Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն անհանգստություն է հայտնել ադրբեջանական դատարանի կողմից Abzas Media-ի հակակոռուպցիոն հետաքննություն իրականացրած 6 լրագրողների նախնական ազատազրկման ժամկետի երկարաձգման առումով։
Ադրբեջանի ներպետական դրությունը վերածվել է ձեռնաշղթաների կույտի, որի միջից արդեն դժվարությամբ են լսվում ազատ խոսքի և մամուլի, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրները։ Նախագահական վերջին արտահերթ ընտրությունն իր «անսպասելի» արդյունքով դարձավ այն վերջնակետը, որով փակվեցին բոլոր տեսակի ազատությունների հնարավորություններն Ադրբեջանում։
Ադրբեջանը մարդասիրական և քաղաքակրթական փաթեթավորումներ է տալիս իր գործած ներքին և արտաքին հանցանքներին և տարաբնույթ մեղադրանքներով չեզոքացնում բոլոր նրանց, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում առկա անօրինությունների դեմ։ Սակայն խնդիրները առավել քան խորքային են, քան դրանք թվում են և փոխկապակցված են ակնհայտ կամ աներևույթ կապերով։ Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի արձագանքն իհարկե ողջունելի է, սակայն արդյո՞ք լրագրողական էթիկայից չի բխում ատելության խոսքի և անհանդուրժողականության տարածման արգելքը, մինչդեռ ադրբեջանական մեդիադաշտը ողողված է հակահայկական այնպիսի թեզերով և ռասիզմի այնպիսի աստիճանով, որի ազդեցությամբ ադրբեջանական հասարակությունը վերածվել է ահաբեկչական հանցախմբի՝ պատրաստ ոչնչացնելու ամենայն հայկականը։ Ադրբեջանական մամուլը «ցանկալի» լույսի տակ է լուսաբանել ինչպես պատերազմական գործողությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը, ինչը չափազանց հեռու է անաչառության սկզբունքից։ Հետևապես ադրբեջանական մեդիան ոչ այլ ինչ է, եթե ոչ ադրբեջանական բռնապետության հիմքերից մեկը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեին ուշադրություն դարձնել ոչ միայն Ադրբեջանում լրագրողների ֆիզիկական անվտանգության խնդիրներին, այլև Ադրբեջանում լրագրության իրացման սկզբունքներին։
Կարդացեք նաև
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն