ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, հունիսի 17-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 47 քրեական վարույթ, որոնց մի մասը միացվել են ընդհանուր վարույթներում։
Հիշյալ քրեական վարույթները նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ատելության քարոզ կատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու, դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ցուցարարների կողմից ապօրինի սառը զենք կրելու, ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով լրագրողին վրաերթի ենթարկելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, ինչպես նաև ակցիայի մասնակիցների և դպրոցականների միջև տեղի ունեցած վիճաբանության, ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, դանակի գործադրմամբ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանություն կատարելու և ոստիկանությանը պատկանող ավտոբուսի անվադողը վնասելու, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց խուլիգանություն կատարելու, ԵՐևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու և այլ դեպքերի առթիվ։
Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 58 անձի նկատմամբ։ Նրանցից՝
Կարդացեք նաև
- 28 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը),
- 17 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236–րդ հոդվածի 2–րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը),
- 3 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելը),
- 2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, կամ հարմարեցված առարկայի, կամ միջոցի գործադրմամբ, կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը),
- 2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),
- 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1–ին մասով (խուլիգանություն կատարելը),
- 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3–րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը),
- 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),
- 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը),
- 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43–419–րդ հոդվածի 1–ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն),
- 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 10-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 14-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1–ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 3 անձի վերաբերյալ, կալանքի հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու որոշում է հանձնվել ոստիկանությանը։
6 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Դրանցից՝
- 4 քրեական վարույթ՝ ընդհանուր 14 անձի վերաբերյալ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով։
- 2 քրեական վարույթ՝ 2 անձի նկատմամբ՝ պաշտոնատար անձի, տվյալ դեպքում ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելու մեղադրանքով։
Մեկ քրեական վարույթ կարճվել է, մյուսներով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե