Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության դեմ ձայնագրություններ են հրապարակում, բա ինչո՞ւ պատկան մարմինները չեն գործում, երբ ՔՊ-ն է վարչական ռեսուրս կիրառում»․ Արթուր Չախոյան

Հունիս 17,2024 13:16

Դատապարտելի է, որ իշխանությունն այսօր հետապնդում է ընդդիմությանը, այն դեպքում, երբ ՔՊ-ն է նախընտրական քարոզարշավների եւ հանրահավաքների ժամանակ վարչական ռեսուրս կիրառում, որը իրավական գնահատականի չի արժանանում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Վերջին օրերին ես անընդհատ հարցադրում եմ անում՝ լավ, մենք ընդդիմություն չունե՞նք, որ բերանը ջուր առած նստած է եւ այդ փաստերը չի հիշեցնում»,- ասաց Չախոյանը։

Արթուր Չախոյանը 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում բազմաթիվ փաստեր էր ներկայացրել, թե ինչպես էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործի դրել վարչական ռեսուրսը։ Մեծ աղմուկ էր հանել նրա հրապարակած այն տեսանյութը, ըստ որի՝ Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի անցկացրած հանրահավաքին մասնակցել էին պետական հաստատությունների՝ մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների մեծ թվով աշխատակիցներ։

Այս բացահայտումները, սակայն, որեւէ հետեւանք չունեցան։ Իսկ այսօր իրավապահները գործեր են հարուցում ընդդիմադիրների նկատմամբ՝ ներկայացնելով, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցելու համար մարդիկ են հավաքագրվում։

Ըստ նրա՝ տեսանելի է, որ իշխող ուժը հետապնդում է ընդդիմությանը, բայց միաժամանակ, թե ընդդիմությունը, թե ժողովուրդը, թե իշխանությունը մոռանում են, որ մի քանի ամիս առաջ հենց իշխանությունն էր հավաքներին մասնակցելու համար վարչական ռեսուրս կիրառում։ Բացի Նոր Նորք վարչական շրջանի դեպքերը, Արթուր Չախոյանը հիշեցնում է նաեւ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Էրեբունի վարչական շրջանից մեկնարկած քայլերթը։

«Երբ Էրեբունի վարչական շրջանից քայլերթով գնացին դեպի Երեւանի քաղաքապետարան, այնտեղ նույնպես վարչական ռեսուրս էր օգտագործվել, նույնիսկ հնդիկներ էին եկել այդ երթին։ Իսկ Նոր Նորքի հանրահավաքի օրը Գայի արձանի մոտ ժողովրդի 99 տոկոսը մանկապարտեզների եւ այլ պետական կառույցների աշխատակիցներ էին։ Իմ կողմից նաեւ բացահայտում եղավ 4-րդ գյուղում, երբ ես մտա ՔՊ-ի շտաբ եւ արձանագրեցի, որ ՔՊ-ն ցուցակագրում էր անում։ Եվ ինձ այնտեղից անօրինական ձերբակալեցին, որպեսզի ծածկադմփոց անեն։ Այսինքն՝ իշխանությունն օգտագործում է վարչական ռեսուրս եւ այդ ամենի համար դատապարտում է ընդդիմությանը, ինչը օբյեկտիվ չէ»,- ասաց նա։

Արթուր Չախոյանի խոսքով՝ հայ հանրությունն այսօր մոլորված է, չի հասկանում՝ ինչ գործընթացներ են երկրում։ Այդ պատճառով մարդկանց մի մասը չի մասնակցում իշխանության դեմ ցույցերին։ «Բայց եթե ստեղծվի իրավիճակ, որ միաժամանակ եւ իշխանությունը հանրահավաք անի, եւ ընդդիմությունը, ես վստահ եմ, որ ընդդիմության մոտ ավելի շատ մարդ կհավաքվի, քան իշխանության մոտ՝ առանց վարչական ռեսուրս կիրառելու»,- հավելեց նա։

Անդրադառնալով ոստիկանների միջոցով ցուցարարների վրա գործադրվող ճնշումներին՝ Արթուր Չախոյանն ասաց․ «Վերջերս ինձ ձերբակալել էին պրոթուրքական կուսակցության համագումարում իրազեկման ակցիա անելու համար։ Այդ կուսակցության հիմնադիր անդամը հարվածել էր ոստիկանին, բայց նրան մինչ օրս չեն ձերբակալում, բայց ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած կամ Բաղրամյան փողոցի դեպքերով քաղաքական հետապնդման են ենթարկում մարդկանց։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ինչ կատարվում է ընդդիմության կողմից, իշխանության կողմից դատապարտելի է։ Ես իշխանության այս քայլերը դատապարտում եմ։ Հիմա հեռախոսազրույցի ձայնագրություններ է հրապարակում քննչական մարմինը, բա ինչո՞ւ պատկան մարմինները չեն գործել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Մենք հստակ տեսնում ենք, որ կողմնապահություն կա, օբյեկտիվություն չկա, դա դատապարտելի է»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930