման տղան, քեզ նման թագավորն մի գրամ հող ինչու՞ պիտի թողա»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպես դիմավորեց Շինուհայր համայնքի բնակիչներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքելով իրեն դիմած բնակչին՝ ասաց․ «Ո՞նց կարա տենց բան լինի։ Իրական Հայաստանի ռազմավարությունը մեր երկրի ինքնիշխանության մասին է։ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա պետք է կենտրոնանանք և մեր խնդիրները էդ տարածքում լուծենք, մնացած խոսակցություններին ընդհանրապես ուշադրություն մի դարձրեք»։
Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով ՀՀ քարտեզը, ասաց․ «Սաղ օրը ձեռքս բռնած ման եմ գալիս։ Կա՞ ստեղ Սյունիք, թե՝ ոչ»։ Հավաքվածներն ասացին՝ կա։
Հետո Փաշինյանը ցույց տվեց՝ էս էլ Արծվաշենն է ու ասաց․ «Բա հարցն ինչո՞ւմ է։ Իմ ասածն այն է, որ ՀՀ-ն սա է։ Մենք պիտի մեր օրինականության սահմաններում կանգնենք։ Գիտենք՝ սա մեր ցանկապատն է, գալիս, մեզ ասում են, չէ՝ էս ցանկապատը չէ, էն էլ է ձերը, էն էլ է ձերը, մենք էլ ոգևորվում, էս ցանկապատից թռնում ենք դուրս։ Ու ով բրդում է մեզ ցանկապատից դուրս, նրա համար է անում, որ մեր պետությունը վերացնեն։ Մենք ասում ենք՝ էս ցանկապատից այն կողմ մենք ոչ մի բանի չենք հավակնում, էս կողմ էլ թույլ չպիտի տանք, որ որևէ բանի հավակնեն։ Պետք է այդ ճանապարհով գնանք։ Դժվարություններ ենք հաղթահարում, պրոբլեմներ ենք ունեցել, բայց այդ ամենը տեղի է ունեցել այս պետության համար։
Կարդացեք նաև
Աշխարհում կան ուժեր, որոնք չեն ուզում, որ այս պետությունը լինի։ Կա երկու ձև՝ ասենք քար ու փետը վերցնենք, ասենք՝ ո՞վ չի ուզում, մյուս ձև էն է, որ խելացի լինենք, ասենք մեր երկրից մի միլիմետր չենք զիջում, ուրիշից էլ հավակնություններ չունենք։ Մենք պիտի պատմություն սովորենք, այսօր կենտրոնանում ենք այս երկրի վրա՝ 29743 քառակուսի կիլոմետր է»։
Հավաքվածներից մեկը հարցրեց՝ առանձին, որ բռնել է ձեռքին, ո՞րն է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Էդ առանձինը Արծվաշենն է, որը կպցրած չի կարող լինել, որովհետև էքսկլավ է եղել։ Իր ու մեր միջև տարածք կա՝ Ադրբեջան։ Անկլավների ու էքսկլավի թեման էլ է սահմանազատման գործընթացում․ առանձին կքննարկվի։ Իմիջիայլոց, որ գնացել էի Ճակատեն, Ոսկեպարի ցանկապատը, որ ցույց տվեցի, Ծավի, Ճակատենի ժողովուրդն էլ ասում են՝ մենք էլ ենք ուզում սենց սահման լինի։ Հասկանալի է, քանի որ նորմալ, քաղաքակիրթ, պետական սահման է։ Ու պիտի գնանք սահմանազատման գործընթացում այ սա ֆիքսելու համար։
Այն տեղերը, որտեղ սահմանազատված չէ, պիտի սահմանազատում անենք, որտեղ առաջ ենք, հետ գանք, որտեղ իրենք են առաջ, իրենք հետ գնան։ Պետք է գիծը գծվի։ Էնտեղ, որտեղ խոշոր կտորների մասին կլինի խոսքը, կարող է լինի գաղափար՝ 100 մ² դուք մեզ տվեք, 100 մ² մենք ձեզ տանք։ Էդ էլ մենք չենք կարա անենք։ Եթե լինեն նման թեմաներ, պետք է հանրաքվե լինի։ Դուք եք որոշում՝ տենց բան լինի՞․ ուզում եք, ուզում եք, չեք ուզում, չեք ուզում։
Մենք հիմա պետք է ճիշտ արձանագրենք․ Ադրբեջանի հետ նոր սահման չենք ձևավորում, ԽՍՀՄ փլուզման պահին սահմանը վերականգնում ենք։ Էս սկզբունքը շատ կարևոր է, որովհետև հիմա մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղից անցնում է։ Կիրանցում մի քանի տների հետ կապված խնդիր ունեցանք, բայց մենք չենք ուզում շեղել, քանի որ էս կոնստրուկցիան մի տեղ քանդես, բոլոր տեղերը քանդվելու է։
Մենք անում ենք մի բանի համար, որ թոռանդ վերցնես, գնաս քո հեկտարով այգիները մշակես, հարսանիք անես, թոռանդ հյուրանոցի բացումն անես, արտադրամասի բացումն անես։
Մի քիչ կարող է սրում եմ, բայց մի մթնոլորտ է ստեղծվել, որ ՀՀ-ում ապրել ենք, որ անընդհատ տառապենք, գոյատևենք, ասում ենք՝ հերիք է, ու դա ինչով են արել մեզ՝ ասելով, որ այս ցանկապատը չէ ձերը, քանդեք, դուրս եկեք, արել են, որ էս էլ կորցնենք, որ պետություն չունենանք։ Ես ասում եմ՝ մենք պետություն ունենալու ենք, ու մեր պետությունը հարատև պետք է գոյություն ունենա։ Ընդ որում, մենք պետք է կենտրոնանանք սրա վրա, ու սա ձև չպետք է լինի։
30 տարվա պետություն ենք, եկեք մեր դպրոցները, մանկապարտեզները, մեր ճամփեքը նայենք․ վեց տարի է՝ սարքում ենք, հլը չի երևում դրա արդյունքը։ Որ ճամփեն դուրս ես գալիս, հլը քանդված է։ Սա մարդկանց համար երկի՞ր է, թե մարդիկ են երկրի համար, որ տառապեն։ Գոյատևելու ժամանակները պրծան, եկել է ապրելու ժամանակը։ Իմ առաքելությունը դա եմ համարում։ Այո, տենց եմ ասել, էդ էլ է շատ կարևոր»։
Նիկոլ Փաշինյանն արդարացավ, թե ոչ մեկ չի կարող ասել, որ ինքը ջանք չի գործադրել ու վստահեցրեց՝ ինչ հնարավոր է, արել է․ «Պետք է մեր անցած ճանապարհից հետևություն անենք։ Ֆիթ են մեզ տալիս կողքից, մեր հարևանների հետ թշնամացնում, որ իրենք մեր ձեռքերով շագանակներ հանեն։ Հերիք եղավ, բոլ եղավ․ խի՞ պիտի թողնենք, որ ուրիշները օգտագործեն մեզ ուրիշների դեմ։ Մենք ստեղ ենք ապրելու, չենք կարող ՀՀ-ն վերցնենք, գնանք Ավստրալիա։ Ինչ անենք, չանեք մեր հարևաններն են, բա մենք մեր հարևանների հետ չկարողանա՞նք հարց լուծել։ Ամեն անգամ ուրիշ տեղից գնանք մարդ բերե՞նք։ Մեկ, երկու, երեք, չորրորդ անգամ կասեն՝ սպանեցիք, մենք մեր դարդն ունենք, կարո՞ղ է մեր գործերը թողած գանք ձեր չափառների հարցը լուծենք։ Մենք կլուծենք մեր չափառների հարցը։ Այս հարցում ձեր աջակցությունն է ինձ պետք։
Էսօր ոչ պլանավորած էր, ոչ ինչ, տեսա՝ մարդիկ են, նստած են, ասացի՝ կանգնեք, բարևեմ, գնամ։ Եթե իմանամ՝ վատ բան եմ անում, ասում են՝ դավաճան, ձեր աչքերի մեջ ո՞նց կնայեմ։ Այնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում և ձեր համար եմ անում, որովհետև գիտեմ, որ սա բեռ է, ես պետք է տանեմ, տեղ հասցնեմ հանուն նրա, որ թոռնիկի հետ ոչ թե էնտեղ գնալու լինես, այլ քո տունը, ամեն անգամ Հալիձոր մտնելուց տեսնենք՝ փոխվել է։ Սա է մեր տրամաբանությունը»։
Կողքից հուշեցին, որ Շինուհայրում է, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ինչ տարբերություն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ