Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մենք Եռաբլուրի առջեւ ամոթով, ներքին մեծ ցավով ենք կանգնած»․ Բագրատ սրբազան

Հունիս 17,2024 13:08

«6-րդ տարին է լրացել Իգոր Մուրադյանի՝ այս աշխարհից մեկնումի։ Մեր մտքերն անընդհատ հետ են գնում 1988 թվականը․ թվում էր, ոչինչ չի պատահել մեր տարածաշրջանում, երկրում, կյանքում, հանկարծ մթնոլորտը պայթեց արցախյան ազատամարտի այն առաջին սերմերով, որի հիմնադիրներից մեկը Իգոր Մուրադյանն էր։ Մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց այդ ազատամարտին, պայքարին եթե ոչ գործնական առումով, ապա գաղափարապես՝ դառնալով այդ ազատամարտի սիմվոլներից մեկը։ Դժբախտաբար, այդ ամբողջ պատմությունն ու կենսագրությունն այսօր գողացված իրականության մեջ է։ Սակայն երբեք էլ մեզ համար նահանջի, ընկրկումի ճանապարհ չի կարող լինել, քանի որ այսօրվա ողջ աղետը, դժբախտությունները մեզ համար վերականգնումի հիմք պետք է դառնան»,- իր խոսքում ասաց Բագրատ սրբազանը։

«Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով ենք կանգնած։ Ես անձնապես այդպես եմ զգում։ Ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա երբեք չի նվազեցնում մեր սիրելի հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը։ Ընդհակառակը, այդ հաղթանակի տեսիլքը փոխանցվում է մեզ այնքանով, որքանով կամք, հավատարմություն ունենք, նաև հավատք ունենք և շարունակելու այդ հաղթանակի տեսիլքը ամբողջացնելու և վերստին իրենց ընծայելու համար»,- շարունակեց նա՝ հավելելով, որ սրբազան պայքարը մեզ տանելու է դեպի ճշմարտության հաղթանակ։

 

«Դուք մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք․ սա անընդհատ, ամեն մարդու ուղեղի մեջ պետք է լինի։ Ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։ Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք»,- ասաց սրբազանը՝ դիմելով զոհվածների ծնողներին եւ հորդորեց՝ օրհնեք մեզ, որպեսզի գա այն օրը, որպեսզի էլ ամոթով չմտնենք Եռաբլուր, կարողանանք բաց աչքերով նայել մեր տղաներին, իրենց առջև ծնկի գալ ու ասել՝ «Ձեր առջև ուխտ կնքած, հավատարմության երդում տված լինելով, ինչ-որ չափով կարողացանք ձեր ճանապարհի հաղթանակի և երազի տեսիլքը վերադարձնենք առաջինը ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930