Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածված ձայնագրության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և անհնազանդության ակցիաներին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց:
Մասնավորապես, մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն Վ.Դ.-ի օժանդակությամբ 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։
Գ.Վ.-ն և Վ.Դ.-ն ձերբակալվել էին, նրանց ներկայացվել են մեղադրանքներ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Կարդացեք նաև
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք, դատարանի որոշումներով, բավարարվել են, և նշված անձինք կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է: Նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե