Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակին` ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը, նշելով, որ վերջին տարիներին Հայաստանը բարդ մարտահրավերների առջեւ է կանգնած, բարձր է գնահատել Ավստրիայի ցուցաբերած աջակցությունը մեր երկրին: Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել այս տարվա ապրիլին Ավստրիայի խորհրդարանի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման եւ փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես` կանաց եւ երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձեւի համար: Նա կարեւորել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում` համարելով այն հարաբերությունների ամրապնդման հարցում կարեւոր գործոն:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը հյուրին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարյուր հազարավոր հայերի խախտված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին` Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի կառավարության ջանքերով կարճ ժամանակահատվածում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են ապահովելու մեր հայրենակիցներին նվազագույն պայմաններով: Նա կարեւորել է այս հարցում նաեւ միջազգային հանրության աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերիների անհապաղ ազատ արձակման հարցին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կարեւորել է նմանօրինակ հանդիպումներն ու համագործակցությունը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդրին` Նիկոլաուս Շերակը նկատել է, որ տեսանելի են Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:
Նշելով, որ համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունն օրվա հրամայական է` Ռուստամ Բաքոյանը Նիկոլաուս Շերակին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` ընդգծելով, որ այն կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսության բանակցություններին` հանձնաժողովի նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ այս հարցում Ավստրիան իր աջակցությունը կցուցաբերի:
Խաղաղության հաստատման հարցում երկուստեք կարեւորվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը:
ԱԺ