«Այս պահին ինչ-որ բան ասել չեմ կարող, նախ չկա էլ ինչ որ բան, որ հայտնեմ․ գործին ընթացք կտրվի, ըստ այդմ կերևա»,- Aravot.am-ի հարցին՝ ամուսնուն՝ որպես տուժող ճանաչե՞լ են, որևէ գործընթաց կա՞, այսպես պատասխանեց հունիսի 12-ին ոստիկանության կիրառած նռնակի հետևանքով ձեռքի մի քանի մատները կորցրած 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրան։
Նշենք, որ Եսային ծառայել է Եղնիկների մոտակայքում գտնվող Տոնաշեն գյուղի դիրքերում:
Հետաքրքրվեցինք՝ այս պահին ինչպե՞ս է ամուսնու առողջական վիճակը, Նաիրա Սահակյանը պատասխանեց․ «Ձեռքի մատնեմատը և ճկույթը կան, միջնամատն ամբողջությամբ պայթյունի պատճառով ամպուտացվել է:Ցուցամատը և բութ մատը փորձել են հավաքել, բայց կենսունակության՝ վերականգնվել-չվերականգնվելը դեռ հարցականի տակ է։ Որոշակի ժամանակ է պահանջվում, որ վերքերը մի քիչ լավանան, հետո հնարավոր է՝ երկրորդ վիրահատության կարիք լինի։ Երկար գործընթաց է լինելու․ մի քանի ամիս։ Այս պահին հիվանդանոցում է»։
Նշենք, որ ՔԿ-ն դեռ որեւէ հայտարարություն չի տարածել ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների ու բռնության հետեւանքով տուժած քաղաքացիներին տուժող ճանաչելու, որեւէ ոստիկանի մեղադրանք առաջադրելու մասին:
Կարդացեք նաև
Ի դեպ, Բագրատ սրբազանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ «Մինչև երեկ գիշեր, այսինքն` արդեն 4 օր, դատական բժիշկ չի այցելել հունիսի 12-ի տուժածներին, հիմա սա հանցագործությու՞ն է, թե՞ չէ… Ես վստահ եմ, որ իշխանության բուրգի գլխին նստած ստախոսից է հրահանգը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ